Երգով, ճիպոտով ու կալանավայրից ուղերձով․ ինչպես են պայքարում քաղաքական ուժերը


Բակային հանդիպումներ, հեռակա սոցցանցային բանավեճեր, նոր խոստումներ, նույնիսկ սպառնալիքներ, նաև՝ երաժշտական նոր կատարում․․․ 6 օր առաջ մեկնարկած քարոզարավն, ըստ էության, ավելի ակտիվ փուլ է մտնում։
Ապրելու համար ամենալավ մայրաքաղաքը կառուցելու համար «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն երաժշտական կատարմամբ երևանցիներից ժամանակ ու մի քիչ էլ համբերություն է խնդրում։
Համբերությամբ զինվելու կոչ է անում նաև մարդամոտ քաղաք խոստացող «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը ու շտապում սոցցանցերում կիսվել «Վիկտորի հերթական պլանով»՝ արգելել մայրաքաղաքի փոքր կենտրոնում ցերեկային և երեկոյան ժամերին առաքում իրականացնել։
Քարոզարշավը շարունակվում է նաև սպառնալիքներով․ մինչև այսօր առավելապես սոցիալական ցանցերում և հարցազրույցներով իր մասին պատմող «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը երևանցիների հետ բակային հանդիպումներում խոստանում է․


«Աշխատողներին ճիպոտով կաշխատացնեմ․․․ Կարևորն այն է, որ գործ անեն, եթե չեն անում, պիտի ասես եկեք էս կողմ ես կանեմ․․․ Ես ձեզ խոստանում եմ՝ ես գալու եմ ու տեր լինեմ այս քաղաքին, ոչ թե անտեր թողնեմ ով ինչ ուզում է աանի։ Ես խոստանում եմ տեր եմ լինելու յուրաքանչյուր փողոցին ու շենքին, յուրաքանչյուր երևանցու իմ հոր ու մոր նման եմ նայելու, յուրաքանչյուր երեխային էլ իմ երեխային հավասար դիտարկեմ»,– ասում է Երվանդ Թարվերդյանը։
Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժի՝ «Ուժը հայրենյաց–ի քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանն էլ խոստանում է՝ նույնիսկ սեփական երեխաների բարօրության հաշվին պայքարել ու աշխատել հանուն մայրաքաղաքի։
«Ես իմ գործն արել եմ, երկիրս փայլուն ձևով ներկայացրել եմ, կապեր եմ ձևավորել, որոնք իմ երկրին են ծառայել, իսկ այսօր պատրաստ եմ իմ երեխաների հարմարավետության հաշվին, իմ առողջության հաշվին միանալ բոլորին ու ծառայել իմ քաղաքին»,– ասում է Հարությունյանը։
Քարոզարշավը նաև հեռակա ու սոցցանցային բանավեճերով է ընթանում․ «Արդար Հայաստանը» իշխող ուժին տարիներ առաջ տված խոստումներն է հիշեցնում, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու «Քաղաքացիական պայմանագիրն» էլ տեսանյութերով արված– չարվածի մասին են բանավիճում։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հերթական տեսանյութն է հրապարակել, որում պատմում է աղբահանության լուծված խնդրի մասին, իսկ Մարությանը խնդրում է՝ գոնե այս անգամ իրեն տեսանյութից չհեռացնել։


Քարոզարշավի հերթական օրը Նուբարաշենի աղբավայրից է սկսել «Լուսավոր Հայաստանն» ու արձանագրել՝ անխուսափելի է նոր աղբավայրի կառուցումը։ Երևանցիների խնդիրները դժվար է մեկ միասնական ծրագրում ներառելը, դրանք բազմազան են․ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը խոստանում է՝ շրջելու, այցելելու ու լսելու են նույնիսկ ամենափոքր թաղամասերի բնակիչներին։
«Բնակիչները չունեն մեկ հիմնական բարձրացրած խնդիր, թաղամաս առ թաղամաս հարցերը տարբերվում են։ Մենք հիմա սեփական տների թաղամասում ենք, ու այստեղ բոլորովին այլ խնդիրներ են, ինչ որ կա բարձրահարկ շենքերի թաղամասում։ Եկել ենք մարդկանց լսելու ու նրանց խնդիրներին լուծում տալու»։
Հանգստյան օրերին բակային հանդիպումները շարունակել է նաև իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն։ Ավինյանն անկեղծանում է՝ ամենալավը հենց բակում խաղացող երեխաները գիտեն՝ ինչ պետք է ասեն, որ իրենք անեն։


«Գրեթե բոլոր բակերի երեխաները մեզ հանձնարարություն ունեն․ մենք մեզ համար արդեն ֆուտբելի 14 հատ դաշտ ենք առանձնացրել, որ պետք է խոտածածկ ունենան։ Եվ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր երեխաներին, որոնք ամենապահանջատերն են ու ամենալավը գիտեն, թե իրենց ինչ է պետք»,– ասել է Ավինյանը։
Բակերով շրջել ու երեխաների պահանջատիրության փոխարեն վատ տրամադրություններ է արձանագրել «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն։ Նորիկ Նորիկյանը վստահ է՝ երևանցիները արժանի չեն անտրամադիր լինելու։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում շրջելով Երևանի տարբեր վարչական շրջաններում մենք ականատես ենք լինում համատարած հուսալքության, հուսահատության, հիասթափության ու անտարբերության, մեր քաղաքացիները հոգեպես ջարդված ու ընկճված են մեր քաղաքացիները ուղղակի արժանի չեն այսպիսի տրամադրություն ունենալու։ Լրջագույն խնդիրներ կան կապված աղբահանության, բակերի բարեկարգման, փողոցային առևտրի ու ասֆալտի հետ»։
Մինչ 13 քաղաքական ուժերը շարունակում են հանդիպել ընտրողների հետ, խոստումներ տալ ու համոզել սեպտեմբերի 17-ին հենց իրենց օգտի քվեարկել, համար1 քվեաթերթիկով հանդես եկող «Հանրային ձայն» կուսակցությունը ահազանգում է՝ ավելի քան 5 ամիս կալանքի տակ գտնվող քաղաքապետի իրենց թեկնածու Արտակ Գալստյանը զրկված է ընտրողների հետ հանդիպելու ու քարոզչական գործիքներից օգտվելու հնարավորությունից։ Գալստյանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից է դիմել երևանցիներին ու սպասվող ընտրությունները համեմատել Սարդարապատի հերոսամարտի հետ։ Սա հայ և մարդ մնալու ընտրություն է։ Ի տարբերություն Սարդարապատի՝ այս կռվի զենքը գրիչն է, որի թիրախում քվեաթերթիկն է՝ ասել է քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանը։