Հյուսիս–հարավից մինչև մարզ-նահանգ համագործակցություն․ ՉԺՀ դեսպանը՝ հայ–չինական գործընկերության մասին


Չինաստանը և Հայաստանը հավատարիմ ընկերներ ու հուսալի գործընկերներ են՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգը՝ նկատելով, որ հայ–չինական բարեկամությունն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։ Դեսպան Ֆան Յոնգը դիվանագիտական ծառայության է անցել 2020 թվականի նոյեմբերից։ Նախորդ տարվա ընթացքում հասցրել է լինել Հայաստանի 10 մարզերում։ Կարծում է՝ հայկական մարզ– չինական նահանգ համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի։
«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունից մինչև հայաստանյան մարզերի ու չինական նահանգների միջև համագործակցություն։
Հայաստանում Չինաստանի դեսպանը դեսպանատան նոր շենքում է պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Հանրային ռադիոյի հարցը Հյուսիս-հարավ ճանապարհի հնարավոր վերջնաժամկետի, փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակում դրա շահագործման հեռանկարների մասին է։
«Չինական կողմի կազմակերպությունն արդեն հանձնել է իրեն հանձնարարված 2 հատվածները, բայց դրանք ընդհանուր ճանապարհի միայն փոքր մասն են։ Ընդ որում՝ այդ 2 հատվածներից միայն մեկն է ամբողջությամբ ավարտված։ Եթե Երևանից գնաք դեպի Գյումրի, կտեսնեք փոփոխություններն ու կնկատեք, թե ինչպես է ընթանում ճանապարհաշինությունը։ Մյուս մասը կառուցման ընթացքում է, որոշ խնդիրներ եղան, շինարարությունը դանդաղեց, բայց կարծում ենք, որ մինչև այս տարեվերջ ամբողջությամբ պատրաստ կլինի»։






Այս տարի լրանում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տասնամյակը։Դեսպանի խոսքով՝ Հայաստանն առաջիններից էր, որ արձագանքեց և միացավ նախաձեռնությանը, ինչն արդեն շոշափելի օգուտներ է բերում երկու ժողովուրդներին։
Ֆան Յոնգի խոսքով՝ Չինաստանը տարիներ շարունակ Հայաստանի խոշոր առևտրային գործընկերներից մեկն է, իրենց վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին երկկողմ առևտուրը կազմել է 1.43 միլիարդ դոլար, իսկ 2023-ի առաջին կեսին ցուցանիշն արդեն գերազանցել է 800 միլիոն դոլարը։
Այս տարվա նոյեմբերին Շանհայ մեգապոլիսում տեղի կունենա Չինաստան ներմուծվող ապրանքների 6-րդ միջազգային ցուցահանդեսը, որին կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը։
«Հայ ձեռներեցները կարող են զարկ տալ ավելի թիրախային ապրանքների ներմուծմանը, ինչպիսիք են գինին, հանքային ջուրը, գյուղմթերքը։ Ցուցահանդեսի միջոցով նրանք կարող են բացահայտել նաև համագործակցության նոր հնարավորություններ թվային տնտեսության և նորարարությունների ոլորտում»։
Հայաստանում դեսպան Ֆան Յոնգը դիվանագիտական ծառայության է անցել 2020 թվականի նոյեմբերից։ Նախորդ տարվա ընթացքում եղել է Հայաստանի 10 մարզերում։
«Մանրամասն քննարկումներ ունեցա մարզպետների և քաղաքապետերի հետ՝ 2 երկրների տեղական համագործակցության ներուժը բացահայտելու համար։ Ուստի՝ հաջորդիվ կխթանենք Հայաստանի մարզերի և չինական նահանգների միջև բարեկամական հարաբերությունների հաստատմանը, կամրապնդենք տեղական առևտրատնտեսական ներդրումային համագործակցությունը»։
Հայաստանում Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչն առաջնահերթ է համարում ուղիղ չվերթներ բացելու հարցը, հատկապես որ 2020 թվականի հունվարից վիզային ռեժիմը հեշտացվել է։ Դիվանագետի խոսքով՝ առևտրի ոլորտում համագործակցությունից զատ, կողմերը պատրաստ են խորացնել դրամավարկային և ֆինանսական համագործակցությունը։
«Չինական կողմի վիճակագրության համաձայն՝ չինական ներդրումները Հայաստանում կազմում են 50 միլիոն դոլար, իսկ հայկական կողմնի ներդրումները Չինաստանում մոտ 15 միլիոն դոլար։ Չեմ կարծում, որ դրանք մեծ թվեր են, բայց այս ուղղությամբ կարող ենք աշխատել, ուստի խրախուսում ենք 2 երկրների ձեռնարկություններում փոխադարձ ներդրումների ընդլայնումը»։
Տնտեսականից զատ, արծարծվեցին նաև անվտանգային հարցեր։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, դեսպանը նկատեց՝ չինական կողմի տեսակետն է, որ հարցը լուծվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ պահպանելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Չինական կողմն աջակցում է այդ նպատակին հասնելու դիվանագիտական ջանքերին։
«Ե՛վ Չինաստանը, և՛ Հայաստանը պատմական մեծ ժառանգություն ունեցող հնագույն քաղաքակրթություններ են։ 2-ն էլ կարևոր ներդրում ունեն մարդկային քաղաքակրթության առաջընթացի գործում։ Որպես պատասխանատու, խոշոր երկիր՝ Չինաստանը պատրաստ է ակտիվ և կառուցողական դերակատարում ունենալ հարավկովկասյան տարածաշրջանի գործերում՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»։
Դեսպան Ֆան Յոնգը հիշեցրեց՝ վերջերս Չինաստանը հաջողությամբ միջնորդեց Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Ըստ նրա՝ դա երկխոսելու միջոցով հաղթանակ է և գլոբալ անվտանգության իրացման հաջող փորձ։
Դեսպանը հուսով է, որ Հայաստանը հնարավորինս շուտ կմիանա Չինաստանի՝ «Գլոբալ զարգացման» և «Գլոբալ անվտանգության» նախաձեռնությունների գործընկեր երկրների խմբին։