Generation AI. լրացուցիչ ջանքեր՝ իրականությունը Հայաստանի ձեռքում պահելու համար


Հայաստանի 6 մարզի և մայրաքաղաքի 16 ավագ դպրոցի ուսումնական հաստատություններում սեպտեմբերից կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական ծրագիրը։ Ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST-ի) կողմից, իրականացվում է ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ և մասնավոր հատվածի համագործակցությամբ։ «ԱԲ սերունդ»-ը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով, արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։
Աշխարհում արհեստական բանականության ոլորտը սրընթաց զարգացում է ապրում՝ Հայաստանը հավակնում է կարևոր տեղ զբաղեցնել այդ գործընթացում։ Այդ նպատակով Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամը մշակել է «ԱԲ սերունդ» ծրագիրը։ FAST-ի հիմնադիր տնօրենԱրմեն Օրուջյանի խոսքով՝ ԱԲ-ի զարգացումը Հայաստանում իրականությունը մեր ձեռքը վերցնելու հնարավորություն կստեղծի․
«Մենք ունենք երկու պետություն․ մեկը մեր գլխի մեջ է, որը շատ հզոր է, և կա իրականությունը, որով բոլորով, ամեն օր տառապում ենք։ Հիմա այդ երկուսն ինչպես ենք մեկ դարձնելու և հզորացնելու։ Մեծ հարց է․ կարող ենք կովերի քանակը շատացնել, սա ասում եմ առանց հեգնանքի, և ՀՆԱ-ն դրանով բարձրացնել։ Բայց եթե նայենք Հայաստանի և աշխարհի իրականությանը, ինչպես Հայաստանը կարող է թռիչք ունենալ , ոչ թե ունենալ ունենալու համար, այլ ունենալ այն հասկացողությամբ, որ այսօր մեր ձեռքում չգտնվող իրականությունը, վերջնականապես կարողանանք մեր ձեռքը վերցնել։ Դա ժամանակակից աշխարհում հնարավոր է գիտահեն տեխնոլոգիաների միջոցով»։


Գործունեության վեց տարվա ընթացքում FAST հիմնադրամն իրականացրել է 25 ծրագիր՝ ավելի քան 10 հազար շահառուի համար։ ԱԲ ոլորտում կրթական ծրագրեր իրականացնելուց հետո հիմնադրամն անընդհատ բախվել է նույն խնդրին՝ հաջողված մասնագետները գալիս էին սահմանափակ քանակի դպրոցներից և մինչև կհասնեին բուհ՝ իբրև մասնագետ կորցնում էին նրանց։ Շղթան ընդհատվում էր և հենց դա էլ այս նախագծի հիմքը դարձավ։
Կրթական ծրագրով 10-րդ դասարանում սկսելու են խորացված մաթեմատիկայի և ծրագրավորում ուսումնասիրել։ Աշակերտներն ընդունելության քննություն չեն հանձնելու, սակայն դասընթացի ավարտին մաթեմատիկայի և Python ծրագրավորման լեզվի գիտելիքները ստուգվելու են։ Այն աշակերտները, որոնք կհաղթահարեն անհրաժեշտ շեմը, կանցնեն հաջորդ փուլ, կծանոթանան ԱԲ -ի հետ՝ առանց խորը մասնագիտական բովանդակության։ FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյան․
«12-րդ դասարանում լինելու է նախագծային ուսումնառություն՝ երկու մակարդակում։ Կամ մի քանի փոքր նախագծեր կանեն՝ պատկերացում կազմելու համար ինչպես է իրականում աշխատում դա, կամ արդեն խորացված գիտահետազոտական ծրագիր կանեն։ Մենք նմանատիպ փորձառություն ունենք 12-րդ դասարանցիների հետ և դա հնարավոր է անել։ Այստեղ է , որ գիտահետազոտական կառույցները, բուհերը օգնելու են ուղղորդել երեխաներին կամ մեր մասնավոր սեկտորի գործընկերերներն են աջակցելու նախագծերն առաջ տանել»։


Այս տարի մեկնակելու է նաև ծրագրի բակալավրիատի համար նախատեսված ծրագրի մշակման փուլը, որ կապահովի նախաձեռնության շարունակականությունը։ Նախորդ ամիս Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հավանության է արժանացրել բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դպրոցների ցանկը։ Նախատեսված 10-ի փոխարեն կրթությունը կիրականացվի 16 դպրոցներում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանի խոսքով՝ ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է կրթական նոր չափորոշիչներին` ընդգրկելով նախագծային ուսուցում, կրեդիտային համակարգ և նորարար մոտեցումներ․ Ժաննա Անդրեասյան․
«Ամեն նորը միշտ դժվար է և լրացուցիչ աշխատանքի կարիք է առանում, այդ նորի անհրաժեշտությունը բացատրելու, այդ գաղափարները տարածելու, դրանք նաև հասկանալի ու պարզ դարձնելու բոլոր այն մարդկանց ում վերաբերում է։ Երբ դուք այս ծրագրին մասնակցելու որոշում եք կայացրել , դուք ձեզ համար լրացուցիչ աշխատանք անելու որոշում եք կայացրել։ Իսկ դա վկայում է մի բանի մասին, Ձեր սրտացավության ու կրթությանը տրվող այն կարևորության, որը Ձեր ամենօրյա աշխատանքի մաս է»։


FAST հիմնադրամն ուսումնասիրել է միջազգային փորձն ու ներգրավել կրթության ոլորտի համահայկական ներուժը՝ ստանալով մասնագիտական խորհրդատվություն։ Խորհրդատուներից մեկն էլ Փարիզի պոլիտեխնիկական ինստիտուտի Տնտեսագիտության և վիճակագրության հետազոտությունների կենտրոնի (CREST) ղեկավար, Առնակ Դալալյանն է։ Այս կրթական ծրագրի փոխանցած գիտելիքները կնպաստեն, որ նոր սերունդը զերծ մնա ԱԲ-ն «աստվածացնելու» և «սատանայացնելու» մոտեցումներից՝ կարծում է Դալալյանը․
«Անհրաժեշտ է, որ ամենաերիտասարդ սերունդը հասկանա, թե ինչ է իրենից ենթադրում արհեստական բանականությունը, քանի որ պետք չէ ընկնել արհեստական բանականությանն աստվածացնելու կան սատանայացնելու գործընթացների մեջ։ Երկուսն էլ հենց այնպես չեմ ասում, երկուսն էլ գոյություն ունեն հասարակության մեջ, երկուսն էլ շատ վտանգավոր են։ Երբ ավագ սերնդի աշակերտներին տալիս ենք գիտելիքներ ԱԲ-ի մասին, մենք դրանով պայքարում ենք այդ արատավոր երևույթների դեմ»։


Կրթական նախագծի առաջին բաղադրիչը՝ դպրոցական ծրագիրը, այս տարվա սեպտեմբերից կներդրվի Երևանի և վեց մարզերի 16 դպրոցներում ու կներգրավի ավագ դպրոցների շուրջ 250 աշակերտ՝ 2023-2024 ուստարում։