

Արդեն երկու շաբաթ է թշնամին թույլ չի տալիս, որ 17–ամյա Հելլեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխվի։ Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված 21-ամյա աղջկա հարազատները շարունակում են որոշման սպասել Գորիսում։ Քեռին՝ Մուշեղ Սաֆարյանը, «Ռադիոլուր»–ին փոխանցում է՝ նորություն դեռ չկա։ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատար Ալեքսանդր Լենցովը խոստացել է աջակցել։ Նախօրեին Արցախի իշխանությունները դիմել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյային։ Արցախի ճգնաժամը հումանիտար խնդիր չէ, այն քաղաքական է, ու իրավիճակը դեռ փոխելու տարբերակներ կան՝ կարծում են հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչները։
Արցախից ուսանողների՝ Հայաստան տեղափոխվելը Ադրբեջանն օգտագործեց որպես հերթական առիթ՝ սադրիչ բեմադրություն կազմակերպելու համար։ Հրավիրելով միջազգային տարբեր լրատվամիջոցների՝ փորձեց ցույց տալ, թե հայ երիտասարդներն անարգել անցնում են անցակետով։ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը փաստում է՝ այսօր կրկին նույն սցենարն է․
«Ռուս խաղաղապահները, որոնք ուղղորդում են մեր ուսանողներին մինչ այդ անցակետը, մեր երիտասարդներին ասում են, որ կարող են հետ գալ Արցախ միայն Բաքվով ու Ադրբեջանի անձնագրով։ Եթե ուշադիր նայենք այդ պրոցեսին, ռուս խաղաղապահները արդեն Ստեփանակերտում պարտադրում են, որ ամեն մեկը կարող է ունենալ իր հետ 50 կգ բեռ։ Այսինքն, միայն շորերն են վերցնում այդ երեխաները ու դուրս գալիս»։
Նախօրեին Հայաստանի վարչապետը կառավարության նիստում խոսել էր հայկական կողմի մտավախության մասին։
«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»։
Թշնամին անգամ թույլ չի տալիս, որ 17–ամյա Հելլեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխվի։ Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված աղջկա մարմինը շարունակում է մնալ Գորիսի դիահերձարանում։ Քեռին՝ Մուշեղ Սաֆարյանը «Ռադիոլուր»–ին փոխանցում է՝ նորություն դեռ չկա։ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատար Ալեքսանդր Լենցովն է խոստացել աջակցել
«Լենցովի տված խոստումն է, որ ասել էր՝ եթե Կարմիր խաչի մոտ չի ստացվում, ինքը կօգնի։ Եթե Արցախի իշխանությունները միջնորդել են, որ Լենցովը ևս զբաղվի։ Այս պահին այդքանը, դեռ արդյունք չկա»։
Թշնամին ավելի քան ինն ամիս շրջափակման մեջ պահելով 120 հազար արցախցու, երկու ամիս ընդհանարապես թույլ չէր տալիս, որ անգամ առողջական խնդիրներ ունեցողները տեղափոխվեին Հայաստան։ Վերջին օրերին որոշակի շարժ կա բուժառուների տեղափոխման առումով։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու ուղեկցողների հետ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար։ Բայց Ադբեջանն այս անգամ էլ է հերթական սադրանքին դիմեց՝ ստիպելով Արցախից ՀՀ մեկնող շտապօգնության մեքենայի վրայից պոկել հայերեն գրությամբ պաստառը, որտեղ նշված էր թեժ գծի համարն ու Արցախի հանրապետության առողջապահության նախարարություն։
Ավելի քան 260 օր 120 հազար հայ Արցախում շրջափակման մեջ է։ Հումանիտար իրավիճակն ամեն օր ավելի ու ավելի է սրվում։ Ամբողջ գիշեր մարդիկ հացի հերթերում են։ Բայց միշտ չէ, որ սպասելն արդյունք է տալիս։ Արցախում կենսական նշանակության ապրանքներն իսպառ բացակայում են։
«Արցախում աղ ընդհանրապես չկա։ Եթե բախտդ բերի, կարող ես ոսկու գնով գտնել։ Օճառը, անձեռոցիկը, հիգիենայի պարագաներն իսպառ բացակայում են։ Սա մեծ խնդիր է առաջացնում»։
Արցախի ճգնաժամը հումանիտար խնդիր չէ, այն քաղաքական է, ու իրավիճակը փոխելու տարբերակներ դեռ կան՝ կարծում է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը։
«Մենք մոռացել ենք, որ Արցախը պետություն է,Արցախի ժողովուրդն ինքնորոշված ժողովուրդ է, որը 1988թ․–ին հռչակել է իր պետությունը։ 30 տարի պահում էր պետությունը։ Ինչո՞ւ ենք մենք խոսում միայն սովից, չենք խոսում մեր իրավունքներից, չենք խոսում մեր ինքնորոշման իրավունքից, չենք խոսում մեր ինքնապաշտպանության իրավունքից։ Ինչը մենք ունենք, ոչ ոք դեռ մեզանից այս ամենը չի խլել»։