ԿարևորՄշակույթ

Բրեգովիչյան երեկո Անգլիական այգում

Գորան Բրեգովիչ արտիստը հատկապես հայտնի դարձավ Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի համար գրած երաժշտության շնորհիվ: Սերբ տաղանդավորները ծանոթացել են դեռ այն ժամանակ, երբ Էմիրը ֆիլմեր չէր նկարում ու միայն կիթառ էր նվագում:

Արագ մտերմացել են և որոշել միասին աշխատել: Համատեղ առաջին աշխատանքը 1980-ականների վերջին նկարահանված «Գնչուների ժամանակը» ֆիլմն էր, հաջորդեցին  «Արիզոնյան երազանքն», «Անդերգրաունդը» ու Կուստուրիցայի այլ ֆիլմեր:  Բոսնիացի հայտնի երգահանն ու երաժիշտն այսօր հանդես կգա բացօթյա համերգով՝ Երևանի Անգլիական այգում։

Ջութակի դասերի էի հաճախում, երբ նկատեցի, որ աղջիկները կիթառահարներին ավելի շատ են սիրում, քան ջութակահարներին։ Խնդրեցի մայրիկիս ինձ համար կիթառ գնել, որովհետև ուզում էի աղջիկներին դուր գալ։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ կիթառն  է իմ երաժշտական գործիքը։ Հիշում է սերբ երաժիշտ կիթառահար Գորան Բրեգովիչը։

Բրեգովիչն այսօր արդեն 4-րդ անգամ կներկայանա հայ հանդիսատեսին՝ Անգլիական այգում։

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ամառային համերգով եմ ներկայանալու, այնպես որ՝ բոլորը, այդ թվում ես, ուրախ ժամանակ ենք անցկացնելու: Ներկայացնելու եմ ինչպես հինը, այնպես էլ նորը, կհնչեն մի քանի ստեղծագործություն «Կարմեն» օպերայից, եւ, իհարկե, կլինեն գործեր Three Letters From Sarajevo-ից»:

18 տարեկանում Բրեգովիչն այնքան  լավ էր կիթառ նվագում, որ ընդգրկվեց Կոդեքս  խմբի կազմում։ Հետագայում ստեղծվեց «Սպիտակ կոճակ» խումբը, որը սերբական ռոք էր նվագում։ Հիմա ավելի շատ նախընտրում է ազգային, սերբական, հունական, գնչուական երաժշտական տարրերի խառնուրդը։

«Արդեն 4-րդ անգամ եմ  ելույթ ունենալու Հայաստանում: Ձեր հանդիսատեսը սովոր է լավ երաժշտության. հաճելի է նման լսարանի  համար նվագելը: Կարծում եմ՝ մարդկանց դուր է եկել այն, ինչ տեսել են նախորդ համերգներիս ժամանակ: Հուսով եմ՝ այս համերգն էլ բացառություն չի լինի»:

Այս համերգին Բրեգովիչի հետ նույն բեմում լինելու է դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Երեկ արդեն հասցրել են միասին փորձ անել։  Դուդուկը իմ ամենասիրելի գործիքներիցդ է՝ ասում է երաժիշտը։

«Հայաստանի մասին իմ հետաքրքրությունը սկսվում է Շառլ Ազնավուրից, որից հետո սկսում ես ավելի խորն ուսումնասիրել: Կարծում եմ՝ հաջորդ անգամ կձայնագրեմ Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից մեկը: Բոլորն են սիրում Հայաստանը: Արդեն ինքնաթիռում, երբ տեսնում ես Արարատը, սիրահարվում ես»:

Արտիստը խոստովանում է՝ վերջին  տարիներին  կենտրոնացել է  ավելի լուրջ երաժշտություն ստեղծելու գործի վրա՝ ձայնագրություններին ավելի քիչ ժամանակ հատկացնելով։  Չնայած դրան՝ այս ընթացքում ժամանակ է գտել ու թողարկել Ջութակի կոնցերտը։

Back to top button