

Բեմական հագուստներ, անձնական իրեր, տարբեր ֆիլմերում օգտագործված ռեկվիզիտներ, պարգևներ, նվերներ, լուսանկարներ, ծաղրանկարներ, նամակներ, փաստաթղթեր և շատ այլ յուրօրինակ, պատմություն ու հիշողություն կրող ցուցանմուշներ, որոնք պատմում են նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի մասին, բացահայտում մեծ արվեստագետի կյանքն ու ստեղծագործական ճանապարհը:
Իր ծննդավայրի՝ Գյումրու այցեքարտն ու խորհրդանիշն է Մհեր Մկրտչյանը: Գյումրու Վարպետաց և Ռուսթավելի փողոցների հատման կետում՝ Ռուսթավելի 30 հասցեում է գտնվում մեծ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի թանգարանը:
Կառույցը 19-րդ դարի շինություն է, այստեղ թանգարանի կառուցումը սկսվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականին:
Թանգարանում այցելուներին են ներկայացվում մեծանուն արվեստագետի կյանքն ու գործունեությունը, իրականացվում են տարբեր միջոցառումներ, կազմակերպվում ֆիլմերի դիտումներ և թեմատիկ ցերեկույթներ: Զրույց Մհեր Մկրտչյանի թանգարանի էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանի հետ։