Ինչպես են կապանցիները տոնել քաղաքի օրը
Կապանցիները տոնում են քաղաքի օրը։ Հայաստանի հարավային մայրաքաղաքում` Կապանում, օգոստոսի 19-ին վաղ առավոտից տոնական մթնոլորտ է։ Գարեգին Նժդեհի անվան հրապարակից պարային ֆլեշմոբով, ջրցան մեքենաների շքերթով մեկնարկեցին միջոցառումները։
Մշակույթի կենտրոնի հրապարակում երիտասարդների շուրջպարով կտրվեց խորհրդանշական տորթը, որը համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները բաժանեցին քաղաքի բոլոր թաղամասերում։
Քաղաքի օրը կապանցի պատանիները՝ մարզական միջոցառումների ժամանակ, իրենց ուժերը չափեցին կրոսավազք, հեծանվավազք մրցաձեւերից։ Իսկ ամենափոքրերը՝ ինքնագլորներով դուրս եկան մրցասպարեզ։ Լավագույնները պագեւատրվեցին մեդալներով։
«Կապան, քեզանում են մեր բոլոր ակունքները» կարգախոսով՝ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, մանկավարժ Լեւոն Մարգարյանը։
Ներկայացվել է Ստեփանակերտի քաղաքապետի շնորհավորական ուղերձը։
Կապան քաղաքի օրվա կապակցությամբ ավանդույթի համաձայն Գևորգ Փարսյանի կողմից պատվոգրերի, շնորհակալագրերի և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների արժանացան համայնքի զարգացման տարբեր ոլորտներում իրենց ավանդը ներդրած մի շարք կապանցի երաշխտավորներ։
Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Կապան համայնքի բարձրագույն՝ «Կապան» մեդալով է պարգևատրվել վաստակաշատ մանկավարժ Ռոման Ստեփանյանը։
Պաշտոնական մասից հետո ներկաները վայելեցին տոնական համերգ՝ մշակույթի կենտրոնի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի, երգիչ-երգչուհիների, Կապանի կանանց երգչախմբի մասնակցությամբ։