Նախակրթարանում ուսուցիչը գրատախտակի վրա գծապատկեր է նկարում։ Երեխաներից մեկի մտքում գծերը կենդանանում են, պատկերը եռաչափ է դառնում, վերածվում շարժվող ու խաղացկուն առարկայի։ Տղայի անունը Ալեքս է։ Նա շատ է սիրում ծով ու առագաստներ։ Մի անգամ, երբ 5 տարեկան էր ու լողում էր Սև ծովի ջրերում, նկատեց ափին կանգնածներին և ձեռքերը բարձրացրեց բարևելու։ Տղան սուզվեց ջրի տակ, օղակը մնաց ջրի վրա։ Ալեքսը հանդիպեց մահվանը։ Ու փոխվեց ամեն ինչ։
Համալսարանական տարիներին հոր ցանկությամբ բժշկություն է ուսումնասիրում, սակայն շուտով հասկանում է, որ ժամանակակից բժշկությունն ունակ չէ բուժելու, միայն դեղեր է առաջարկում։ Ալեքսը Թուրքիայից գնում է ԱՄՆ․ ուզում էր սարեր բարձրանալ, դառնալ ֆեդերացիայի մարզիչներից մեկը։ Սակայն ճանապարհը նրան դարձյալ բժշկությանն է մոտեցնում, այս անգամ՝ ոչ ավանդական։
«Ինձ խաբելով՝ ուղարկեցին մի տեղ, մտածում էի, որ երեք օրով եմ գնում՝ ուրբաթից կիրակի, պարզվեց՝ վեց ամսվա դասընթաց է։ Մի կարճ շորով, երկու մայկայով գնացի, մինուս քսան էր։ Այնտեղ ասացին՝ այս ինչ հիմար մարդ է։ Գնա, ասացին, նրանցից մի բան ուզիր։ Այնտեղ Ամերիկայի հինդիկների ռեզերվացիոն ճամբարն էր։ Այդ մարդու մոտ վեց ամիս ապրելով Ամերիկայի հինդիկների՝ Arapaho-ների շամանիզմը սովորեցի։ Մինչև այսօր ֆեյսբուքյան էջումս օգտագործած անունը՝ Cho Owe Wa Tee, իմ Արապահոյի շամանական անունն է»։
Վերադառնալով համալսարանում սովորում է մաթեմատիկա ու աստղագիտություն, մագիստրոսական թեզ պաշտպանում աստղաֆիզիկայի բնագավառում։ Ասում է՝ ամենը, ինչ սովորել է, երբևէ չի փնտրել։ Օրինակ, պատմում է, ընկերոջ հետ Կամչատկայում էր, հանկարծ փոթորիկ սկսվեց։ Որոշեցին մոտակա գյուղում մեկ-երկու օր սպասել, ապա շարունակել ճանապարհը։ Պարզվեց՝ այդ գյուղը թուրքական շամանիզմի՝ Թուվայի ամենաբարձր աստիճան ունեցող ուսուցիչներից մեկի գյուղն է, որտեղ էլ վերջինի դպրոցն է։
«Այդ մարդը երբ տեսավ, որ դռնից ներս մտա, ասաց՝ օ՜, հոս է եկել։ Ինքը ճանաչեց ինձ, հյուրասիրեց, ասաց՝ նստիր կողքս, սկսեցինք զրուցել, մի շաբաթ այնտեղ մնացի։ Հյուսիսային Ամերիկայի հնդիկների և թուրքական շամանիզմի տարբերությունն այդտեղ սովորեցի»։
Հետո Ալեքսի նախկին կինն անհանգստություն ուներ, որին բժշկությունը լուծում չէր առաջարկում։ Նրանց ուղղորդեցին ալտերնատիվ ճանապարհով գնալ, դիմել ոչ ավանդական բժշկության օգնությանը։ Այստեղ էլ իրավիճակը կրկնվեց։
«Գնացինք, ներս մտա, այդ մարդն ասաց՝ ահ, ես քեզ էի սպասում։ Ասացի, բայց իմ ժամը չէ, իմ կնոջ ժամն է, ես չեմ գրանցված Ձեզ մոտ։ Ասաց՝ չէ, ես քեզ եմ սպասում։ Այն, ինչ գիտեմ, քեզ եմ սովորեցնելու, հետո դու շարունակելու ես իմ կլինիկան։ Ասացի՝ ես չեմ ուզում քո կլինիկան, ի՞նչ եմ անելու (հեղ․՝ ծիծաղում է)»։
