Վերնատուն

«Մի մեծ պատմություն» կամ արվեստի մահվան ու նոր արվեստի մասին․ «Վերնատուն»

«Մի մեծ պատմություն» վավերագրական ֆիլմը արվեստագետ Սահակ Պողոսյանի և նրա ստեղծագործության մասին է։ Ֆիլմը, ինչպես հեղինակներն են ասում, արվեստագետների մասին պատմող 9 հեռուսատեսային ֆիլմաշարից վերաճել, դարձել է «մեծ կտավի գործ»։

Ալեք Բայանդուրյան Լևասգանիի և Մարիա Բալասանյանի համահեղինակությամբ ֆիլմաշարը, ինչպես իրենք են ասում, մարդ-արվեստագետների մասին է:

«Նկարիչների ու արվեստագետների մասին պատմող ֆիլմերը սովորաբար ամենաձանձրալի ու վատ ստացված ֆիլմերն են։ Մենք Մարիայի հետ համարձակվեցինք ստեղծել մի ֆիլմաշար, որն առաջին հերթին մարդու և հետո արվեստագետների մասին են։ Սահակ Պողոսյանի և նրա գործի մասին պատմող «Մի մեծ պատմություն» ֆիլմը վերափոխվեց մեծ էկրանի համար, քանի որ Սահակը մեկ կարճամետրաժ ֆիլմում չտեղավորվեց», – ասում է Ալեք Բայանդուրյան Լևասգանին։

Ալեքն ասում է՝ ֆիլմը ստեղծվել է երեք տարբեր սերնդի արվեստագետների փոխադարձ վստահության և հաջող համագործակցության արդյունքում։ Սահակ Պողոսյանն էլ հավելում է, որ նախկինում իր գործերի մասին ֆիլմ ստեղծելու փորձեր եղել են, բայց նկարահանողները լիարժեք չեն ընկալել գործերը։

«Ալեքը կամերայով աշխատող նկարիչ-արվեստագետ է, վիզուալ պատկերի կրթություն ունեցող, ինչը կարևոր է։ Հենց սկզբից ես պայման էի դրել, որ ռեժիսուրա, որպես այդպիսին, չի լինելու, որովհետև ես անում եմ մի բան, որն ինձ հետաքրքիր է, ու հենց աշխատանքի պրոցեսում արվեստային բացահայտումներ են լինում։ Դժվար է Հայաստանում ինչ-որ ստեղծագործություն իրականացնելը՝ հողը ճարելուց մինչև ցուցասրահ, որը կհամաձայնվի ստեղծագործությունը ցուցադրել։ Պարզվեց՝ սարսափելի բարդ բան է, ու դրա համար համառություն, մեծ սեր ու ցանկություն է պետք», – ասում է Սահակ Պողոսյանը։

Երկրորդ փուլն էլ այս ստեղծագործությունը ընկալելու և հասկանալու փուլն էր, քանի որ Սահակ Պողոսյանի «Շիրիմ» վերնագրով ինստալացիային, որը ներկայացվել էր Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում, սոցցանցերում հակասական կարծիքների, վեճերի ու տարընթերցումների առիթ ստեղծեց։

«Իմ բոլոր ստեղծագործություններում հողը որպես նյութ հանդես չի գալիս, այլ որպես գաղափար է ներկայանում։ Այդ նրբությունը հանդիսատեսը և իմ արվեստագետ շատ ընկերները չէին հասկանում։ Իմ գործում արվեստի մահվան և նոր արվեստի, իրար չկապվող և իրարից հեռու լինելու գաղափարն էր», – մեկնաբանում է Սահակ Պողոսյանը։

«Մի մեծ պատմություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 26-ին, ժամը 19։30 -ին, Կինոյի տան դահլիճում։ Մուտքն ազատ է։

Back to top button