ԿարևորՀասարակություն

Հրատապ ասուլիսի հիմնական թեզը` Արցախում կատարվողը ցեղասպանություն է

՝Բայդենը ճանաչել է 1915 թվականի ցեղասպանությունը, իսկ այժմ անհրաժեշտ է կանխել նոր ցեղասպանությունը՝ Արցախում ստեղծված իրավիճակին նվիրված հրատապ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։  Նա կրկնել է վերջին զեկույցում ներկայացրած իր գնահատականը՝ Արցախում ստեղծված իրավիճակը ցեղասպանական է և  հրատապ միջամտություն է պահանջում:

Այս իրավիճակը մենք ստացել ենք որպես հետևանք 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի անպատժելիության՝ ասուլիսին նշել է Արցախի արտգործնախարարը։ Նա ողջունել է ՄԱԿ–ի  Անվտանգության խորհրդի հրատապ նիստի հրավիրումը և նկատել ՝ սա միայն գործընթացի սկիզբն է։ Ըստ Սերգեյ Ղազարյանի՝  հենց ՄԱԿ–ի ԱԽ–ն  է այն կառույցը, որը կարող է ու պարտավոր է կանխել Ադրբեջանի  ցեղասպան քաղաքականությունը։

Ցեղասպանությունը կանխելը միջազգային հանրության ոչ թե իրավունքը, այլ պարտականությունն է ՝ կարծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։ Իսկ այժմ Արցախում կատարվողը «ցեղասպանություն» եզրույթից ավելի դիպուկ ու համապարփակ այլ որակում չի կարող ստանալ։

«Այլ կերպ, քան ցեղասպան, ադրբեջանցիների կողմից վարվող քաղաքականությունը մենք չենք կարող բնորոշել։ Բազմիցս նշել ենք Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ովքեր ստեղծված իրավիճակի համար կրում են իրենց պատասխանատվության չափաբաժինը, հաշվի առնելով այն, որ երկար տարիներ նրանց հովանու ներքո էր ընթանում բանակցային գործընթացը, որը կոպտորեն արհամարհվել է Ադրբեջանի կողմից, և մենք ստացել ենք 2020-ի պատերազմը»։

Ադրբեջանական կողմը փորձում է օգտվել միջազգային հարաբերությունների համակարգում ստեղծված «բարենպաստ» պայմաններից և ավարտին հասցնել իր հանցագործ քաղաքականությունը, այն է՝ հայաթափել Արցախը՝ ասում է Ղազարյանը։

Հայերը չպետք է ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը լինեն՝  շարունակում է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի եւ Յեյլի համալսարանների նախկին պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն։ Միջազգային անկախ փորձագետը կրկնում է վերջերս հրապարակած զեկույցի գլխավոր թեզը՝ այն, ինչ կատարվում է Արցախում,  ցեղասպանություն է ըստ Ժնևի կոնվենցիայի։

«Կարծում եմ՝ Միջազգային քրեական դատարան վճռին դիմադրելը, միջանցքը բացելու պահանջը մերժելը ևս մեկ անգամ փաստում կամ ապացուցում է ցեղասպանական գործողությունները։ Բոլորն Ադրբեջանին ասում են՝ այդ շրջափակումը դադարեցրեք, մարդիկ սովից մեռնում են։ Նրանք արհամարհում են, էլ ի՞նչ է պետք ապացուցելու համար նրանց ցեղասպանական մտադրությունները։ Ասում են՝ դադարեցրեք պաշարումը, չեն դադարացնում։ Վերջ, սա ակնհայտ է, հստակ է, հասկանալի է բոլորի համար»։

Օկամպոյի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է օգտել աշխարհաքաղաքական իրավիճակից։ Հիշեցնում է՝ նման դրսևորում արդեն տեսել ենք 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան պատերազմի շղարշի ներքո իրականացրեց ցեղասպանություն՝ փորձելով  այն աննկատ դարձնել։

«Հայերը, որ ապրում են Ադրբեջանում, չեն կարող ոչնչացվել․ դա է հիմնական թեման, պետք է կանխել ցեղասպանությունը, սա կապ չունի որևէ այլ հարցի հետ։ Եվ ես փորձ եմ տեսնում տարբեր երկրների կողմից բաժանարար գծերն  ընդգծելու  ՌԴ–ի, ֆրանսիայի  և ԱՄՆ–ի միջև  քննարկումն  այս կարևորագույն թեմայից շեղելու նպատակով»։

Ղազարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի քննարկումն արդեն իսկ ողջունելի է համարում, ավելի կարևորում որոշ երկրների՝ հստակ դիրքորոշում հայտնելու պատրաստակամությունը, բայց շեղող թեմաների արծարծումն ու դրանցով կարևորը ստվերելու որոշ երկրների ջանքերը դատապարտելի է համարում․

«Մտահոգություն ունենք, որ մի շարք երկրների կողմից փորձեր են կատարվել հավասարության նշաններ դնել Լաչինի միջանցքի և ինչ-որ այլ ճանապարհների տրասնպորտային կոմունիկացիաների միջև ինչը անթույլատրելի է և չի համապատասխանում  է Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված պարամետրերին։ ՄԱԿ Ախ–ում այս արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, և գործընթացը շարունակվելու է»։

Հրատապ ասուլիսի բանախոսները նշում են՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն այն կառույցն է, որն ունի այս ամենը կանխելու և կարողություններ, և լիազորություններ, և հնարավորություններ։ Սակայն միջանցքը շարունակվում է փակ մնալ։ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազի խոսքով՝ լուծումն այն է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան օգնեն Ռուսաստանին կատարել իր խաղաղապահ առաքելությունը․

«Քաղաքական առումով այս պահին դա հնարավոր չէ, համաձայնություն չկա, բայց ՌԴ–ն, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան պետք է համաձայնության գան, որ ռուս խաղաղապահները կարողանան մարդասիրական աջակցությունը տեղ հասցնել։ Ես կպնդեմ՝ լուծումն այն է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին օգնի՝ իր գործն անել»։

Արցախի  արտաքին գործերի նախարարի խոսքով՝ իրենց ակնկալիքն այն է, որ հնչեն ստեղծված իրավիճակը բնութագրող հստակ գնահատականներ ու որակումներ, դրանց տրվի կոնկրետ իրավական կարգավիճակ Դրանից հետո հնարավոր կլինի կիրառել նաև որոշակի պատժամիջոցներ։

Կարդացեք նաև

Back to top button