Այս ուսուցիչն էլ Ալեքսին ուղարկեց Չինաստան, որտեղ սովորեց չինական ավանդական բժշկություն և Թայ Չին։
Չինարենից թարգմանաբար «Թայ չի չուան» նշանակում է «մեծ եզերքի բռունցք»: Քանի որ հայերենում «մեծ» բառը ունի «տի» հոմանիշը, ապա կարելի է գործածել նաև «տիեզերական բռունցք»։ Մարդու համար բազում կարևոր խնդիրներ է լուծում թայ չի չուանը՝ առողջականից մինչև ճանաչողական։ Թայ Չի Չուանը համարվում է խոկում (մեդիտացիա) շարժման մեջ և շարժում խոկումի մեջ։ Այն հրաշալի միջոց է մարմնում, շնչառության մեջ և մտքերում անդորրի չափաբաժինը ավելացնելու համար։
Հետո գնում է Թաիլանդ, երկու տարուց ավելի ապրում անտառում՝ առանց պատերի ու վեց ամիս լռություն պահելով։ Երբ Թերավադա վանքից վերադառնում է, առագաստ է գնում, նորոգում և կնոջ հետ սկսում են ծովային ճամփորդությունը։ Ասում է՝ հատկապես ծովի վրա հասկանում ես, որ կյանքի հետ հնարավոր չէ սակարկել։ Ծովային ճամփորդությունն ընդհատվում է համավարակի պատճառով։ Հենց այդ ժամանակ էլ հրավեր է ստանում «301․ Իմաստության երկիրը» հիմնադրամից և հաստատվում Հայաստանում։
«Վեց տարեկանից սկսել եմ առագաստի նավերի հետ մրցել։ Շատ եմ սիրում ծովը։ Իմ ամբողջ կյանքը ծովի ափին, ծովի մեջ կամ էլ վրան է անցել։ Նույնիսկ խեղդվել եմ, այդքան սիրահարված եմ (-հեղ․ ծիծաղում է)։ Շատ մարդիկ այդպես տրավմատիկ մի բան ապրում են, հետո ուղղակի խուսափում են, հեռանում են, ինձ համար ճիշտ հակառակն է եղել։ Իմ բոլոր ուսուցիչներն ասում են, որ իմ ուղղությունը փոխվել է հենց այդ ժամանակ, երբ խեղդվելիս եմ եղել։ Տրամաբանությունը հետևյալն է՝ եթե որևէ մարդ մահվան հետ որևէ ձևով հանդիպի, դեմ դիմաց գա, վստահ եմ, որ կյանքում իր ամբողջ ընկալումը կփոխվի, իր բոլոր նպատակները, ուղղությունը։ Երբ հանդիպեք, մի կարճ պահի համար մահի միջով անցնեք, վստահ եմ, որ շատ բան կփոխվի, հավանաբար, այդ նկատի ունեին»։
Բիոէներգոթերապևտ, Ռեյկիի և Թայ Չիի վարպետը 2021թ-ից Հայաստանում Բերտ Հելինգերի «Ընտանեկան տեղաբաշխումներ» մեթոդով թերապիաներ է անցկացնում։ Այս մեթոդին ծանոթացել է 2011թ․-ին, երբ գերմանացի հայտնի հոգեբանը Հայաստանում սեմինար էր անցկացնում։ Ալեքսը Հելինգերի այն 10 աշակերտներից է, որոնք կիրառում և տարածում են այս մեթոդը։
Ի՞նչ է «Ընտանեկան տեղաբաշխումներ»-ի մեթոդը
