Հաջողության նոտա

Սիրտը սեր է․ նրան հաջողվում է սեր տալ ու շնորհակալությամբ ապրել․ «Հաջողության նոտա»

Մարդու էմոցիաները, հուզմունքներն անմիջապես անդրադառնում են սրտի աշխատանքի վրա: Երբ տեսնում ես սիրելիին, կամ հայնտվում նրա գրկում, սրտի աշխատանքն ավելի է արագանում, ու զգում ես սրտի թրթիռը, որովհետև սիրտը սեր է:

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-սրտաբան, էխոկարդիոգրաֆիստ Վարդգես Մովսեսյանն ասում է՝ էմոցիաներն առհասարակ մեր կյանքում շատ կարևոր են, բոլորն են էմոցիոնալ, բայց ոչ բոլորն են արտահայտվում։

Ասում է՝ բժիշկ–բուժառու հարաբերություններում կարևոր է անկեղծությունը․ բուժառուին պետք է մանրամասն բացատրել իր խնդիրն ու ժամանակ գտնել՝ լսելու նրան: Սրտի հետ աշխատանքը պահանջում է սառը դատողություն ու սառնասրտություն:

44–օրյա պատերազմի ժամանակ Վարդգես Մովսեսյանը եղել է սպիտակ ջոկատում, բայց չի սիրում շատ խոսել դրա մասին: Կարծում է, որ դժվար է մարտի դաշտից վիրավոր զինվորներին տեղափոխել, բայց շատ ավելի դժվար է լինել մարտի դաշտում, որտեղ ամեն վայրկյան կա հերոսանալու առիթ:

Պատերազմում զոհված եղբոր մասին հիշողություններն ամփոփված են երգում, որը կատարել է հենց ինքը՝ այդկերպ սփոփանք գտնելով: Իսկ տեսահոլովակում կռված տղաներն են:

«Կյանքի և մահի սահմանագիծը կյանքի շարունակությունն է, որից խուսափել անհնար է: Պետք է ապրել այնպես, որ մարդկանց հիշողություններում թողնես դրականը: Պետք է բաց թողնել կորուստները, թեև դժվար է. ցավը չի հեռանալու, բայց կարևոր է բացակայությունը լցնել հաճելի հիշողություններով», – ասում է բժիշկը։

Նա ափսոսում է, որ չի հասցրել շնորհակալություն հայտնել հորը՝ դաստիարակության, խստության ու կամային հատկանիշների, ճիշտ արժեհամակարգի համար: Ասում է՝ շնորհակալություն կարելի է և պետք է հայտնել հարազատներին ու մտերիմներին, և հաճախ ասել, թե որքան եք սիրում նրանց:

Նա համարում է, որ իր գլխավոր ձեռքբերումը ինքնաճանաչումն է, «երբ ազատ ես ինքնդ քեզ հետ, անկեղծությունն այլևս չի խանգարում»: Կարծում է, որ բոլորս փխրուն ենք՝ անկախ սեռից: Եթե ապրում ենք, եթե մեր մտքերը խաղաղ են, ապա երջանիկ ենք:

Back to top button