ԿարևորՔաղաքական

Ներսից ու դրսից սեղմվող օղակ Արցախի շուրջ․ Լաչինը կարող է միակողմանի բացվել

Երևանը Բաքվին է փոխանցել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական  կողմի նոր առաջարկները, որոնք երկու երկրների արտգործնախարարությունների միջև փոխանակվող խմբագրումների արդեն հինգերորդ տարբերակն են՝  կառավարության նիստին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ պայմանագրի տեքստի շուրջ հեռավար քննարկումներ են ընթանում, շարունակում է փակ մնալ Լաչինի միջանցքը։

400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Հակարիի կամրջի  մոտ: Իրադրության միակ փոփոխությունն, ըստ վարչապետի,  այն է, որ Կարմիր Խաչի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով:

Արցախին առնչվող վտանգավոր նոր զարգացումների մասին վարչապետ Փաշինյանը խոսել է կառավարության նիստում։

Խնդիրը հետևյալն է․ «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»։

Այս ահազանգը կրկնել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ թվիթերյան միկրոբլոգում կոնկրետ պաշտոնյաների անուններ նշելով՝ հրապարակման հասանելիությունը նրանց համար առավել տեսանելի դարձնելու համար։ Իր գրառման մեջ նա նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը վարում է էթնիկ զտումների դասական քաղաքականություն։ Մեր տեղեկություններով Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերին դուրս մղի տարածքից՝ առանց վերադարձի հնարավորության։ Սա էթնիկ զտումների դասական քաղաքականություն է՝ սկզբում անդադար կրակում են, սպանում, մարդկանց գերի են վերցնում, երկար ժամանակ սովի են մատնում, հետո միայն ելքի ճանապարհ են բացում, որ այդ անմարդկային պայմանների պատճառով մարդիկ առանց վերադարձի հնարավորության հեռանան Լեռնային Ղարաբաղից։ Սա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»։  

Այս պահին Հայաստանում են գտնվում ԼՂ բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայր, շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով։ Եռակողմ հայտարարության հերթական չկատարված կետը կողմերին պարտավորեցնում է․

«Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:

Սա, ըստ վարչապետի, ավելի բաց տեքստով նշանակում է հետևյալը։

 «Եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ տարածք, այլև՝ հարակից շրջաններ։ Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերը արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան»։

Le Point-ին տված հարցազրույցում  արցախյան խնդրին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա կարծիքով՝ պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հումանիտար հասանելիությունն ապահովելու համար։ Հավաստիացրել է, որ բոլոր ջանքերը գործադրում են այդ նպատակին հասնելու համար։

Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել հնարավորինս շուտ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Մինչդեռ Հայաստանի վարչապետը պնդում է․

«Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա։ ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ-ի հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, միջազգային մեխանիզմի շրջանակներում»։

Շառլ Միշելն իր խոսքում հաստատել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ «ապաշրջափակման տարբերակները քննարկելու համար»։ Դեռ օգոստոսի 17-ին Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը նշել էր, որ Ադրբեջանին պարբերաբար առաջարկներ են անում հանդիպում կազմակերպելու համար, բայց ադրբեջանական կողմը ամեն անգամ մերժում է։ Վերջին օրերին արդեն BBC-ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այդ հարցով կողմերի միջև հանդիպում է նախատեսվում ադրբեջանական Բարդա քաղաքում։ Այս լուրերին ի պատասխան Արցախի արտգործնախարարությունից ընդգծում են՝ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով  ԿԽՄԿ  մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։

Այս քննարկումների ֆոնին Արցախում ներքաղաքական պայքարի սրացումը և նախագահի հրաժարականի պահանջները վտանգավոր են միջազգային իրավունքի նախադեպի տեսանկյունից՝ ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը․

«Ես Արայիկ Հարությունյանի պաշտպանը չեմ ուզում դառնալ, բայց սահմանադրական իրավունքի, պետականագիտության տեսանկյունից երբ մենք դիտարկում ենք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախի միջազգային իրավական չճանաչված կարգավիճակը և, ըստ էության, Արցախի շուրջ սեղմվող օղակը, ակնհայտ է, որ նախագահի հրաժարականից հետո շատ հնարավոր է, որ պրոցեսները զարգանան Արցախում պետական ինստիտուտների ապամոնտաժման ուղղությամբ, ինչը Ալիևի ցանկությունն է և Արցախի ժողովրդին կզրկի շատ կարևոր մի կռվանից իր պայքարում՝ լեգիտիմ ներկայացուցիչներ ունենալու հնարավորությունից։ Նույն Կոսովոյի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունում հստակ որպես ինքնորոշման իրավունքի չափանիշներից մեկը նշված է, որ ինքնորոշման համար պայքարող ազգային հանրույթը պետք է ունենա իր կողմից ընտրված, ձևավորված լեգիտիմ ներկայացուցիչներ»։

Ինչ զարգացում կստանա Արցախում ներքաղաքական պայքարը, դեռ պարզ չէ։ Երեկոյան հավաք է նախատեսված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ հանրությանը հուզող պատասխանները իշխանությունից ստանալու ակնկալիքով։ Թե՛ Ակնայի՝ Աղդամի ճանապարհի գործարկման, թե՛ Բարդայում նախատեսված հանդիպման հավանականության և թե՛ Ստեփանակերտում երկու օր շարունակ կազմակերպվող փակ հանդիպումների արդյունքների մասին պարզաբանումներ հանրությանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստացել է տալ անձամբ առաջիկայում։  

Կարդացեք նաև

Back to top button