

Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանը թիրախավորել է երիտասարդ հայ մարզիկների։ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող ուսանողների խմբից Բաքվի ուժայինները հերթական անգամ Արցախի քաղաքացիների են առևանգել։ Արցախի տեղեկատվական շտաբն ի սկզբանե հայտնում էր Լաչինի անցակետից առևանգված մեկ քաղաքացու, ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երեք ձերբակալվածի մասին։ Ավելի ուշ մանրամասներ ներկայացրեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա փոխանցմամբ՝ Օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց հերթական տեղափոխումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։
Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։
Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։
Այս պահի դրությամբ Ստեփանակերտի հրապարակում հանպատրաստի հավաք է։ Ադրբեջանցիների կողմից երիտասարդ ֆուտբոլիստների առևանգման լուրը ստանալուց հետո արցախցի տղամարդիկ որոշել են, որ այլևս լռելու իրավունք չունեն։ ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի առաջարկով՝ պետք է հավաքվեն և քննարկեն հետագա անելիքները։
«Սա արդեն վերջն է։ Այդ երեխաների տարիքը, եթե հաշիվ ես անում, 20 թվին նրանք զինվոր են եղել։ Զինվորների ամբողջ աշխարհում չեն դատում, բայց Ադրբեջանի ներկա իշխանությունը թքած ունի նաև նման բաների վրա։ Ես այս պահին արդեն լռելու տարբերակ էլ չկա»։
Արցախում կասկածում են, որ Ադրբեջանի ներկայացրած պաշտոնական հաղորդագրությունը համապատասխանում է իրականության։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքի անցակետից 3 հայ երիտասարդները ձերբակալվել են «Ադրբեջանի դրոշը պղծելու» համար։ Ըստ հայտարարության՝ հաշվի առնելով գործով մեղադրյալների տարիքը, Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, միևնույն ժամանակ Ադրբեջանի դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, ովքեր վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»։
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, թե այդ երիտասարդները 10 օր կմնան անազատության մեջ, ապա կարտահանձվեն Հայաստան, սակայն չեն ունենալու Արցախ վերադարձի իրավունք։
Մինչդեռ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը սոցցանցում գրառումով հորդորել է ճիշտ հասկանալ Ադրբեջանից եկող ազդակները․
«Մենք չենք ուզում հասկանալ Ադրբեջանի հայատյացության մակարդակը, մենք ոչինչ չհասկացանք, երբ Կարմիր Խաչի ձեռքից առևանգեցին Վագիֆ Խաչատրյանին, մենք չենք հասկանում, որ Ադրբեջանը մեզ բոլոր առումներով քայքայելու քաղաքականություն է վարում, մենք չենք հասկանում, որ գերբի, դրոշի ու անկախության հռչակագրի մեջ խնդիրներ գտնելու փոխարեն պետք է աշխատել անդադար ու անհոգնել թե’ դիվանագիտական, թե’ ռազմական ու թե’ տեղեկատվական հարթակներում, քանի որ Ադրբեջանի ախորժակը մենակ բացվում է… Մենք չհասկացանք, որ երբ ՀՀ իշխանությունները որդեգրում են կենսական իրավունքներից հրաժարվելու քաղաքականությունը, դա ոչ միայն չի կանխում պատերազմը, այլ արագացնում է մեր անկումը»։
Հակարիի կամրջին ադրբեջանական սադրանքը ստվերեց դեպքից ժամեր առաջ Արցախում տեղի ունեցած մեկ այլ միջադեպ։ Արցախի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրեց, որ գիշերը ժամը 3–ի սահմաններում ԱՀ նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Ոչ ոք չի տուժել, Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացի։
Իրադարձությունների այս շղթայում նվազագույն հնչեղություն ունեցողը թերևս այն է, որ Արցախի պետական ինստիտուտներից մեկը առաջինը լուծարվեց Ֆեյսբուքում։ Այս սոցիալական ցանցը ջնջել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով: Այս ամենը հիբրիդային պատերազմի մաս է համարում իրավագետ Արտաշես Խալաթյանը։
