ՄԱԿ ԱԽ–ի արտահերթ նիստում Հայաստանի արտգործնախարարն թվարկել է այն ակնկալիքները, որոնք հայկական կողմին ստիպել են հրատապ քննարկում հրավիրել: Որպես պատերազմի մեթոդ սովի կիրառումը թույլ չտալու և Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու պահանջներից բացի՝ Արարատ Միրզոյանը խոսել է Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն գործուղելու անհրաժեշտության մասին։ Նախօրեին էլ ԵԱՀԿ գործող նախագահն էր տեղեկացրել, որ իր անձնական ներկայացուցիչը կժամանկի Լաչինի միջանք՝ տեղում դիտարկելու իրավիճակը և զեկուցելու բոլոր հանգամանքների մասին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը շտապել էր արձագանքել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցքով ազատ անցում ապահովելու կոչին և կրկին պնդել, թե ճանապարհը բաց է։
ՄԱԿ–ի ԱԽ արտահերթ նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ի թիվս այլ դիտարկումների, շեշտեց Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն գործուղելու և տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։
«Այս հումանիտար հարցերն ակնհայտորեն պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջամտությամբ՝ նախքան բացասական հետևանքները կհանգեցնեն ԼՂ ժողովրդի էթնիկ զտման»,– նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը խելամիտ է որակում հայկական կողմի այս առաջարկը, կարծում է՝ ճիշտ չէր լինի միանգամից խոսել խաղաղապահ առաքելության մասին։
«ՄԱԿ–ի կողմից հավանաբար ՅՈՒՆԻՍԵՖ–ը կարող է ուղարկել որոշակի նախաձեռնություն և սա շատ կարևոր է, որ ապօրինությունները բացառվեն, և եթե միջազգային առաքելություն լինի տարածաշրջանում, Արցախում գուցե հնարավոր կլինի ժողովրդավարության ատրիբուտներ ենթադրող քաղաքական գործողություններ իրականացնել, օրինակ ընտրություններ, որովհետև եթե այս պահի դրությամբ ընտրություններ իրականացվեն շատ մեծ ռիսկ կա, որ ռուս-ադրբեջանական սադրանքի միջոցով այդ ընտրությունները ոչ միայն կտապալվեն, այլև ագրեսիա տեղի կունենա Արցախի նկատմամբ»։
Քաղաքագետը գրեթե համոզված է, որ քննարկմանը բանաձևի ընդունում չի հաջորդի, բայց կլինի հայտարարություն, ինչը հնարավորություն կտա հողի վրա իրավիճակ փոխել՝ քայլերը ճիշտ գնահատելու և հստակ գործողությունների դիմելու դեպքում․
«Իսկ գետնի վրա իրողություն փոխելու գործիքակազմի մեջ մտնում է նաև ռազմական ուժի կիրառությունը։ Եթե միջազգայի ասպարեզում տարբեր տեսակի բարոյական հիմքերի փաստական կուտակումը մեր ձեռքում լինի անգամ, եթե աղետը կանխարգելելու համար բիրտ ուժ նախաձեռնեցինք, աշխարհը մեզ չի ասի, թե նախահարձակ եք եղել։ Բարոյական հիմքերը կան ձեր գնահատականներով հանդերձ և մենք կանխել ենք հումանիտար աղետը։ Գուցե միակ խելամիտ հանգամանքը սա է, հաշվարկեք տեսեք»։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, մինչդեռ ,կարծում է, որ Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ում որևէ դիվանագիտական առաջարկ չներկայացրեց ու այն, ինչի մասին խոսվեց, ընդամենը փաստերի արձանագրում էր։
«Ո՛չ խոսվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, ո՛չ խոսվեց կոնկրետ գործնական քայլերի մասին, այլ առաջարկվեց, որ փաստահավաք խմբեր ուղարկվեն Արցախ, իրավիճակը գնահատող խմբեր ուղարկվեն, ինչը ես համազված եմ, որ նախ տեղի չի ունենա, բացի այդ Ադրբեջանի թույլտվությունը չի լինի։ Այս դեպքում մենք տեսնում ենք բազմաթիվ անգամներ, որ Ադրբեջանը արհամարհած ունի ինչպես Հաագայի որոշումը, այնպես էլ այն որոշումը, որը եթե ընդունվի»։
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին օրերս Ադրբեջան կատարած այցից հետո Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները բացելու կոչեր արեց, այնուհետև թվիթերյան գրառմամբ հայտնեց, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, խնդրել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այցելել Լաչինի շրջան և զեկուցել իրավիճակի «բոլոր հանգամանքների մասին»։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը հիշեցնում է, որ արգելափակման ընթացքում Բերձորի միջանցք այցելել են բազմաթիվ միջազգային պաշտոնյաներ։ Կասպրշիկի այցը , ըստ նրա, կլինի հերթականը այդ շարքում։
«ՄԱԿ և առհասարակ միջազգային կազմակերպությունները քաղաքական ավանդույթ չունեն խոսքին հավատալու, իրենք իրենց աչքով պետք է տեսնեն։ Մենք տեսանք, որ ՄԱԿ ԱԽ հայկական կողմը նկարներ ցույց տվեց, հետո ադրբեջանական կողմը նկարաներ ցույց տվեց, հետո հայկական կողմը խոսեց, որ ցեղասպանության վտանգ կա Արցախում, ադրբեջանական կողմը աղաղակեց, թե իրենց բարի համբավին են վնաս հասցնում։ Այս ամենը հասկանալու համար պետք է սեփական աչքերով տեսնել, և Կասպրշիկը կլինի սեփական աչքերը»։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ–ն դեռևս գործող կառույց է, որը իրավական առումով դեռևս չի չեղարկվել, և այս առումով Կասպրշիկին Բերձոր գործուղելը կարևոր քայլ է։
«Ես կարծում եմ, որ Կասպրշիկի կողմից կհնչի եթե ոչ հայանպաստ, ապա իրավիճակը օբեկտիվ ներկայացնող հայտարարություն»։
Միջազգայնագետը նաև նկատում է՝ եթե ՄԱԿ–ի ԱԽ–ն հրատապ քննարկումից հետո որևէ փաստաթուղթ չընդունի, ապա դրանով իսկ կանաչ լույս կվառվի Բաքվի համար։