

ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացակարգով հստակ չի սահմանվում՝ երեկ գիշեր շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո որևէ փաստաթուղթ կընդունվի՞, թե՞ ոչ։ Կողմերի ու Անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումները լսելուց հետո շրջանառության մեջ կարող է բանաձևի և հայտարարության տեքստ դրվել։ Ընթացքում կարող են փոփոխությունների կամ լրացումների առաջարկներ լինել, որոնց ընդունվել–չընդունվելուց էլ, ըստ ամենայնի, կախված կլինեն քվեարկության ժամանակ երկրների դիրքորոշումները։ Մինչ այդ փորձագետներն ամփոփում են հնչած ելույթներն ու դրանց վերլուծությամբ փորձում հասկանալ, թե ինչ մթնոլորտ է ձևավորվել կառույցում և ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ հնարավոր քվեարկությունից։
Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցով Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ–ի ԱԽ–ի արտահերթ նիստն առայժմ լուծումներ չի առաջարկել։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կարծիքով՝ իրավական որոշումների և քաղաքական հայտարարությունների կողքին կարևոր է նաև երրորդ հարթությունը, որի ուղղությամբ պետք է աշխատի Հայաստանը։
«Այս իրավիճակում մենք գործ ունենք այնպիսի ճգնաժամային արդեն իրավիճակի հետ, չնայած միջազգային դատական ատյանների դիրքորոշումների առկայությանը, չնայած տարածվող բազմաթիվ հայտարարությունների, մենք ունենք խնդրի չշտկված իրավիճակ և, բնականաբար, այստեղ կարիք կա նաև գործուն քայլերի ձեռնարկման ու այդ տեսանկյունից, այո, շատ կարևոր է, որ միջազգային դերակատարները գործուն քայլեր ձեռնարկեն խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Մենք չենք կարող խոսել, ինչպես շատ հաճախ են ասում՝ «առնվազն այսինչ իրավունքը երաշխավորված է։ Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում խոսել «առնվազն» երաշխավորված իրավունքների մասին։ Մենք պետք է ունենանք հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանություն և երաշխավորություն»։
Ի՞նչ տվեց Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ–ի ԱԽ–ում, դեռ հայտնի չէ։
Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրների ներկայացուցիչների գերակշռող մեծամասնությունը համակարծիք էր` մարդասիրական խնդիրները չեն կարող օգտագործվել որպես մահակ120 հազար մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր` Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, հնարավոր համարեցին նաև այլ երթուղիների գործարկումը` Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ:
Կառույցի ընթացակարգը հուշում է, որ նիստից հետո կողմերն առանձնանում են՝ քննարկելու կոնկրետ երկրի առաջարկած բանաձևը։ Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրների ներկայացուցիչների կարող են հանդես գալ առաջարկներով և դրանց ընդունման կամ չընդունման որոշումից էլ, ըստ ամենայնի, կախված է քվեարկության ժամանակ երկրների դիրքորոշումը։
Ընթացակարգով նաև հստակ է, որ ՄԱԿ ԱԽ–ի բանաձև ընդունելու համար անհրաժեշտ է ապահովել 9 «կողմ» քվեարկություն և չունենալ մշտական հինգ անդամներից որևէ մեկի վետոն։ Հայաստանի վերլուծական դաշտում փորձում են հասկանալ, թե ինչ ուղղությամբ ընթացավ քննարկումը և հնարավոր քվերակության ինչ պատկեր է այն ենթադրում։
1 ժամ 50 րոպեում ՄԱԿ ԱԽ–ի նիստում գրանցվեց կառույցի անդամ պետությունների և հրավիրյալ ներկայացուցիչների 20 ելույթ։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը ելույթների վերլուծություններով պայմանական բաժանում է արել և նախնական ենթադրում է, որ բանաձևի ընդունման համար անհրաժեշտ 9 «կողմ» ձայներից 8–ը, հնարավոր է, ապահովված է։ Բայց այդ հարաբերակցությունը հետագա ոչ հրապարակային քննարկումների արդյունքում կարող է փոխվել այս կամ այն ուղղությամբ։ Քաղաքագետը հավասարակշռված և օբյեկտիվ է համարել Շվեյցարիայի, Մալթայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, էկվադորի և ԱՄՆ–ի ներկայացուցիչների ելույթները։ Ասում է՝ հստակ շեշտադրել են Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի փաստը և պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Ստեփան Գրիգորյանն այս ելույթներից առանձնացրել է դիվանագիտական կարևոր 3 նրբություն․