«Ընտանեկան տեղաբաշխումների» կամ «Համակարգային համախմբումների» մեթոդը թույլ է տալիս կապ հաստատել դիտարկվող համակարգի էներգոտեղեկատվական դաշտի հետ, հայտնաբերել շեղումները և աշխատել դրանց ծագման պատճառների հետ: Թերապիան անցկացվում է 8-10 անձ պարունակող խմբերում: Խումբը նստում է՝ ձևավորելով շրջան: Աթոռներից մեկին նստում է թերապևտը, նրա կողքի աթոռը մնում է ազատ: Այն այցելուի աթոռն է: Այցելուն նստում է աթոռին, և նրա հետ թերապևտը կարճ զրույց է վարում, որն ուղղված է հարցման հստակեցմանը։ Այնուհետև այցելուին առաջարկվում է ներկաներից ընտրել իրեն փոխարինող անձի և իր խնդրին առնչվող մարդկանց, որոնց սահմանում է թերապևտը (օրինակ, այցելուի հորն և մորը փոխարինող անձանց):
Նրանք տեղակայվում են էներեգետիկ դաշտում: Վերջինները սկսում են միմյանց նկատմամբ զգալ այն մարդկանց հույզերը, որոնց փոխարինում են: Թերապևտը, փոխարինող անձանց օգնությամբ, հարցումն ուղղորդում է այնտեղ, որտեղ ծագել է խնդրի պատճառը: Այնուհետև թերապևտը փնտրում է լուծումը: Դրա հետ մեկտեղ փոխում է կերպարների տեղակայումը շրջանում, հարցնում է նրանց զգացումների մասին: Վերջնական պատկերը համարվում է լուծում այցելուի համար, երբ նա և բոլոր կերպարները իրական թեթևություն են զգում։
Համախմբման հարցումներ կարող են լինել ֆինանսական խնդիրները, դժվարություններն աշխատանքում, կարիերայում, բիզնեսում, փողերի հետ կապված, ղեկավարության հետ վատ հարաբերությունները, կրկնվող անհաջողությունները, անինքնավստահությունը, կյանքում անորոշությունը կամ հետաքրքրության բացակայությունը, մենակության զգացումը, նախկին զուգընկերոջը մոռանալու անկարողությունը, երկարատև հարաբերությունների պահպանման անկարողությունը, տագնապները, վախերը, սեփական կենսական նշանակության սահմանումը, երեխաների բացակայությունն ընտանիքում, ժառանգական հիվանդություններն և այլն:
Ցավն անխուսափելի է, մինչդեռ տառապանքն ընտրություն է
Տեխնիկան ներկայացնում է Ալեքս Կալենդերը։
Մի քանի օրինակ հայաստանյան պրակտիկայից
Այս տեխնիկայի միջոցով իրենց հարցերին պատասխան, խնդիրներին լուծում են գտնում տարբեր տարիքային խմբերի պատկանող մարդիկ։ Ալեքս Կալենդերը ներկայացնում է մի քանի օրինակ հայաստանյան պրակտիկայից։
Ցեղասպանության տրավման լուծվում է, երբ զոհը շփվում է հանցագործի հետ
Ի թիվս այլ տրավմաների՝ այս տեխնիկայով հնարավոր է հաղթահարել նաև ցեղասպանության տրավման։ Սակայն այս դեպքում ամեն ինչ մի փոքր այլ բնույթ է ստանում։ Ոչ ոք չունի այդ փորձառությունը․ սա ոչ թե մեզ հետ պատահած, այլ մեզ սովորեցրած տրավմա է։ Հետևաբար՝ ոչ ոք չի գալիս ցեղասպանության տրավման բուժելու խնդրով։ Ալեքս Կալենդերը բացատրում է՝ ինչպես են հասնում այդ կետին։
