ԿարևորՀասարակություն

Վճարել ինչի՞ դիմաց․ կառուցապատողները դեմ չեն, բայց որոշակի ծառայություն են ակնկալում

Երևանի ավագանու որոշմամբ, կառուցապատողները կվճարեն նաև ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար։ Վճարման դրույքաչափը գործակիցով է լինելու՝ կախված գոտիականությունից։ Նախաձեռնությունը մայրաքաղաքի բյուջեն կավելացնի մոտ 2․5-ից 3 մլրդ դրամով։ Կառուցապատողները վստահ են՝ քաղաքապետարանն իրենց միջոցով է փորձում բյուջեի եկամուտները ապահովել, մինչդեռ քաղաքապետարանից հակադարձում են՝ գումարը Երևանի բյուջեի ընդամենը 2 տոկոսն է կազմելու։ Այդ գումարով խոստանում են քաղաքային տնտեսությունում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնել։

Տեղական տուրքերի ու վճարների նոր տեսակ՝ կառուցապատողների համար․ Երևանի ավագանու հունիսի 27-ի որոշմամբ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար կառոււցապատողները պետք է վճարեն ըստ գործակիցների։ Վճարները սահմանվել են 3 հազար և ավելի քառակուսի շինարարական մակերես ունեցող կառուցապատման օբյեկտների համար։ Յուրաքանչյուր երեք հազար մետրի համար սահմանվել է նվազագույնը 4 մլն դրամ, որը կարող է ավելանալ մինչև 4 անգամ՝ կախված կառուցապատման գոտուց։

Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյան․ «Դեմ չենք լինի վճարել ավել գումարներ, բայց դրա դիմաց խետք է լավ որակի ծառայություն ստանանք, քանի որ առհասարակ տուրքի գաղափարը նրանում է, որ վճարվող տուրքի դիմաց պետք է մատուցվի լավ որակի ծառայություն, իսկ վատ որակի ծառայության պարագայում պետք է գործեն սանկցիաներ»։

Իրենք՝ կառուցապատողները, վստահեցնում են՝ շատ են դեպքերը, երբ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար դիմում են, բայց շինթույլտվություն չեն ստանում։ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանն արձագանքում է՝ շինթույլտվությունները մերժվում են, եթե պահանջներին չեն բավարարում։

 Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը չի կիսում այն կարծիքը, որ նոր տուրքով ակնկալվում է ապահովել Երևանի բյուջեի կատարումը․

«Տարեկան մինչև 2․5-3 մլրդ դրամ մուտքեր ենք ակնկալում նշված գումարից, որը Երևանի բյուջեի մոտ 2 տոկոսն է կազմում։ Ամբողջությամբ բեռը փոխանցել կառուցապատողների վրա, դրա մասին խոսք անգամ չի գնում»։

Երևանի կենտրոնական հատվածներում կառուցապատումը խիտ է, նոր ենթակառուցվածքներ ձևավորելը ծախսատար է՝ ասում է քաղաքապետի տեղակալն ու բացատրում՝ սրանով պայմանավորված էլ Երևանի կենտրոնում գոտիականության գործակիցներն ավելի բարձր են։

«2023 թ առաջին կիսամյակում քաղաքապետարանը 700 հազար քառակուսի մետր կառուցապատման թույլտվություն է թողարկել։ Այս թիվը բոլոր տարիների համեմատությմաբ բացառիկ է։ Մշակել ու տրամադրվել է ավելի շատ թույլտվություն՝ նախորդ տարիների համեմատությամբ»։

Կառուցապատողները հաշվարկել են՝ առաջիկայում մոտ 15  տոկոսով բնակարանները կթանկանան։ Քաղաքապետարանում հակադարձում են՝ մեկ քառակուսի մետրի համար հինգ հազար դրամի մասին է խոսքը։ Ըստ էության, քաղաքացիների՝ մեկ քառակուսի մետրի դիմաց վճարվող գումարից մոտ հինգ հազար դրամն է մայրաքաղաքի բյուջե գնալու։ Բայց վերջին տարիներին, հատկապես Երևանում, բնակարանները թանկացել ու դեռ թանկանալու են։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն է փորձում հասկանալ՝ եթե ավագանու որոշումը նոր է, ապա ինչու՞ են արդեն թանկացել բնակարանները․

«Բնակարանները կառուցապատելը մի ժամանակ 700-1300 դոլար էր, հիմա ամենածայրամասային թաղամսում սկսվում է 1500 դոլարից՝ ավելանալով մինչև 7-8 հազար դոլար»։

Բնակարանների գների թանկացման հաշվարկի հիմքում ոչ թե միայն Երևանի ավագանու նոր որոշումն է, այլ վերջին շրջանում տեղի ունեցող թանկացումները՝ բացատրում է Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը․

 «10 տոկոսը միայն այս որոշմամբ չէ պայմանավորված։ Մենք մատնանշում ենք, որ քաղաաքշինական գործընթացներում վերջին ժամանակներում տեղի ունեցող նորանոր փոփոխություններով պայմանանվորված՝ ներառյալ  շինթույլտվության կամ երկարաձգման գծով տեղական տուրքեր, ՀԷՑ-ի միացման վճարի մոտ 300 տոկոս թանկացում, ջրի խնդիր, գազի խնդիր, որ միանում են կառուցապատողներն ու մեկ միասնական գազատար են կառուցում։ Դա պետք է այս ամբողջականության մեջ դիտարկել»։

Կառուցապատողներն ընդգծում են՝ դեմ չեն, որ Երևանում դպրոց ու մանկապարտեզ, ճանապարհ կառուցվի, այգիներ հիմնվեն։ Ավելին՝ ուզում են վստահ լինել, որ կկառուցվի։ Առաջարկում են նոր հարկատեսակ՝ «բարեկարգման հարկ», օրինակ, սահմանել։ Երևանի քաղաքապետարանից էլ հակադարձում են թվերով՝ 2022-ին Երևանի կապիտալ շինարարության բյուջեն 9 մլրդ էր, այս տարի՝ 25 մլրդ դրամ։ Ցանկանում են, որ ենթակառուցվածքներում կատարվող ներդրումներում մասնակցեն նաև կառուցապատողները։

Back to top button