ԿարևորՀասարակություն

6-րդ օրն է, որ Գորիսում ենք․ ավտովթարից զոհված արցախցի Հելենի հարազատները սպասում են ԿԽ–ի պատասխանին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն շարունակում է բանակցությունները օգոստոսի 14-ին Գյումրի–Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհ դարձած արցախցի Հելեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխելու համար։ Կառույցի արցախյան գրասենյակից «Ռադիոլուրին» փոխանցել են՝ քննարկումներն ու հանդիպումները որոշում կայացնող կողմերի հետ ընթացքի մեջ են, բայց առայժմ դրական արդյունք չկա։ Վթարից հետո արդեն 6 օր երիտասարդ աղջկա աճյունը Գորիսում է, հարազատները սպասում են ավտովթարից զոհված աղջկա մարմինը հայրենի Ճարտար հասցնելու՝ ադրբեջանական թույլտվությանը ։

Արդեն 6-րդ օրն է Գյումրի–Երևան ավտոճանապարհի ողբերգական վթարից մահացած արցախցի Հելենի քեռին Գորիսում սպասում է իրավիճակի հանգուցալուծմանը։ Վթարից հետո Մուշեղ Սաֆարյանն անձամբ է աճյունը Գյումրիից Գորիս տեղափոխել։

«Աճյունը Գյումրիից վերցրել եմ, եկել եմ Գորիս ու արդեն 6-րդ օրն է չեմ կարողանում այս խոչընդոտը հաղթահարեմ։ Փաստացի, այս պահին էլ դեռ որևէ արդյունք չունենք, ուղղակի Գորիսում սպասում ենք»,– պատմում է աղջկա քեռին։

Ադրբեջանը շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս աղջկա մարմինը Հակարիի կամրջով Արցախ տեղափոխել։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել էր նաև Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Արցախցի երիտասարդ աղջկա մորեղբայրը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ հնարավոր ամեն ինչ անելու են Հելենի մարմինը հարազատներին հասցնելու համար։

«Աղջկա ծնողներին Ստեփանակերտում հանդիպել է նաև ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովը պետնախարարի հետ, խոստացել են, որ եթե Կարմիր խաչը չկարողանա իր առաքելությունը կատարել, իրենք ինչ–որ բան կփորձեն անել»։

Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ շարունակում է քննարկումները կողմերի հետ, որոշում դեռևս չկա՝ «Ռադիոլուրին» ասում է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսաելյանը։

«Այս պահին ավելացնելու բան չունենք, դեռ քննարկումները ընթացքի մեջ են։ Շաբաթ օրը մեր առաքելության ղեկավարը Կառլոս Մորացանին է հանդիպել հարազատների հետ, բացատրել ենք գործընթացի մանրամասները, գործընթացի կարևոր կետերը․ թե ինչ ենք անում ու ինչպես ենք գործընթացը կազմակերպում»,– ասում է Մուսաելյանը։

Հելենը ծնվել ու մեծացել էր Արցախում, ծնողներն ու բոլոր հարազատները Ճարտարում են, աղջիկը Երևանում ուսանող էր, ու քանի որ շրջափակման պայմաններում չէր կարող ամառային արձակուրդները ընտանիքի հետ անցկացնել, որոշել էր գոնե Արևմտյան Հայաստան գնալ՝ պատմում է Հելենի մորեղբայրը։ Հակարիի կամրջի երկու կողմերում ընտանիքի ողբերգությունը երկու մասի է բաժանվել։

«Աղաչում եմ, պահանջում՝ գրավոր մերժման տարբերակը ցույց տալ և ասել պատճառները, ինչու՞ են հայտը մերժել։ Ես մայր եմ, ով ցանկություն ունի կենսաբանորեն, մտավոր, հոգեբանորեն իմ ազգի, հավատքին հավատարիմ ստանալ իմ երեխայի մարմինը՝ հուղարկավորելու։ Ես ուրիշ պահանջ չունեմ»։

Օրեր առաջ Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի դիմաց Հելենի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանն էր պնդում, որ պատրաստ է ուր ու ում պետք է դիմել, միայն թե աղջկա մարմինը իրեն հասցնեն։ Աճյունի տեղափոխումն ընտանիքի իրավունքն է, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Այդ իրավունքի կատարումն ապահովելու համար Հայաստանն արդեն դիմել ՄԻԵԴ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ սա պաշտոնական Բաքվի հանցագործ քաղաքականության հերթական դրսևորումն է։

«Ադրբեջանի ղեկավարությունը գործում է այն ռազմավարությամբ, որ ճնշել որքան հնարավոր է բոլոր գործիքներով: Եվ կիրառել ամբողջ գործիքակազմը, որպեսզի գնալ ինտեգրացման օրակարգով կամ ուղղակի գնալ ու հեռանալ Արցախից»:

Գեղամ Ստեփանյանը հիշեցրել է՝ շրջափակման 8 ամիսների ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Հայաստանում մահացած արցախցիների մարմինների տեղափոխմանը կամ հակառակ գործընթացին: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լիահույս է, որ ԿԽՄԿ-ն հավատարիմ կմնա իր առաքելությանը և կկարողանա կարգավորել  հումանիտար խնդիրը։

«Ինքը առանձնահատուկ երեխա էր դասարանի գերազանցիկն էր, որտեղ սովորւմ էր միշտ գերազանց առաջադիմություն ուներ, համեստ էր․․․ ոսկու կտոր էր․․․»,– եզրափակում է Հելենի մորեղբայրը։

Հելենի ընտանիքում էլ հույսը դեռ չեն կորցնում ։

Կարդացեք նաև

Back to top button