-Այս օրինակը միշտ տալիս եմ աշակերտներիս։ Այս հարցի պատասխանը շատ կարևոր է, երբ Ձեզ հարցնում են՝ ո՞վ ես դու։ Ինչո՞վ ես պատասխանելու այդ հարցին։ Ինչով պատասխանում ենք՝ դա մեր տեսանկյունն է, մեր նպատակն է ցույց տալիս կյանքում։ Ասել, որ նպատակ ունենք կամ չունենք, բայց մտածում ենք, որ ունենք։ Լիքը հավանականություններ կա այդտեղ։ Նույնիսկ ամենապարզ դիրքով, երբ ասեք, ես Ալեքսն եմ, այդ անունն անգամ ուրիշ մեկն է տվել մեզ, մենք չենք ընտրել։
-Ո՞վ եք Դուք։
-Ես մարզված եմ այս հարցում, բայց երբ առաջին անգամ ինձ հարցրեցին մեր դպրոցի մեջ, փոքր երեխա էի, ասացին՝ ո՞վ ես դու, ասացի՝ իսկ ո՞վ է հարցնում։ Որովհետև ով որ հարցնում է, դրա համար մենք տարբեր մեկն ենք, եթե մեր ծնողներն են հարցնում, մենք տարբեր դիմակ ունենք, մեր ուսուցիչն է ասում, տարբեր դիմակ ունենք, մեր թշնամին է հարցնում՝ տարբեր դիմակ ունենք , մեր հոգեհարազատն է հարցնում տարբեր դիմակ ունենք, ո՞վ է հարցնում, ես այդպես էի պատասխանել։
-Կարո՞ղ ես միաժամանակ բոլորը լինել, թե՞ կա մեկը, որն իսկականն է։
-Թե այո, թե ոչ։ Կարող է լինել, բայց այն դեպքում, եթե դուք կարող եք Ձեր ծնողների և Ալիևի հետ նույնկերպ վարվել, այդ ժամանակ կարող է լինել։ Կամ, եթե վարվում եք Ձեզ հոգեհարազատ մեկի և Հիտլերի հետ նույն կերպ, այո կարելի է։
-Զրո հավանականություն։
-Կյանքի մեջ այդպիսի մի բան չկա զրո հավանականություն, միշտ այլ տարբերակ կա։ Կյանքի հոսքի ճշմարտություն այդ է, միշտ այլ տարբերակ ունենք, չենք ուզում տեսնել, բայց ունենք։
Տեսնել երազ՝ բաց աչքերով
Կալենդերի խոսքով՝ երբեմն մարդիկ գալիս են՝ չիմանալով, որ ինքնախաբեությամբ են զբաղվում։ Նրանց խոսքին հակադրում է դաշտում կատարվողը։ Եվ նա վստահում է դաշտին, ոչ թե մարդկանց, որոնք աչքերը բաց երազ են տեսնում։
Ինչո՞ւ է անհրաժեշտ տրավման հաղթահարել
Արդյո՞ք հնարավոր չէ տրավման հանգիստ թողնել և զբաղվել մնացյալ գործերով։ Հնարավոր է, սակայն խնդրի հետ չառերեսվելը շահավետ չէ պարզ էներգետիկ հաշվարկի տեսանկյունից։ Մանրամասնում է Ալեքս Կալենդերը։
Սպանել ուսուցչին
Ալեքսը ոչ միայն օգտագործում է Հելինգերի տեխնիկան, այլև փոխանցում։ Այս տեխնիկան Դիանա Գևորգյանին օգնել է լուծել իր խնդիրը, իսկ հետո դառնալ Կարլենդերի աշակերտներից մեկը։ Որոշակի փորձառությունից հետո, երբ ժամանակը գալիս է Ալեքսն ասում է՝ «Սպանեք Ձեր ուսուցչին և մի քայլ առաջ գնացեք»։ Առաջին մասնագիտությամբ մանկավարժ, երկրորդով՝ վարսահարդար Դիանա Գևորգյանը իր անձնական խնդիրները լուծելու համար դիմում է Ալեքսի աշակերտներից մեկին։ Ընթացքում հարց է առաջանում, որի պատասխանը ստանալու համար նրան ուղղորդում են Ալեքսի մոտ։ Սակայն, երբ հանդիպումը կայանում է, նույնիսկ մոռանում է հարցի մասին։ Այդ օրից արդեն հինգ տարի է անցել։
