ԿարևորՀասարակություն

Մթնոլորտը ճնշող է, նրանք շատ են ու ադրբեջաներեն են խոսում․ արցախցիները՝ ադրբեջանական անցակետով անցնելու լարվածության մասին

Մթնոլորտը ճնշող է, նրանք շատ են ու ադրբեջաներեն են խոսում․ Արցախից Հայաստան  տեղափոխվող քաղաքացիները պատմում են ադրբեջանական անցակետով անցնելու լարվածության մասին։ Այդ լարվածությունը նախօրեին շփոթեցրել էր նաև 17–ամյա հայ ուսանողուհուն, որը ևս 10 երիտասարդների հետ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ին Արցախից Հայաստան էր գալիս։ Անցակետի մոտ ադրբեջանցի լրագրողները հարցեր էին ուղղել արցախցի աղջկան։ Ավելի ուշ հարցազրույցը քննարկումների առարկա էր դարձել ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական մեդիա տիրույթում։

Արցախից Հայաստան՝ ադրբեջանական անցակետով արդեն երկրորդ անգամ․ Մարիամը Երևան է եկել երեկ։  Պատմում է՝ մինչ Հակարիի  կամրջի անցակետ հասնելը սպասել են ռուս խաղաղապահների համար նախատեսված սենյակում։ Հատկապես երեկ շատ են եղել ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ ասում է, նաև հավելում, որ խաղաղապահներից հորդոր են ստացել չխոսելու և ուշադրություն չդարձնելու, եթե անգամ մոտենան։

«Հերթով կանչում, անձնագրերն էին ստուգում։ Խաղաղապահներն ուղեկցում էին մինչև կամուրջ։ Սկզբում ռուսական քաղաքացիությամբ ընտանինքներին տարան, հետո՝ մեզ։ Կամրջի վրա արդեն խաղաղապահները մեզ հետ առաջ չեն գալիս, միայն ադրբեջանցիներն են։ Հերթ ենք կանգնում, մոտենում ենք ստուգման կետին։ Այնտեղ անձանգիրը վեցնում են, մի քանի վայրկյան սպասում ենք, նկարում են։ Այնտեղ այնքան կամերաներ կային, անընդհատ նկարում էին։ Գլուխդ շրջում ես, որ չնկարեն, մյուս կողմից են նկարում»։ 

Նկարում էին՝ առանց  թույլտվություն հարցնելու՝ ասում է զրուցակիցս։

«Ընդհանուր մթնոլորտը շատ ճնշող է, քանի որ իրենք իրար հետ իրենց լեզվով են խոսում։ Շատ ճնշող է, որ թշնամին քո մոտ իր լեզվով է խոսում։ Այդ կետից հետո առաջանում ենք այնտեղ ձեռքի պայուսակն են ստուգում։ Մեր բարեկամներից մեկի պայուսակն անգամ բացել տվեցին։ Եթե կասկածելի բան է լինում, բացել են տալիս։ Կամուրջի մյուս կողմում արդեն խաղաղապահները սպրինտերներ  էին բերել, որ մեզ Երևան տեղափոխեն»։

Ճիշտ այն պահին, երբ ադրբեջանցի լրագրողները հարցեր էին ուղղում անցակետն անցնել պատրաստվող արցախցի ուսանողուհուն, զրուցակցիս անձնագրի ստուգման հերթն էր։ Հետո արդեն մեքենայում է պարզել, որ 17–ամյա աղջիկը  հոգեբանական ծանր վիճակում է։

«Հեռախոսով էր խոսում ոնց որ մայրիկի հետ ու լացում էր։ Ասում էր, որ հարցեր են տվել։ Հետո, որ հեռախոսը անջատեց, ես հարցրեցի ու պարզվեց լրագրողներն են մոտեցել։ Ասում է, այդ պահին ես շատ լարված էի, որ լարվում եմ, չեմ հասկանում շուրջս ինչ է կատարվում։ Չեմ հիշում անգամ ինչ են հարցրել։ Ես չէի հասկանում ՝ինչ է կատարվում։ Այնքան վախեցած էր, ամբողջ մարմնով դողում էր, վիդեոյում էլ է երևում՝ ինչքան է լարված։ Անընդհատ կողքդ ադրբեջանցիներ են պտտվում, ու քիչ չեն։ Մենակ էդ արդեն բավական է, որ հոգեբանորեն ճնշված լինես»։

