ԿարևորՀասարակություն

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել. ՄԻՊ աշխատակազմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հավաքել Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերող փաստերն և դրանք հասցեագրել  իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետից Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գերեվարման խնդրի մասին Անահիտ Մանասյանը խոսել է կառավարության նիստից հետո։

ՄԻՊ գրասենյակն այսօր տարածած հայտարարությամբ հայտնել է, որ շարունակում են հավաքել Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը։ ՄԻՊ աշխատակազմի կողմից  վերլուծվել են Խաչատրյանին վերաբերող տեղեկությունները, որոնք հիմնավորվում են արխիվային փաստաթղթերով, հրամանատարների հրամաններով, Վագիֆ Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով, ինչպես նաև ընտանիքի անդամների վկայություններով։

Օմբուդսմենի գրասենյակն ուշադրության է արժանացրել այն հանգամանքը, որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ։ ՄԻՊ աշխատակազմը արձանագրում է.

«Ուստի, Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ Վագիֆ Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը»:  

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված և հաստատված տեղեկությունների համաձայն՝ Հայաստան բուժզննման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, որ ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի՝ վերջինի՝ ազատությունից զրկումն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

«Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անձը, փաստացի, ազատությունից զրկվել է մարդասիրական առաքելության իրականացման համատեքստում: Երբ նա մարդասիրական պաշտպանության ներքո գտնվող անձ էր: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ, եւ անձը զինվորական ծառայության է անցել շատ ավելի ուշ, քան նրան մեղսագրվող արարքն է կատարվել»:

Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմում նկատել են նաև, որ Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիա տիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը, ատելության և թշնամանքի քարոզը՝ ուղղված նաև Վագիֆ Խաչատրյանի և նրա հարազատներին։

«Այս երևույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության ևս մեկ ապացույց է։ Ընդ որում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, լրատվության միջոցները և պաշտոնատար անձինք Վագիֆ Խաչատրյանին պիտակավորել են որպես հանցագործ»:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունը՝ արդար դատաքննության պահանջներին համապատասխան, չի կարող ապահովվել։

«Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները», – նշվում է զեկույցում, որն ուղարկվել է իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին:

Back to top button