Դիանա Գևորգյանի իրավիճակը հետևյալն էր․ 12 տարի ամուսնացած էր, սակայն արդեն 6 տարի զգում էր, որ հարաբերություններն ավարտված էին։ Երկմտում էր բաժանվել, թե ոչ մտածելով՝ այդպիսով կցավեցնի իր ծնողներին և զավակներին։
Վերսկսելով Հայաստանը․ «301․ Իմաստության երկիրը»․ Հայաստանի գոյաբանական անվտանգության նախագիծ
Գայանե Մանուկյանը պատերազմի ընթացքում որպես կամավոր տեղեկատվական դաշտում էր պայքարում։ Այդ պայքարից հետևություն արեց՝ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա գոյություն չունի։
«Այն ռելիզները, որոնք ուղարկվում էին թիմի կողմից աշխարհի տարատեսակ մեդիաների, մնում էին անպատասխան։ Տարածվող նյութերը չէին հասնում հասցեատերերին, անգամ հայերը տարածում էին նյութեր, որոնք չպետք է տարածեին։ Քաղաքացիական դաշտում մեդիագրագիտություն չկար։ Մենք հասկացանք, որ կազմակերպված պայքար չկա։ Ըստ այդմ՝ նաև Հայաստանը չկա այդ քարտեզի վրա»։
«Ինչո՞ւ այսպես եղավ» հարցը հիմնադրամի թիմում գույքագրեց ևս 100 հարց, որոնց պատասխանները չկային։ Այդ հարցերից առնաձնացրեցին 4-ը և 200-ից ավելի հանդիպում ունեցան տարատեսակ համայնքներում՝ համոզվելու համար ՝ այդ հարցերն իսկապե՞ս պատասխան չունեն։ Պարզվեց ՝ չունեն։ Դա էլ այս նախագծի հիմքը դարձավ։ Ձևավորվեց հիմնադրամի առաքելությունը, այն է՝ հայոց աշխարհի գոյաբանական անվտանգությունը։ Հիմանդրամի խնդիրն է սահմանագծել Հայաստանի գոյաբանական անվտանգությունն այնպես, որ անհնար լինի այն հաղթահարել։ Վերոնշյալ չորս հարցերը՝ ձայնագրությունում։
Առաքելությունն ընտրելուց հետո հիմնադրամն ընտրեց գործունեության ուղղությունները՝ կրթություն, գիտություն, մշակույթ և նորարարություն, որոնք պետք է իրականացվեն մշակված հիպոթեզների ներքո։
Ի՞նչ անել, որ Հայաստանը ոչ թե գծված, այլ իրապես լինի աշխարհի տեղեկատվական, մշակութային քարտեզի վրա։ Արդեն պատերազմից հետո այս հարցի պատասխանը փնտրող Գայանե Մանուկյանը, գործարար Գոռ Նահապետյանը և ֆուտուրոլոգ, գոյաբանական խնդիրների մասնագետ Պյոտր Նեմոյը հիմնեցին «301․ Իմաստության երկիրը» հիմնադրամը։ Անվան ընտրությունը բացատրում է Գայանե Մանուկյանը․
«301 թիվը մեր ազգի համար եղել է պատմական խաչմերուկ, որտեղ մենք կայացրել ենք որոշում և ունեցել ենք քայլելու վեկտոր։ Այսպես ենք գնում և վերջ, հետադարձ ճանապարհ չկա, 301 թիվը բիֆուկացիոն կետ է եղել, և 2000 տարի ու ավելի գնացել ենք այդ վեկտորով։ Մենք ուզում ենք ձևավորել նոր խաչմերուկ, նոր վեկտոր, որը կապահովի մեր անվտանգությունը ևս 2000 տարի։ 301-ը նոր սկիզբ է, որտեղ երեքը եռամիասնություն է, զրոն այն զրոն է, որի մեջ այսօր գտնվում ենք, և մեկն այն քայլն է, որով պետք է սկսենք քայլել այդ վեկտորով»։
