Ջրի խնդիր՝ Երևանում․ «Վեոլիա ջուր»–ը քաղաքացիների զայրույթը հասկանում է
Դժգոհությունները «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են։ Մայրաքաղաքի բնակիչները բողոքում են հաճախակի ջրանջատումներից, դրանց մասին պատշաճ չտեղեկացվելուց, նաև՝ ջրի որակից։ Ընկերության տնօրենը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանել է՝ կտրուկ աճել է ջրաքանակի պահանջարկը, բացառիկ բարձր ջերմաստիճան է գրանցվել, ինքնահոս ջրաղբյուրներում էլ նվազել են ջրի պաշարները։ Սրան գումարվում են մաշված կամ գոյություն չունեցող ենթակառուցվածքները։
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ոչ միայն «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից ու ջրանջատումներից դժգոհությունների պակաս չկա։ Դրանք հաճախակիացել են հատկապես վերջին երկու շաբաթների ընթացքում, երբ ջերմաստիճանը Երևանում 40 աստիճանի շրջակայքում է։ Ջրանջատումների մի մասը պլանային է, մյուս մասը՝ վթարային՝ պարզաբանում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանը փաստում է՝ դժգոհություններից տեղյակ են, գիտեն, որ հատկապես վերջին շրջանում են դրանք ավելացել։ Բացատրում է հիմական պատճառները՝ ջրաքանակի պահանջարկի կտրուկ աճ, բացառիկ բարձր ջերմաստիճան, ինքնահոս աղբյուրներից ջրի հոսքի աստիճանական նվազում։
«Օգոստոսի մասին խոսեմ․ ունենք աղբյուրներից պակաս եկող շատ անհանգստացնող՝ 811 լիտր/վայրկյան ջրաքանակ։ Այս տարբերությունը մենք նկատում ենք 2023–ին 2017թվականի համեմատ, հինգ տարվա ընթացքում։ Անկումը կտրուկ է, անհանգստանցնող, քանի որ դեֆիցիտը գնալով մեծանում է»։
Նվազող ռեսուրսներով աճող պահանջարկը բավարարելու համար արդիականցնում են համակարգը։ Բայց Հայաստանում ջուրն ավելի արագ է պակասում, քան կատարվում են ներդրումները ու վերականգվում է համակարգը։ Խնդիրը սրվում է հատկապես ամռանը՝ ասում է Շահինյանը։
«Ունեցած ջրաքանակը, որը մենք ի վիճակի ենք ֆիզիկապես ու տեխնիկապես ապահովել, 618 լիտր/վայրկյանն է։ Այդ պակասող 200 լիտր/վայրկյանը քաղաքի համար շոշափելի քանակ է։ Մի կողմից՝ ունենք ջրաղբյուրների նվազում, մյուս կողմից՝ ջրի սպառման կտրուկ աճ»։
Սպառողների դժգոհություններն ուղղվում են ոչ միայն օպերատորին, այլ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Եթե 2021–ի ամռան ամսիներին հանձնաժողովը ստացել է 246, 2022–ին՝ 462 դիմում, ապա այս տարվա մինչև օգոստոսի 16–ը ներառյալ ջրամատակարարմանը վերաբերող 681 դիմում–բողոք է ստացել։ Հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝
«Ութ–ինը մեծ վթար ունեցանք։ Դրանք կապված էին Արզնու ջրատարի, Ապարանի, Արզականի ջրատարների հետ։ Սպասարկման շառավիղը մեծ է, բնականաբար վթարների ժամանակ սկսվում է ահազանգերի հոսքը։ Երբ 1-85 ծառայությունը ֆիզիկապես չի հասցնում պատասխանել, զանգերն ու բողոքները հանձնաժողով են գալիս»։
Առաջիկայում կփորձեն բաժանորդներին նաև sms հաղորդագրություններով տեղեկացնել ջրանջատումների գրաֆիկի մասին։ Սրան զուգահեռ հանձնաժողովի անդամը հիշեցնում է՝ ջուրը պետք է խնայողաբար օգտագործել, խմելու ջրով այգի չոռոգել․
«Նույն ծավալի ջրաքանակի դեպքում ամառային ժամանակահատվածում լրացուցիչ մեծ ջրապահանջարկ ենք ունենում։ Դա կապված է ջրի վատնման , նաև՝ հասանելի վայրերում խմելու ջրով ոռոգում իրականցնելու հետ։ Շատ խնդիրներ ունենք, որ պետք է մշակույթը զարգացնենք, որ համապատասխան վերաբերմունք ունենանք ջրի հանդեպ։ Ջուրը էլեկտրաէնեգիա չէ, որ ավելի շատ արտադրենք պահանջարկը բավարարելու համար։ Ջուրը ռեսուրս է, որը բնությունը որքան տալիս է, այդքան էլ պետք է օգտագործվի»։
Խմելու ջրով այգի ոռոգելու, ջրի պահանջարկը մեծացնելու, նաև մաշված ենթակառուցվածքների պատճառով ավելացել են վթարները։ Դրանց դեպքում հնարավոր չէ նախապես տեղեկացնել սպառողներին, երբեմն էլ հնարավոր չէ կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնման համար՝ ասում է «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենը։
«Զայրույթը հասկանում եմ, բայց, ցավոք, չեմ կարող ենթակառուցվածքի հետ վիճել։ Մեկ ամսվա ընթացքում 868 հատ վթար են ունեցել Երևանում ու երևանամերձ տարածքում»։
2017 թվականից «Վեոլիա ջուր»–ը միասնական օպերատոր է՝ պետական–մասնավոր համագործակցությամբ։ Ենթակառուցվածքները, համակարգը, ջրային ռեսուրսները պետական սեփականություն են, որոնք վարձակալության պայմանագրով հանձնվել են մրցույթում հաղթած ընկերության կառավարմանը։ Ոլորտում պահանջվող աշխատանքը մեծ ներդրումներ ու բարձր սակագին է ենթադրում՝ ասում է ընկերության տնօրենը։
«Մեր հանրությունը, ցավոք, ցանկանում է ունենալ նվազագույն սակագնի շեմ, միշտ քննադատում է ընկերությանը սակագնի փոփոխության հարցում, անկախ նրանից՝ դա իր գործունեությունից բխող երևո՞ւյթ է, թե՞ ոչ։ Ընկերությունը, որպեսզի այդ սակագնի հայտերը մեղմի, իր բոլոր ջանքերը, կորուստները ատևտրային տեսանկյունից իբչև զսպենք։ Բայց տնտեսական տեսանկյունից դա համակարգի համար ցանկալի չէ»։
Մարիաննա Շահինյանը հայտնի առածն է հիշեցնում է՝ որևէ ապրանքի ցածր գնի մասին խոսելիս «ջրի գին» արտահայտությունն ենք մատնանշում, իրականում Հայաստանում ջուրն անգին է։ Ինչ վերաբերում է որակին, ապա ջուրը պարբերաբար մանրէաբանական փորձաքննություն է անցնում։ Ամռան ամիսներին ջրի համն, այդուհանդերձ, որոշ վարչական շրջաններում փոխվել է։ Սա բացատրություն ունի՝ ասում է ընկերության տնօրենը։ Ամռան ամիսներին ջրի պահանջարկի պիկը փակելու համար վարչական տարածքներից շատերը Գառնիի աղբյուրի փոխարեն ջուր են ստանում Արարատյան ջրավազանից։