Երաժշտական եռանկյունի

Էվա Ոսկանյան՝ թատրոնի երաժշտություն․ «Երաժշտական եռանկյունի»

Մենք առիթներ ենք ունեցել ներկայացնելու Էվա Ոսկանյանին՝ որպես տաղանդավոր երգահանի և երգչուհու, անդրադարձել ենք նրա ստեղծագործական զարգացման փուլերին, երաժշտական նախընտրություններին և, ի վերջո, ուրույն կատարողական և ստեղծագործական ինքնադրսևորումներին:

Բայց թատոնում նրա աշխատանքին անդրադառնալու անհրաժեշտությունը հասունացել է տարիների ընթացքում՝ մեկ տասնյակից ավելի ներկայացումներում  նրա մասնակցությամբ:

«Իմ մուտքը թատրոն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ, լինելով Էլբակյանների թատերական գերդաստանի մասնիկ, ինքնաբերաբար ներգրավվեցի նրանց ստեղծագործական աշխարհում՝ սկզբից ստանալով փոքր դերեր, իսկ ժամանակի ընթացքում հնարավորություն ստացա իմ երաժշտական ստեղծագործական ձիրքը դրսևորելու և՜ որպես գործիքավորող, և՜ որպես կատարող, և՜ որպես կոմպոզիտոր»,-ասում է Էվա Ոսկանյանը:

Երևանի խամաճիկների թատրոնն իր ուրույն տեղն ունի մայրաքաղաքի թատրոնների խճանկարում: Առանձնանում է ոչ միայն նրանով, որ միակն է որպես ժանրի ներկայացուցիչ, այլ իրեն հատուկ մտերմիկ «ընտանեկան» մթնոլորտով, գունեղ ներկայացումներով և ընդգծված երաժշտականությամբ:

Թատրոնի հարուստ խաղացանկից Էվա Ոսկանյանն առանձնացնում է այն ներկայացումները, որոնց համար կատարել է ամենատարբեր աշխատանքներ՝ սկսած երաժշտական ձևավորումից, մինչև հեղինակային երաժշտություն ստեղծելը:

Մանկական խաղացանկ ունեցող թատրոնները ունենում են ավանդական թեմաներ, որոնք կապված են Ամանորի տոնի հետ, և «Լապլանդիա» ներկայացումը ստեղծվել էր հենց այդ տրամադրությամբ: Հայտնի գրական սյուժեներ, հեքիաթներ, ինչպես նաև հայկական դասական և ժամանակակից հեղինակների պիեսները և բեմականացումները Խամաճիկների թատրոնի խաղացանկի այսօրվա այցեքարտն են հանդիսանում:

Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը ներշնչված էր դասական սյուժեով և պահանջում էր երաժշտական երևակայության նույնանման թռիչքներ, գունեղ պատկերներ և անսպասելի լուծումներ: Հաջորդը Մետերլինկի «Կապույտ թռչուն» հայտնի պիեսն է, որտեղ Էվա Ոսկանյանը ստեղծել է յուրաքանչյուր խորհրդանշական կերպարին համահունչ երաժշտական պատկեր:

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ի բեմականացումը, որը նույնպես հարուստ է ամենատարբեր երևակայական կերպարներով և իրադարձություններով, կոմպոզիտորի համար ստեղծագործական մեծ հնարավորություններ է ստեղծել: Դասական գրականությանը թատրոնն անդրադարձել է «Շունն ու կատու» և «Թոմ Սոյեր» բեմադրություններով, ուր հայկական և ամերիկյան թեմաները նույնպես պահանջում էին կոմպոզիտորից ստեղծագործական ճկունություն և հնարամտություն:

«Գտնված երազ» և «Գծից այն կողմ» ներկայացումներում Էվա Ոսկանյանը հանդես է գալիս որպես գործիքավորող և ներկայացումների երաժշտական ձևավորումների հեղինակ: Ավելին, «Գծից այն կողմ» ներկայացման մեջ Էվան հանդես է գալիս նաև որպես դերասանուհի և երգերի կատարող: Հաղորդման ընթացքում հնչում են վերը նշված ներկայացումների երաժշտական հատվածները:

Back to top button