ԿարևորՔաղաքական

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի խաթարմանը․ Արարատ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարող է խաթարել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր տարածաշրջանում կայունության հեռանկարները խարխլվում են Ադրբեջանի կողմից՝ հումանիտար աղետ ստեղծելով Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի խաթարմանը»,- ասել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Բաքուն շարունակում է արգելափակել Երևանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող մարդասիրական բեռները։ «Հայաստանը մարդասիրական բեռներ է ուղարկել, որոնք դեռ մնում են Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է դրանց առաքումը Ղարաբաղ»,- ասել է նա։

Ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մոտ 30 հազար երեխա տառապում է թերսնումից։

«20 հազար տարեցներ չեն կարողանում տեղաշարժվել հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով, 30 հազար երեխա տառապում է թերսնումից և սննդի պակասից,
2 հազար հղի կին տարրական հասանելիություն չունեն առողջապահական ծառայություններին»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին ութ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում մահացության դեպքերը կրկնապատկվել են։

«Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ, և դրան այլընտրանք չկա։ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, և երբ խոսքը գնա հաղորդակցության այլ ուղիների մասին, դրանք կարելի է դիտարկել Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային երկխոսության մեխանիզմի շրջանակներում»,- ասել է նա։

Ելույթի վերջում Միրզոյանը նշել է, որ ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կդատապարտի Լեռնային Ղարաբաղում սովը պատերազմ վարելու մեթոդ դարձնելը։

Back to top button