5 հիպոթեզ Հայաստանի համար
Այս հարցերից 5 հիպոթեզ է ծնվել, որոնք Հայաստանին թույլ կտան որպես օրգան հայտնվել աշխարհի քարտեզի վրա։ Մանրամասները` ձայնագրության մեջ։
1․ Հայաստանը՝ հնագույն մշակույթների Կարմիր գիրք
2․ Հայաստանը՝ կրեոնոմիկայի և սենսոնոմիկայի երկիր
3․ Հայաստանը՝ ցանցային (թվային) պետություն
4․ Հայաստանը՝ սրամտության երկիր
5․ Հայաստանը՝ իմաստության երկիր
5 Իմաստուն՝ Հայաստանում
Նախքան 5 իմաստուններին ներկայացնելը հարկավոր է պատասխանել, ո՞վ է իմաստունը հարցին։ Գայանե Մանուկյանի խոսքով՝ այսօրվա քվանտային աշխարհում որոշում կայացնելը բարդ է, հետևաբար՝ մարդկանց անհրաժեշտ են հեշտ լուծումներ։ Այս բարդ աշխարհում իմաստունները կորցրել են իրենց տեղն ու դերը։ Առաջ իմաստուններն այն մարդիկ էին, որոնք սովորեցնում եին թագավորներին ճիշտ որոշումներ կայացնել, այսօր նրանց դերակատարությունը իսպառ վերանում է, սակայն նրանք կան, չեն վերացել։ Միտքն այն է, որ իմաստուններին վերադարձնեն իրենց դերակատարումը և հնարավորություն տալ Հայաստանում իրենց բուն գործունեությունը ծավալելու։
«Այս մարդիկ շատ հետաքրքիր պրոյեկտում են մեզ՝ հայերիս և ստիպում են գործել։ Եթե նրանք չլինեին իմաստուններ, ապա մեզ շատ դժվար կլիներ տեղից շարժել։ Նրանք շատ պարզ հարցադրումներով են գալիս մեզ մոտ, և քանի որ հիմնականում ազգությամբ հայ չեն, շատ պարզ, երեխայի աչքերով տեսնում են մեզ կողքից, թե որտեղ ենք սայթաքում, սխալվում։ Շատ ճիշտ հարցադրումներ անելով՝ մեզ ստիպում են սևեռել մեր ուշադրությունը մեր խնդիրների վրա և այնտեղ գործել։ Օրինակ՝ իմաստուններից մեկը մի օր ինձ հարցրեց՝ իսկ ի՞նչ է քոչարին, ես ասացի՝ ինչպե՞ս, լարվեցի, ասացի՝ ո՞նց, չգիտե՞ք՝ ինչ է քոչարին, դա մեր ազգային պարն է, ասում է՝ ոչ, ես չեմ հասկանում ինչի՞ մասին է քոչարին, դու ի՞նչ ես զգում, երբ պարում ես, ինչի՞ մասին ես պարում։ Ես չունեի այդ հարցի պատասխանը։ Հասկացա, որ չունեի այդ գիտելիքը։ Հասկացա, որ ունեմ ընդամենը պատկեր այդ տեղեկության մասին, բայց չեմ ապրում այդ ինֆորմացիան»։
Հիմնադրամի կարգախոսն է․ ավանդույթը դա այն մոխիրը չէ, որին երկրպագում ենք, այլ այն կրակը, որը պետք է փոխանցենք։ Մենք վերաիմաստավորում ենք կորցրած իմաստները, դարձնում կրակ և տալիս սերունդներին։
