ԿարևորՀասարակություն

«Արմավիրի երիտասարդների տունը»  ժամանցի հետաքրքիր  միջավայր

Արմավիրի և Էջմիածնի երիտասարդական կենտրոններն օրեր առաջ նշեցին գործունեության մեկ տարին։ Դրանք ստեղծվել են «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ: Այդ կենտրոնները հետաքրքիր միջավայր ու ժամանց են ապահովում 13-18 տարեկանների համար։ Երիտասադների տանը ոչ ֆորմալ կրթություն են ստանում, բանավիճում են տարբեր թեմաներով:

Ալյոնան ապրում է Նոր Արտագերսում, սակայն նրան ոչինչ չի խանգարում երկար ճանապարհ անցնել ու շաբաթական 3 անգամ հաճախել «Արմավիրի երիտասարդների տուն», մասնակցել տարբեր միջոցառումների, բովանդակալից անցկացնել ամառային արձակուրդը: Նա 14 տարեկան է, հետաքրքրությունների մեծ շրջանակ ունի.

«Այստեղ մենք մասնակցում ենք անգլերենի, ազգային երգ ու պարի, ձեռակերտի, առաջին բուժօգնության ակումբներին, տարբեր թեմաներով սեմինարներ ենք ունենում, նաև տարբեր ժամանցային խաղեր խաղում»:

Շաբաթվա օրակարգը կազմելիս հաշվի են առնում երիտասարդների ցանկություններն ու նախասիրությունները՝ ասում է կենտրոնի աշխատակից Լիլիթ Գևորգյանը.

«Կենտրոնի ծառայություններից մեկը երիտասարդական նախաձեռնություններն են, երիտասարդները հանդես են գալիս առաջարկներով. դա կլինի գրքի քննարկում, կամ որևէ հանդիպման առաջարկ, իրենք են թեման առաջարկում և ցանկանում քննարկել հյուրի հետ: Երիտասարդների կարիքներից ելնելով, իրականացնում ենք աշխատարաններ նրանց հետաքրքրող թեմաներով, որը կամ մենք՝ երիտասարդական աշխատողներս ենք վարում, կամ կազմակերպում ենք հանդիպում ոլորտի մասնագետների հետ»:

«Երիտասարդական աշխատող» մասնագիտությունը դեռ անցած տարի Լիլիթի համար անծանոթ տերմին էր, որը բացահայտել է մի քանի վերապատրաստման դասընթացների միջոցով: Լիլիթ Գևորգյանը մասնագիտությամբ մանկավարժ է։ Ասում է, որ իր աշխատանքային փորձն օգնել է երիտասարդական աշխատողի գործառույթների իրականացմանը:

«Երիտասարդական աշխատողն առաջին հերթին աշխատում է երիտասարդների հետ, օգնում նրանց, որպեսզի դառնան ավելի ինքնավստահ»:

Երիտասարդների հետ աշխատելիս 14-ամյա Կարեն Ստեփանյանը ձերբազատվել է որոշակի բարդույթներից, որոնք տղային դարձրել էին չշփվող ու ինքնամփոփ.

«Ես, վերջին դասին մասնակցելով, ունեցել եմ ինքանգնահատականի բարձրացում, որը շատ է օգնել ինձ: Ես բարդույթներ եմ ունեցել, որոնք արդեն չկան. ամաչում էի, շրջապատում չէի շփվում, ընկերություն չէի անում: Այստեղ ես ընկերներ ձեռք բերեցի: Արդեն էլ չեմ վախենում, էլ ինքս իմ մեջ չեմ, խոսում եմ»:

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանն ասում է, որ երիտասարդների հետ տարվող աշխատանքները խթանելու, նրանց համար ապահով միջավայր ստեղծելու, ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության, առողջ ապրելակերպի, ժամանցի համար նոր հնարավորություններ ընձեռելու նպատակով նման կենտրոններ են բացել նաև Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում.

«Նպատակ ունենք համայնքում ունենալ այնպիսի երիտասարդներ, որոնք կունենան պատկանելիության ու պատասխանատվության զգացում իրենց համայնքի նկատմամբ, բարձրաձայնեն խնդիրներ, միայն բողոքող չլինեն, լինեն նախաձեռնող և, համագործակցելով համայնքային իշխանությունների ու քաղհասարկության հետ, համայնքին սկսեն դրական փոփոխություններ բերել: Սա համայնքում ձևավորում է անհատին ու քաղաքացուն: Մեր կենտրոնների նպատակը դա է»:

«Երիտասարդական կենտրոնը» ժամանակավորապես գործում է Արմավիրի մշակույթի տան մի սենյակում: Մշտական հասցեն Ամավիրի թիվ 2 մանկապարտեզի շենքն է, որը հիմա հիմնանորոգվում է: Կենտրոնի համակարգող Հռիփսիմե Հովհակյանն ասում է, որ տեղի անհարամարություների պատճառով ամառային ճամբարներ չեն կարողացել կազմակերպել.

«Մեր մյուս կենտրոններն այս տարի իրականացնում են ամառային ճամբարներ, և մեր կենտրոնի սաներն այնտեղ հանդես են գալիս, որպես ջոկատավարներ, դրսևորում իրենց փորձառությունները: Ցավոք, մենք այս տարի այս տեղափոխության պատճառով չկարողացանք բակային ճամբար կազմակերպել, բայց հաջորդ տարիներին որևէ խանգարող հանգամանք չի լինի:»

Կամավորությունն այստեղ խրախուսվում է, կամավորներին հնարավորություն է տրվել մասնակցել տարբեր միջազգային ծրագրերի ու նոր գիտելիքները փոխանցել երիտասարդներին: Երիտասարդության միջազգային օրը «Արմավիրի երիտասարդների տանը»  «Մոտիվացիան ու ես» թեմայով քննարկում էին կազմակերպել կամավոր Դավիթ Մեջլումյանի հետ.

«Ուզում եմ, որ դուք տարբերեք մոտիվացիան ու ոգևորվածությունը, քանի որ դրանք տարբեր բաներ են: Պետք է իմանաք, որ մոտիվացված մարդը, դա ոգևորված մարդը չէ: Ինչ որ բան սկսելու համար դուք պետք է մոտիվացիա ունենաք»:

Այս հանդիպումը երիտասարդներին նոր մտահղացումների առիթ է տվել, որոնք իրագործել սկսելու են այսօրվանից:

Back to top button