«Իհարկե, այս ամեն ինչը մեկ խճանկարի առանձին տարրեր են։ Նպատակն է՝ Արցախում ստեղծել անտանելի մթնորոլտ, որ այո, հերթը հասնի հումանիտար միջանցքի խնդրարկմանը և ամբողջ արցախահայությունը դուրս գա Արցախից։ Այսինքն՝ դա կստացվի բռնի տեղահանություն։ Դրա համար նախ և առաջ պետք է վախի մթնոլորտ տարածել։ Առևանգումը Ադրբեջանի համար շատ հարմար միջոց է։ Դրան զուգահեռ Հայաստանի իշխանությունների վրա ճնշումը գործադրելու համար պետք է ներքին լարում մտցնել նաև Հայաստանում։ Արցախում քաղաքական իշխանության հիմքերը խարխլելու համար պետք է խժդժություն մտցնել Արցախում և այդ ամենի համատեքստում հայկական երկու կողմերին բերել Ադրբեջանի տեսանկյունից կոնստուկտիվ դաշտ»։


Ուշագրավ է, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ներքաղաքական կյանքի լարման ֆոնին են, երբ որոշ ուժերի կողմից պարբերաբար հնչում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջը։ Խալաթյանը իրավական տեսանկյունից այս պահին Արցախում նման պահանջները խնդրահարույց է համարում։
«Արցախի իշխանության գլխատումը այս կամ այն կերպ հանգեցնելու է Արցախի պետական համակարգի կազմաքանդման, ինչը թույլ կտա զրկել Արցախին իր ինքնորոշման համար պայքարում ամենակարևոր կռվաններից մեկից՝ օրինական, դեմկորտական իշխանական համակարգից»։
Հենց Արցախում իրավիճակը ավելի սուր է՝ խորացող հումանիտար ճգնաժամի ֆոնին։ խոսում են պատերազմի պատասխանատվության և առհասարակ՝ նաև այս փուլում սխալ կառավարման մասին։ Պատասխանատվությանը զուգահեռ, սակայն, Արցախի «հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը շեշտում է․
«Սա արդեն այն պահն է, որ արդեն ինձ մոտ էլ է հարց առաջանում՝ Արայիկ հարությունյանի հեռացումը դա լա՞վ է, թե՞ վատ։ Որովհետև մեծ կասկածանքներ ունեմ, որ խուճապ է տարածվելու Արցախում, որ այս պահին էլ, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել, ուրեմն վիճակը անելանելի է, ինքն էլ փախնում է, հիմա բոլորը իրար հետևից կփախնեն։ Այսպիսի վտանգ կա, որ խուճապի տրամադրություններ կազրգանան, քանի դեռ թեկնածուն էլ չկա, թե ումով ենք փոխելու»։
Մինչդեռ այլ վտանգների մասին է խոսումԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը․
«Արայիկ Հարությունյանին իրավունք չունենք թույլ տանք միանձնյա որոշումներ կայացնի։ Մեծ ճնշումներ կա՝ մի կողմից ներքաղաքական, մի կողմից ադրբեջանցիների կողմից, մյուս կողմից էլ ռուսի կողմից։ Շատ հնարավոր է նաև հայաստանյան իշխանությունների կողմից։ Ասում են՝ գնացեք բանակցեք և այլն, և այլն։ Դրա համար էլ անընդունելի է, որ Արայի Հարությունյանի վրա դնենք այսքանը ու թույլ տանք, որ ինքը ինչ–որ որոշումներ կայացնի»։
Որպես Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Պետրոսյանը մասնակցել է վերջին քաղաքական քննարկումներին, տպավորություն ունի, որ խորհրդարանաի հատկապես երկու խոշոր ուժերը կողմ էին Ակնայի՝ Աղդամի ճանապարհը բացելու առաջարկին, որը նաև ներառված էր «Լավրովի երկրորդ պլանում»։
Արցախի շուրջ սեղմվող օղակը Արցախի արտգործնախարարի նախկին խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը խորհուրդ է տալիս դիտարկել ոչ թե վերջին շրջանի առաջարկների, այլ՝ Արցախի հարցը ուժային տարբերակով լուծելու հայտարարությունների համատեքստում։
«Նման հայտարարություններ տեղի են ունեցել 2020 թվականի երկրորդ Արցախյան կամպանիայից անմիջապես հետո։ Այն ժամանակ Ռուսաստանը հստակ, հրապարակայնորեն հայտարարել է, որ Արցախի հարցը փակված է, Արցախի ստատուս չկա։ Ադրբեջանը կրկնում է այն կոնսենսուսը, որին հասել են ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի ներքո։ Պետք է ասեմ, որ Ադրբեջանը ընդամենը փոքր երկիր է, որը մտնում է և կատարում է ռուս–թուրքական աշխարհաքաղաքական համընկնող շահերի դաշինքի աշխատանքը»։
Քաղաքագետն անհրաժեշտ է համարում, որ հայկական կողմը միջնոդրներից պարզաբանումներ և համապատասխան քայլեր պահանջի տարիներ շարունակ հայտարարվող այն թեզին ի պատասխան, որ հակամարտությունը ուժային լուծում չունի։