Նոր հատակագիծ, էլեկտրոնային քարտեզ ու մաստեր պլան․ ի՞նչ են առաջարկում Երևանին քաղաքական ուժերը


Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մի քանիսը ներկայացրել են իրենց պատկերացումներն ու ծրագրերը քաղաքի համաչափ զարգացման և կառուցապատումը համակարգելու վերաբերյալ։ «Ապրելու երկիր» կուսակցությունում, օրինակ, վստահ են՝ քաղաքը պետք է զարգանա պատմական միջավայրն ու շինությունները պահպանելով, «Լուսավոր Հայաստանում» ընդգծում են՝ մայրաքաղաքի գլխավոր հատակագծից բացի՝ մշակելու են համապարփակ փաստաթուղթ, որը կսահմանի քաղաքի դիմագիծը, կամրագրի, թե որ հատվածում քանի հարկանի շենք կամ ինչ ենթակառուցվածք կարելի է կառուցել։ Իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչն էլ վստահեցնում է՝ արդեն սկսել են մայրաքաղաքի գլխավոր նոր հատակագծի մշակումը։
Եթե ուզում ենք ունենալ քաղաք, որը պատմություն ունի, պետք է փրկենք այդ պատմության մասնիկները, և սա պետք է լինի քաղաքային իշխանությունների գերխնդիրներից մեկը՝ ասում է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը։ Երևանում այսօր ունենք դեպքեր, երբ տարիներ առաջ ստացած սեփականության իրավունքը խանգարում է վերականգնել կամ պահպանել պատմական արժեք ունեցող շինությունները։ Մարգարյանն ասում է՝ որոշ դեպքերում պետք է դատական բոլոր ատյաններով անցնել ու վերականգնել Երևանի բնակչի իրավունքը։
«Եթե դու քո քաղաքում ունես մի շենք, որը շատ ավելի մեծ է, քան Առաջին հանրապետությունը, ապա այդ շենքը պետք է ամեն կերպ փրկել, և այս ամենի հիմքում պետք է քաղաքային իշխանությունը լինի»,-ասում է Մարգարյանը։
Այն, ինչ տեղի է ունեցել Երևանում նախորդ տասնամյակներին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը անթույլատրելի ու հախուռն կառուցապատում է անվանում։ Երևանին պետք է ոչ միայն գլխավոր հատակագիծ, այլև մաստերպլան, որից կբխեն հետագա տարիների թե կառուցապատումը, թե քաղաքի զարգացումը և թե պատմական միջավայրի պահպանությունը՝ ընդգծում է Խաժակյանը։
«Մի փաստաթուղթ, որը Երևանը դեռևս չի ունեցել, բայց ունեն բազմաթիվ քաղաքներ, իսկ մայրաքաղաքներից գրեթե բոլորը։ Սա երկարաժամկետ փաստաթուղթ է, որը համակարգում է Երևանի զարգացման հեռանկարը․ թե ինչպես քաղաքը պետք է զարգանա, որ ուղղությամբ, փողոց առ փողոց, ինչպիսի հարկայնություն պետք է լինի, ինչ տիպի շինություններով։ Եվ այդ 30 տարվա փաստաթղթից պետք է բխեն շինթույլտվությունները և առհասարակ քաղաքի զարգացումը։ Եթե մենք չունենանք այս փաստաթուղթը, այս հախուռն կառուցապատումը կշարունակվի»,– կարծում է Դավիթ Խաժակյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամի թեկնածու Արթուր Մայիլյանը համամիտ է՝ մայրաքաղաքում տարբեր տարիների աղավաղումներ եղել են։ Ասում է՝ գործող իշխանությունն արդեն սկսել է աշխատանքները նոր գլխավոր հատակագծի մշակման ուղղությամբ, բացի դրանից՝ ներդրվելու է նաև էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ավելի հեշտ ու ժամանակակից մեթոդներով վերահսկել քաղաքի համաչափ ու տրամաբանված զարգացումը։
«Ունենալու ենք էլեկտրոնային քարտեզագրում, որը մեզ թույլ է տալու իմանալ, թե քաղաքի որ գոտում, օրինակ, քանի հարկանի շենքի շինարարության թույլտվություն կարող է տրվել, և նույնիսկ կառուցապատողը, եթե ցանկանա, կարող է օգտվել այդ համակարգից և մինչև շինարարությունն իմանա, թե որտեղ ինչ կարող է կառուցել»։


Ինչ լուծումներ են առաջարկում սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Երևանի կենտրոնը բեռնաթափելու և մայրաքաղաքի համաչափ զարգացումն ապահովելու համար․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորող թեկնածուն կարծում է՝ յուրաքանչյուր վարչական շրջան կամ թաղամաս իր պայմանական կենտրոնը պետք է զարգացնի՝ համապատասխան ենթակառուցվածքներով։
«Դեռ տարիներ առաջ՝ իմ պատանեկության կամ մանկության տարիներին, երբ մենք ապրում եինք «Երրորդ մասում» ու ցանկանում էինք գնալ սրճարան, դրանք չկային։ Այսինքն՝ դրա տարածքը կար, հնարավորությունը կար, բայց ծառայությունը՝ որպես այդպիսին, զարգացած չէր և հարակից ենթակառուցվածքները՝ այգի և այլն, ևս զարգացած չէին։ Այսպես՝ օրինակ Շենգավիթ վարչական շրջանում այդ կենտրոնը կարող է լինել հայտնի Շողակաթի այգին, որը բարեկարգվեց, բայց ենթակառուցվածքներ դեռ չկան»,– ասում է Խաժակյանը։
Քաղաքային իշխանության գերխնդիրը պետք է լինի Երևանի ծայրամասերում բիզնես գրավչություն ստեղծելը, որ ներդրողներն իրենք ցանկանան այնտեղ գործունեություն ծավալել՝ կարծում է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը։
«Քաղաքային իշխանության գերխնդիրն է նաև ապահովել կարևոր հանրային ծառայությունների մատուցումը՝ սկսած նախադպրոցական ծրագրից, վերջացրած պոլիկլինիկաներով, որպեսզի նաև մարդկանց համար ապրելն այդտեղ հարմար լինի։ Եթե որևէ տարածքում հարմար է ապրելը, ապա այդ տեղում նաև բարձրանում է անշարժ գույքի գինը և հետևաբար՝ դեպի այդ կողմ է ձգվում նաև բիզնեսը»։
Իշխող ուժի ներկայացուցիչ, գործող ավագանու անդամ Արթուր Մայիլյանը կարծում է, որ այս ուղղությամբ վերջին տարիներին քաղաքային իշխանությունն ամեն ինչ արել է։
«Վերակառուցել ու վերակառուցում ենք 315 բակային տարածք, որը իր մեջ նեարում է մարզասարքեր ու խաղասարքեր։ Վերանորոգվել է 68 ֆուտբոլի դաշտ, 7 բասկետբոլի դաշտ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ համաչափ զարգացվածություն ենք ունենալու։ Խոստումն է, որ մենք կառուցելու ենք մարզադաշտեր, հանձնելու ենք քաղաքացիներին և ոչ մի երեխա չի ունենալու մի բակ, որտեղ չի կարողանալու խաղալ»,– ասում է Մայիլյանը։
Երևանում քիչ են կանաչապատ տարածքները․ բակերի կառուցապատմանը զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիրը» նախատեսում է նաև մայրաքաղաքում ավելացնել մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքների ծավալը։