Անկախության Հռչակագիրը մեր ինքնապաշտպանության գլխավոր փաստաթուղթն է․ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր
Ուղիղ 33 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և զարգացման ուղի: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության՝ 12 կետից բաղկացած հռչակագիրը։ Հիմնարար փաստաթղթի ընդունումից շուրջ 1 տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի արդյունքում ձևավորվեց Հայաստանի Հանրապետությունը։
Անկախության հռչակագիրը մեր նպատակների մասին է, մեր ինքնապաշտպանության գլխավոր փաստաթուղթն է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Մեր մտադրությունների մասին է Հռչակագիրը, մենք մտադիր ենք վերականգնել Հայկական պետականությունը, մտադիր ենք ունենալ արժեքային համակարգ՝ ժողովրդավարություն և ժառանգության նկատմամբ բացառիկ հարգանք։ Մեր նախնիները պետություն են ունեցել և մեզ կտակել են պետության գաղափարը, ու մենք՝ որպես հավատարիմ ժառանգներ, հայտարարեցինք, որ հավատարիմ ենք մեր նախնիների, մեր հայրերի, մեր պապերի թողած ժառանգությանը։ Հռչակագիրը նպատակ է, հարկավոր է իրականացնել նպատակները, այսինքն՝ 44-օրյա, քառօրյա պատերազմները խանգարող հանգամանքներ են, և Հռչակագիրը խանգարող հանգամանքների դեմ է»։
Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները՝ ասել է թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի՝ օրվա խորհուրդն այս գրառմամբ է վերլուծել ՀՀ վարչապետը ու շեշտել․
«Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին եւ ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ եւ դրանից հետո Անկախության հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ եւ կարիք ունի խորը քննության, որովհետեւ, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետեւություններով»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
Անկախության հռչակագիրը կարելի է խորը քննության ենթարկել՝ ասում է Ազատ Արշակյանը, հետևել դրույթներին և վերջ, դրանք փոփոխել չի կարելի՝ հստակեցնում է զրուցակիցս։ ԱՄՆ Հռչակագիրը 250 տարի խորը քննության է ենթարկվում, բայց չի փոփոխվում՝ ասում է նախկին պատգամավորը։
Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը 12 կետից բաղկացած փաստաթուղթ է, որի 11-րդ կետով հստակ նշվում է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Ազատ Արշակյան․ «Հռչակագիրը հենց այն մասին է, որ ունենք մրցակիցներ, հակառակորդներ, թշնամիներ և նրանք դեմ են Հայկական պետականությանը։ Հայկական պետականություն նշանակում է հակամարտություն նրանց դեմ, ովքեր դեմ են Հայկական պետությանը։ Ընդհանրապես, դրանք նույնիսկ գենոցիդ են կազմակերպել , էթնիկ հայերին ոչնչացնելու փորձ են կատարել։ Ինչպես կարելի է հիմա շուռ տալ, չդիմադրե՞նք զավթմանը։ Հրաժարվել ցեղասպանությունից նշանակում է զրկվել ինքնապաշտպանությունից։ Մենք չենք կարող ներել, դա հանցագործություն է, դա վաղեմության ժամկետ չունի։ Այդ հանցագործությունը պետք է պատժվի, անկախ նրանից պատժվողները դա ուզո՞ւմ են, թե՞ ոչ»։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ անգամ Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնք ենթակա չեն փոփոխման։ Անկախության հռչակագիրն այս առումով ավելի անխոցելի է։
«Կան անփոխարինելի, հարատև փաստաթղթեր, որոնք ենթակա չեն փոփոխության։ Դրանց փոփոխության համար անհրաժեշտ է, որ պետությունը դադարի իր գոյությունը և հաջորդ էտապով ստեղծվի նոր պետություն, որի հիմքում կդրվի նոր փաստաթուղթ։ Այլ տարբերակ ես չեմ պատրեկացնում»։