Ինչպե՞ս է աշխատում հիմնադրամը։ Նրանք Հայաստան են հրավիրում իմաստունին, որը մինչև համաձայնություն տալը մեկ ամիս «Հայաստանին սիրահարվելու փորձաշրջան» է անցնում։ Այդ ընթացքում հանդիպում է իր բնագավառի մասնագետների հետ, ընտրում հետազոտության թեմա։ Այնուհետև՝ պայմանագիր է կնքվում, ըստ որի, իմաստունին ապահովում են կեցության պայմաններով՝ բնակարան, աշխատավարձ, և 7 տարով տեղափոխվում է Հայաստան ու սկսում հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը։
Իմաստունները ֆինանսավորվում են 301 բիզնես ակումբի ձեռներեցների կողմից։ 60 անդամները ամսական 301 դոլարի չափով նվիրատվություն են անում։
Առաջինը իմաստունը հիմնադրամի անդամ, գոյաբանական անվտանգության փորձագետ Պյոտր Նեմոյն է։ Նա միաժամանակ մի քանի ծրագիր է իրականացնում։ Մանրամասները՝ ձայնագրության մեջ։
Լուս․՝ Thinking Portraits-Photo Project-ի
Հայաստան տեղափոխված մյուս չորս իմաստուններն են՝ Կամիլ Չալաևն աշխատում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ․ ձայնի և երաժշտության մեթոդով նրանց դարձնում է տաղանդավոր երաժիշտներ և հասարակության լիարժեք անդամներ։
Լուս․՝ Thinking Portraits-Photo Project-ի
Ալեքս Կալենդերը հոգեթերապևտ է, գերմանացի փիլիսոփա Բերթ Հելլինգերի 10 աշակերտներից մեկը, որը մաքուր է պահել այդ հոգեթերապևտիկ մեթոդը և այն կիրառում է տարատեսակ տրավմաներ բուժելու համար, այդ թվում՝ նաև ցեղասպանության տրավման։ Կալենդերի պարագայում հիմնադրամը բացառություն է արել, քանի որ վերջինը ստամբուլահայ է, մինչդեռ մյուս իմաստուններն այլ ազգի ներկայացուցիչներ են։
Լուս․՝ Thinking Portraits-Photo Project-ի
Նարինե Տյուտչևան պատմական ժառանգության և ճարտարապետական վերականգնման մասնագետ է, հիմա Հայաստանում զբաղվում է Կոնդի վերականգնման նախագծով։ Ներգրավված է նաև Սյունիքի գիտահետազոտական նախագծի մեջ։ Դասավանդում է «Ռեսքուլ» դպրոցում։
Լուս․՝ Thinking Portraits-Photo Project-ի
Իգոր Կուրովիչը բարձրագույն տնտեսագիտական դպրոցի դասախոս էր, գրաֆիկական դիզայնով է զբաղվում, աֆիշային արվեստի վարպետ է։ Սլավոնական համալսարանում բացել է դիզայնի ֆակուլտետ, որտեղ դասավանդում է, նաև հետաքրքրված է հայկական այբուբենով և կալիգրաֆիայով, փորձում է հասկանալ հայոց այբուբենի և լեզվամտածողության միստերիան։
Նրանց շուրջ հավաքվում են մեծ համայնքներ, որոնք ստեղծում են էկոհամակարգեր։ Այդ էկոհամակարգն այս պահին շուրջ 3000-ի է հասնում։
Ի՞նչ են կորցրել իմաստունները Հայաստանում
Ինչո՞ւ են իմաստունները համաձայնում հաստատվել Հայաստանում։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանց չափազանց հետաքրքրում է հետազոտության նյութը, որով զբաղվելու են այդ ընթացքում։ Գայանե Մանուկյանն է պատմում։