ԿարևորՔաղաքական

Ճիշտ որոշում կայացնելու կոչեր՝ ՄԱԿ-ի ԱԽ երկրներին. բողոքի ակցիաներ Լոս Անջելեսում և Երևանում

Մինչ Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցը, Լոս Անջելեսում բնակվող հայերը բողոքի եւ իրազեկման ակցիաներ են կազմակերպել ՄԱԿ-ի ԱԽ երկրների՝ Ֆրանսիայի, Չինաստանի հյուպատոսությունների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի Գլխավոր հյուպատոսի տան մոտ։ Անցկացվող ակցիաները մեկ նպատակ ունեն՝ կոչ անել ՄԱԿ-ի ԱԽ-ի երկրներին Խորհրդի նիստում աջակցել Արցախի ժողովրդին։ Բողոքի ակցիա է անցկացվել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։    

Մինչև օգոստոսի 16-ի քննարկումը հայտնի էր դարձել, որ օգոստոսի 20-ին Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև անհատ հայեր Ամերիկայից և Կանադայից պատրաստվում են ցույց կազմակերպել՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող եւ այն անհապաղ վերացնելու վերաբերյալ բանաձեւ ընդունելու պահանջով: Հիմա, երբ Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկելու է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը, դեռ պարզ չէ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև օգոստոսի 20-ին նախատեսված ցույցը կտեղափոխվի՞ այսօր, թե՞ ոչ։

Փոխարենը լոսանջելեսահայերն արդեն շուրջ 2 շաբաթ բողոքի ձայն են բարձրացնում հաջակցություն Արցախի։ Նրանք նստացույց են սկսել, հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:

«Իրավիճակը, շատ ցավալի է, և էսօր մենք հայերով նորից հավաքվել ենք»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի խնդրանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելուն ընդառաջ լոսանջելեսահայերը մի փոքր փոխել են բողոքի ակցիայի ձևաչափը։ Պարզաբանում է ակցիայի համակարգողներից Դավիթ Մնացականյանը։

«Այսօրվա նստացույցը՝ բողոքի ակցիան, որ ունենք, ձևաչափը մի քիչ փոխել ենք։ Այսօր ավելի լուռ կերպով վարեցինք մեքենաները, եկանք դեպի Ֆրանսիայի դեսպանատուն»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում սպասվող քննարկմանն ընդառաջ Լոս Անեջելեսում բնակվող հայերն ամբողջ գիշեր հերթով անցել են և իրազեկման ակցիաներ իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ երկրների Լոս Անջելեսում գտնվող հյուպատոսությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսի տան մոտ։ Նրանք կոչ են արել ճիշտ որոշում կայացնել՝ քվեարկելով այն բանաձևի օգտին, որը Հայաստանի խնդրանքով քննարկվելու է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում։ Ֆեյսբուքյան լայվով ակցիան լուսաբանողներից Արթուր Սահակյանը նաև պարզաբանել է, թե ինչու են ԱԽ մշտական անդամ 5 երկրներից միայն երեքի հյուպատոսություններ գնացել.

«Ռուսաստանը Լոս Անջելեսում հյուպատոսություն չունի, այդ իսկ պատճառով մենք Ռուսաստանի հյուպատոսությանը կոչով չենք դիմել։ Դե, ԱՄՆ էլ, բնականաբար, իր երկրում չունի։ Մնացած երեքի հյուպատոսությունների շենքերի մոտով անցանք և դիմեցինք իրենց իշխանություններին, որ ճիշտ որոշում կայացնեն՝ քվեարկելու այն բանաձևի օգտին, որը կներկայացվի ՄԱԿ-ի ԱԽ նիստում՝ պաշտպանելու համար Արցախի ժողովրդի իրավունքները»։  

Ակցիայի մասնակիցներից Դավիթ Մնացականյանն էլ ֆեյսբուքյան լայվով ներկայացրել է գլխավոր ուղերձը․«Քվեարկեք Արցախում ցեղասպանությունը կանգնեցնելու համար» — այս գրառմամբ պաստառներն  են եղել հյուպատոսությունների դիմաց, իսկ ակցիան եզրափակվել է Ադրբեջանի հյուպատոսության դիմաց կազմակերպված հանրահավաքով։ 

«Երբ Արցախում ունենք սովամահության դեպք, չենք կարող այստեղ հանգիստ նստել։ ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք դրական պատասխան։ Ակնկալում ենք, որ այն պետությունները, որոնք ներգրավված են, ունենան իրենց դրական դերը Արցախի անվտանգության հարցում, եւ պարտադրեն, որպեսզի Ադրբեջանը սահմանը բացի, որպեսզի սնուդն ու դեղորայքը հասնի այնտեղ»։

Արցախի ապաշրջափակման թեմայով ՄԱԿ-ի ԱԽ նիստին ընդառաջ բողոքի ակցիա է կազմակերպվել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ։ Մասնակիցներ «Սթոպ ջենոսայթ Արցախ» պաստառներով են ահազանգել՝ սովամահությունը սպառնում է Արցախում ապրող 119 հազար 999 քաղաքացիներին, այդ թվում՝ 30 հազար երեխաների։

«Այդ թվերը զուտ թվեր չեն։ Դրանք մեր հարազատներն են, մեր ընտանիքները և Արցախի հայ ժողովուրդը»։

«Չսպասեք ևս 100 տարի և սկսեք ճանաչել Արցախի ցեղասպանությունը։ Մեզ դա պետք չէ։ Հենց հիմա, հենց այսօր դուք ունեք այդ հնարավորությունը՝ կանխելու ցեղասպանությունը։ Բոլոր գերտերությունները ունեն հնարավորություն՝ բռնելու Ադրբեջանի ցեղասպան ձեռքը, թույլ չտալու, որ նոր ցեղասպանություն լինի։ Ամբողջ աշխարհը հումանիզմից ու ժողովրդավարությունից է խոսում, մարդու իրավունքներից է խոսում։ Ամբողջ աշխարհը պետք է խոսի, որ նոր ցեղասպանություն է տեղի ունենում Արցախում, մարդիկ սովամահ են լինում»։      

Ակցիայի մասնակից արցախցիները հայտարարել են, որ պահանջը ՄԱԿ-ից մեկն է՝ ամենակոշտ միջոցներով Ադրբեջանին պարտավորեցնել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Back to top button