«Մալթան ասաց, որ Ադրբեջանը չպետք է առաջարկի Աղդամի ճանապարհը։ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Էկվադորը ասաց, որ պետք է հարգվեն 2020–ի նոյեմբերի 9–-ի պայմանավորվածությունները։ Այստեղ շատ կարևոր է, որ գրում են նոյեմբերի 9–ը։ Ադրբեջանը միշտ ասում է նոյեմբերի 10։ Գիշերն էր, քանի որ նրանց մոտ մեկ ժամ ուշ է, իրենք ասում են նոյեմբերի 10։ Միայն այն փաստը, որ Էկվադորը գրեց նոյեմբերի 9–ը, շատ բանի մասին է խոսում։ Ի դեպ ասեմ, որ այն բոլոր երկրները, որոնք ես նշեցի չէին ասում Ղարաբաղ կամ Ղարաբաղի ռեգիոն, ասում էին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ։ Դա շատ կարևոր է, որովհետև այդ նյուանսները շատ բան են բացում։ Ղարաբաղի ռեգիոն տերմինն օգտագործեց միայն Ալբանիան»։
Ըստ վերլուծաբանի՝ «փայլուն» էր ԵՄ ներկայացուցչի ելույթը։ Թեև նա հրավիրյալ մասնակից էր, ձայնի իրավունք ՄԱԿ–ի ԱԽ–ում չունի, բայց, Ստեփան Գրիգորյանի կարծիքով, ելույթը մթնոլորտ ստեղծող էր։ Մյուս կողմից՝ տարակուսելի է համարում Թուրքիայի ներկայացուցչին ԱԽ նիստին հրավիրելը և չի հասկանում, թե ինչու Հայաստանը չի առարկել այդ հարցում։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավարը կարծում է, որ մինչև քվեարկությունը Հայաստանը կարող է աշխատել չեզոք դիրքորոշում ունեցող երկրների ուղղությամբ։ Պայմանականորեն այս խմբում առանձնացրել է Մոզամբիկը, Գանան և Գաբոնը։ Պնդում է, որ ԱՄՆ–ի ազդեցությունն այդ երկրներում մեծ է, ինչը կարող է որոշիչ դառնալ քվեարկությունից առաջ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ–ի ԱԽ–ում տարբեր վերլուծություններով կարող էր ավելի ուժեղ և ազդեցիկ լիներ, եթե նա շեշտեր Արցախի շրջափակման պատճառահետևանքային կապը։
«Արարատ Միրզոյանի ելույթից պարզ երևում էր, որ մենք շեշտը դնում էինք հումանիտար հարցերի վրա, մաքսիմալ անում ենք այնպես, որ չշոշափենք Ռուսաստանի դերը Լաչինի միջանցքի փակ լինելու և չէինք քննադատում ՌԴ խաղաղապահների անգործությունը։ Եվ երրորդ սկզբունքը՝ բալանսավորենք Արևմուտք–Ռուսաստան դերը մեր տարածաշրջանում։ Սա էր գլխավոր ուղղությունը»։
Կա կարծիք, որ Հայաստանն այդ մեղմ դիրքորոշումն էր ընդունել Ռուսաստանի հետ միջազգային հարթակում ակնհայտ առճակատման չգնալու և, միգուցե, վետոյից խուսափելու համար։ Բայց Գրիգորյանը, ամեն դեպքում, բանաձևի ընդունումը քիչ հավանական է համարում ՌԴ ներկայացուցչի արած մեկ այլ արտահայտության պատճառով։
«Ռուսաստանն ասաց՝ մենք առաջարկում ենք դուրս գալ այս վիճակից բացելով Լաչինի միջանցքը և Աղդամի ճանապարհը։ Սա է Ադրբեջանի ուզածը։ Նրանց պտք է լեգիտիմացնել Աղդամի ճանապարհը ու մի երկիր ստանձնեց այդ ֆունկցիան»։
Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, վերլուծելով ադրբեջանական հրապարակումները, սոցցանցում գրել է․
«Քանի դեռ չի խոսվում իրական գործողությունների մասին, Բաքուն չի լսելու միջազգային կոչերը և չի գնալու միջանցքի բացմանը: Պետք է լինել հետևողական ու անհոգնել աշխատել Ադրբեջանի դեմ հստակ գործողությունների հասնելու հարցում՝ Արցախում վտանգավոր զարգացումները կանխելու նպատակով»:
ՄԱԿ–ի ԱԽ–ում ծավալված քննարկումը, ըստ փորձագետների, բացահայտեց ևս մի փաստ․Ադրբեջանը խճճվել է իր հերքումներում և հիմնավորումներում։ Մի կողմից՝ համառորեն պնդում է, որ Լաչինի միջանցքը բաց է, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը փորձում համոզել, թե հումանիտար օգնությունն Արցախին պատրաստ են մատակարարել Աղդամի ճանապարհով։