Կխանգարե՞ն միմյանց, թե՞ կհամագործակցնեն ջրային պարեկներն ու փրկարանները


Ջրային պարեկները ծառայության կանցնեն հավանաբար այս հոկտեմբերից։ Չնայած հանգստի ակտիվ սեզոնն ավարտված է լինելու, նրանք ծառայություն են իրականացնելու ողջ տարին։ Ջրային պարեկային ծառայության համար օրենսդրական բազան արդեն իսկ ձևավորվել է, իսկ պարեկների վերապատրաստման դասընթացները նախատեսվում է կազմակերպել 2023 թվականի սեպտեմբերից։ Կառավարության այսօրվա նիստում այդ հարցը նույնպես քննարկվել է։
Ջրում, թե ցամաքում՝ Սևանա լճի տարածքում նրանք կհետևեն կարգուկանոնի պահպանմանը: Ջրային պարեկների ինստիտուտի ներդրումը հայկական իրականությունում նորություն է։ Նրանք ոչ թե կփոխարինեն տեղում աշխատող փրկարարներին, այլ կփոխլրացնեն միմյանց՝ փորձելով ավելի անվտանգ դարձնել Սևանա լճում լողալը։ Ստորաբաժանումը կունենա 4 հենակետ: «Շողակաթ հանրային», «Արծվանիստ», «Գեղամա լողափ» և «Թերակղզի հանրային». այսպես են կոչվելու այդ չորս հենակետերը, որոնք գործելու են ստատիկ կամ մոդուլային շենքերում:
Ծառայության գործառույթները մանրամասնում է ՆԳՆ Վահե Ղազարյանը․ «Ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծման նպատակը Սևանա լճում ու լճի ավազանում իրավախտումների դեմ պայքարի բարձրացումն է։ Իր բնույթով այն նոր ձեռագիր կապահովի անվտանգ Սևանա լիճ ունենալու հարցում»։
Նոր ստորաբաժանումը, որը պատասխանատու է լինելու Սևանա լճի ջրային ու ափամերձ հատվածների համար, նախնական 95 հաստիք է ունենալու՝ համալրված բացառապես արդեն գործող պարեկներով: Ջրային պարեկները 10 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթաց կանցնեն արդեն սեպտեմբերից։ Ջրային պարեկները իրավունք կունենան կանգնեցնելու ջրային փոխադրամիջոցները, հիմքերի առկայության դեպքում՝ զննելու դրանք, արգելելու դրանց շահագործումը, ստուգելու նավավարի սթափությունը, հետևելու հանգստացողներին:
Վարչապետն ընդգծում է՝ Սևանա լճում ծառայություններն ուժեղացնելու անհրաժեշտություն կա․
«Այս տարի, մասնավորապես հանրային լողափում, ջրահեղձման երկու դեպք ենք ունեցել։ ՆԳՆ-ում նշանակված է նաև ծառայողական քննություն։ Տրամաբանությունն այն է, որ պետք է գոնե հանրային լողափերում, կարողանանք խուսափել։ Բայց տրամաբանությունն այն է, որ մենք ծառայություններն ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք»։
10 մետրանոց 4 մոտորանավակ ողջ տարին ծառայություն կիրականացնեն Սևանա լճի տարածքում։ Ջրային պարեկները նաև կհետևեն, որ լճում որսաշրջանից դուրս ձկան ու խեցգետնի ապօրինի որս չկատարվի։ Ընդհանրապես, Սևանա լճի հետ կապված խնդիրները շատ են ՝ձկնային պաշարներից մինչև լճի ջրի մակարդակի նվազում։ Միջազգային փորձագետներն այս պահին լճում ձկնային պաշարների գնահատում են կատարում։ Տվյալները հայտնի կլինեն սեպտեմբերին։
«Մենք Սևանում լրջագույն խնդիր ունենք։ Ի հեճուկս նրա, որ նախանցած տարի մենք Սևանա լճում հասել էինք շատ բարձր նիշի, բայց հետագայում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, Սևանա լճի մակարդակը բավականին ցածր է։ Սևանն ու Սևանա լճի մակարդակի բարձրացումը մեզ համար պետք է առաջնահերթություն դառնա»։
Սևանա լճում ձկնային ու խեցգետնային պաշարների նվազումը խախտել է լճի կենսաբանական հավասարակշռությունը։ Եթե նախկինում լճում մի քանի հազար տոննա ձուկ ու խեցգետին կար, այժմ մի քանի հարյուր տոննա է մնացել։ Խեցգետինները համարվում են լճի հատակի «սանիտարները», ուստի որքան նրանց քանակը պակասում է, այնքան լճի հատակն ավելի խնդրահարույց է դառնում։ Սևանի փրկօղակը մաքրման կայաններն են։ Ինտենսիվ աշխատանքով դրանք պետք է կանխեն կեղտաջրերի հոսքը Սևանա լիճ։ Ափամերձ ջրածածկ տարածքները մաքրվում են, բայց պետք է շտապել՝ ասում են մասնագետները, քանի որ ամեն տարվա ուշացումն ավելի ծախսատար է դարձնում գործը։
Բայց Սևանի հիմնովին առողջացմանը նաև ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառն է խանգարում։ Տարեկան մինչև 170 մլն խորանարդ մետր ջուր է թույլատրվում բաց թողնել լճից, բայց գրեթե ամեն տարի լրացուցիչ ջրառի կարիք է լինում։ Ջրային կոմիտեում հաշվել են, որ Սևան – Հրազդան կասկադում մինչև 110 մլն խորանարդ մետր ջրի կարիք կունենան։
«Նկատի ունենալով, որ Սևանը ՀՀ–ի համար բավականին մեծ նշանակություն ունի, մակարդակը բավականին ցածր է, ամբողջ դեֆիցիցտը դեպի բացթողում չենք տանի։ Մոտավոր հաշվարկել ենք՝ շուրջ 70 մլն խորանադ մետր կպահանջվի։ Մնացած 40 մլն խորանարդ մետրը մեխանիկական խորքային հորերի միջոցով կիրականացվի», -ասում է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյան։
Սևանա լճից լրացուցիչ 70 մլն խորանարդ մետր ջրի բացթողնման առաջարկին խորհդարանը հավանություն տվել է։