Ազգային դրամի 30-ամյակին նվիրված հուշադրամ
2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը:
Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը, անկախ պետականության խորհրդանիշներից է: Դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին: ՀՀ դրամի գոյության 30 տարիների ընթացքում թողարկվել են շրջանառու թղթադրամների և մետաղադրամների մի քանի շարքեր, ինչպես նաև դրամանիշերի այլ տեսակներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հավաքորդների շրջանում՝ շրջանառու հիշատակային մետաղադրամներ, հավաքորդական թղթադրամներ, հուշադրամներ, ներդրումային դրամներ:
Հայաստանի Հանրապետության առաջին հուշադրամը թողարկվել է 1994 թվականին, և այդ ժամանակից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե, արծաթե և պղինձ-նիկելից հատված ավելի քան 440 անվանատեսակի հուշադրամներ՝ նվիրված հայ ժողովրդի ակնառու ներկայացուցիչներին, պատմամշակութային կարևոր իրադարձություններին:
ՀՀ դրամանիշերն արտադրվում են պաշտպանված տպագրության ու դրամահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և համապատասխանում են որակի ու պաշտպանվածության միջազգային չափորոշիչներին։
ՀՀ թղթադրամներն ու մետաղադրամները, արտադրության որակի և գեղարվեստական ձևավորման բարելավմանն ուղղված մշտական և համակարգված աշխատանքի շնորհիվ, հեղինակավոր միջազգային դրամագիտական մրցույթներում բազմիցս արժանացել են մրցանակների և բարձր գնահատանքի:
Դիմերես՝ ՀՀ զինանշանը և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը գիլյոշի պատկերի ֆոնին: Դարձերես` ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:
Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 168,1 գ
Տրամագիծը 63,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ, համարակալված
Թողարկման քանակը 400 հատ
Թողարկման տարեթիվը 2023