Հարցազրույցը քննարկումների առարկա դարձավ ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական մեդիա տիրույթում։ Սոցիալական ցանցերում սկսեցին վերլուծել աղջկա պատասխանների բովանդակությունը։ Այդ վերլուծություններին նախ Արցախի ՄԻՊ–ը հակադարձեց։ 

«Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին»։

Այդ տեսանյութի աղջկա հանդեպ հերոսաբար ինքնահաստատվելու փոխարեն, «ինքնահաստատվեք» Արցախի անվտանգության համար պատասխանատու կառույցների հանդեպ՝ այս դիտարկումն էլ վերլուծաբան Հակոբ Բադալյանինն էր։ Հիշեցնելով, որ այդ նույն անցակետից Ադրբեջանը Կարմիր Խաչի ներկայությամբ Վագիֆ Խաչատրյանին ձերբակալել է, Բադալյանը նաև այլ դիտարկում է արել։

«Արցախի անվտանգության կառույցները բացարձակապես չեն աշխատել սահմանը հատող երիտասարդների, պատանիների հետ, ասելով նրանց, որ հրաժարվեն որեւէ լրագրողի հարցերի պատասխանելուց, կամ նրանց հետ մշակեին պատասխանների մի շաբլոն տարբերակ, որով շատ հանգիստ տոնով կներկայացվեր այն, ինչ շահեկան կլիներ մեզ համար եւ թույլ չէր տա ադրբեջանական պրոպագանդային նենգափոխել իրավիճակը»:

Իսկ ադրբեջանական սադրանքները շարունակվում են ոչ միայն Հակարիի կամրջի վրա, այլև Արցախի ողջ տարածքում։ Արդեն 255 օր Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է։ Օր օրի սրվում է հացի ու առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի խնդիրը։

Ասել խանութները դատարկ են, նշանակում է ոչինչ չասել՝ նշում են արցախցիները։ Ստեփանակերտի բնակչուհի Կարինե Հայրապետյանի օրը սկսվում է հացի հերթում, վերջերս հացի հերթին նաև մսի հերթն է ավելացել  

«Այս պահին Արցախում ահավոր վիճակ է։ Խանութները ամբողջությամբ դատարկ են, միսն էլ տեղ-տեղ են վաճառում։ Եթե բախտդ բերի կարող ես երկու կգ վերցնել։ Անցյալ օրը ոտքով աշխատանքի գնալիս մոտ մեկ ժամ հերթ կանգնեցի, բայց հերթը հասավ, ասացին, որ միս չկա։ Հացն էլ ընդհանրապես փուռերում, եթե բախտդ բերի հերթագրվես, երկու հաց կարող են վերցնել, եթե չէ՝ մնում ես առանց  հացի»։

Աղ, ձեթ, քաղցրեղեն, հիգիենայի պարագաներ․ արցախցիներն ասում են, արդեն մոռացել են այս ապրանքատեսակների մասին։

«Արցախում աղ ընդհանրապես չկա։ Եթե բախտդ բերի, կարող ես ոսկու գնով գտնել։ Օճառ, անձեռոցիկ, հիգիենայի պարագաներ իսպառ բացակայում են։ Սա մեծ խնդիր է առաջացնում։ Օճառ, անձեռոցիկ, ուղիղ իմաստով ոչինչ չկա խանութներում»։             

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը արցախցիներին հորդորում է նախարարության կողմից սննդամթերք ստանալու նպատակով կտրոն ստացած անձանց պահեստ ներկայանալ պարտադիր ձեթի համար նախատեսված տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ 5 հատ տոպրակով: Սննդամթերքը կտրամադրվի միմիայն դրանց առկայության դեպքում՝ գերատեսչությունը  հաղորդագրություն է տարածել։

Back to top button