ԿարևորՀասարակություն

Առանց հացի, տրանսպորտի, առաջին անհրաժեշտության ապրանքների․ 9 ամիս 120 հազար մարդ Արցախում պայքարի մեջ է

Արդեն ինն ամիս Արցախը շրջափակման մեջ է։ Այդ ընթացքում Լաչինի միջանցքը բացելու շուրջ բանակցությունների, քննարկումների պակաս չեղավ։ Կոչեր ու հայտարարություններ՝ նույնպես, բայց ոչ միայն չվերականգնվեց Արցախի կապը Հայաստանի հետ, այլև այդ ճանապարհին ադրբեջանական անցակետ ավելացավ։ Հունիսի 15–ից արդեն  Արցախը կրկնակի շրջափակման մեջ է։ Հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունվել է «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ինչպես նաև անհապաղ իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ի կողմից կիրառված միջանկյալ միջոցները և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։  

2022-ի դեկտեմբերի 12-ի առավոտյան բնապահպանական կեղծ պատճառաբանություններով փակված Լաչինչի միջանցքն այդպես էլ փակ մնաց։ Ադրբեջանի կառավարությունը մինչ այդ հայտարարել էր, որ մոնիտորինգ են սկսում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում, նույն օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել։ Հաջորդ օրը, ի նշան բողոքի, ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը։ Անցած ինն ամսում միջանցքը բացելու շուրջ բանակցությունների, քննարկումների պակաս չեղավ, կոչերի ու հայտարարությունների՝ նույնպես, բայց չվերականգնվեց Արցախի կապը Հայաստանի Հանրապետության հետ։ Ավելին՝ այստեղ նաև ադրբեջանական անցակետ ավելացավ։ Հունիսի 15–ից արդեն  Արցախը կրկնակի շրջափակման մեջ հայտնվեց։

Դեկտեմբերի 23-ին ՀՀ արտգործնախարարը չմասնակցեց եռակողմ հանդիպմանը՝ հենց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը վկայակոչելով։ Մինչ այդ հարցն արդեն քննարկվել էր Նյու Յորքում պաշտոնական Երևանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում։ Մոտ մեկուկես ժամ տևած քննարկման ընթացքում իրավիճակին անդրադարձան մեկ տասնյակից ավելի պետությունների դիվանագետները՝ այդ թվում բոլոր մշտական անդամները։

Փետրվարին արդեն Լաչինի հարցը քննարկվում էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը դատարանում հիշեցնում էր՝ կա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ավելի վաղ կայացված որոշում, որով Ադրբեջանին կոչ է արվում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Լաչինով տեղաշարժն ապահովելու համար: Ադրբեջանն անտեսել է Ստրասբուրգի դատարանին պահանջները՝ Հաագայում ասում էր Եղիշե Կիրակոսյանը․

«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: Նախագահ Ալիևը դա հստակ է դարձրել: Նա բացահայտորեն պահանջել է, որ ԼՂ հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին «իրենց» հողերից վտարելն է: Նա ասել է, որ ոչ մի հայերեն երգ չի երգվելու, և որ այսուհետև ադրբեջաներենն է իշխելու այդ հողում»։

Բայց միջանցքը փակ է մինչ այժմ։ Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ ՄԱԿ–ի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անխափան տեղաշարժը: Չնայած որոշման պարտադիր իրավական ուժին՝ այն դեռևս անկատար է։ Ավելին՝ նույն դատարանում քննվող հայցը լրացնելու կարիք կա, քանի որ Ադրբեջանը ոչ միայն չի բացել միջանցքը, այլև խստացրել է տեղափոխման ռեժիմը՝ շրջափակման 133-րդ օրը փակելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջն ու այնտեղ անցակետ տեղադրելով։

Այս ընթացքում Արցախի նախագահը հրատապ ասուլիսով միջազգային լրատվամիջոցներին ներկայացրեց տիրող իրավիճակը։ Արցախի նախագահի ընդգծմամբ՝ Ադրբեջանը միջազգային անպատժելիության պայմաններում շարունակաբար խստացնում է Արցախի ժողովրդի դեմ իրականացվող բռնաշնճումները էթնիկ զտման անթաքույց նպատակով ու էթնիկ ատելության ու խտրականության քաղաքականության հիմքով։

«Արցախի շրջափակման միջոցով Ադրբեջանը հետապնդում է մի շարք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ նպատակներր։ Կարճաժամկետ նպատակներից է ձերբազատվել Արցախի ժողովրդից, իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ զտում: Այս կերպ նա ուզում է ուժի միջոցով փակել հակամարտության էջը:

Միջնաժամկետ նպատակը Արցախի ժողովրդի բռնի կերպով հպատակեցումն է, Արցախի Հանրապետության դիմադրողականության համակարգերի կազմաքանդումը: Ադրբեջանի նպատակն է Արցախի բնակչությանը մղել արտագաղթի, փլուզել Արցախի տնտեսությունը, ձեռք բերել լրացուցիչ ճնշման միջոց Հայաստանի վրա, մասնավորապես, Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ ձեռք բերելու նպատակով: Կարճաժամկետ նպատակների մեջ է մտնում Արցախի ժողովրդին հոգեբանական ահաբեկչության ենթարկելը, Արցախի մուտքի և ելքի հանդեպ մշտական վերահսկողություն սահմանելը, Արցախում ապրելու համար անտանելի պայմանների ստեղծումը, հայկական կողմերի «կարմիր գծերը» փորձարկելն ու հատելը, անվտանգության և կայունության միջազգային և տարածաշրջանային երաշխիքների հեղինակազրկումը»։

Ադրբեջանական անցակետի տեղադրմամբ, նախ՝ ավելի դժվարացավ, իսկ այժմ արդեն անհնարին դարձավ Արցախ մուտքն ու ելքը։ Հենց անցակետից ադրբեջանցիները առևանգեցին առողջական լուրջ խնդիրներ ունեցող, բուժման նպատակով ՀՀ մեկնող Վագիֆ Խաչատրյանին՝ նախ նրան տանելով անհայտ ուղղությամբ, ապա նրա դեմ քրեական գործ հարուցելով։ Մինչ այժմ, հստակ տեղեկություններ 68–ամյա Խաչատրյանի առողջական վիճակի մասին չկան։ Ռաշիդ Բեգլարյանն էլ մոլորվելու հետևանքով էր հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրա մասին էլ մինչ այժմ հստակ տեղեկություններ չկան։

Իսկ միջազգային հանրությունը բավարարվում է միայն հորդորներով ու կոչերով։ Մինչդեռ 21–րդ դարում աշխարհի լուռ համաձայնությամբ Արցախում 120 հազար հայ սովամաս է լինում։ Արցախի խանութները, դեղատները դատարկ են, հասարակական տրանսպորտը չի աշխատում։ Օրն այստեղ սկսվում է ոչ թե առավոտյան, այլ՝ գիշերը, ոչ թե աշխատանքի գնալով, այլ՝ հացի հերթերում։

Իրինա Առուստամյանը մինչ մոտ մեկ ժամ ոտքով Ստեփանակերտի մի ծայրից մյուսը՝ աշխատավայր հասնելը, լուսացնում է հացի փռում․ հարցը կարգավորվել է, բայց ոչ ամբողջությամբ՝ ասում է զրուցակիցս․

«Քանի որ վառելիքի պատճառով հացը խանութ չի հասնում, գնում ենք փռերից ենք վերցնում։ Գիշերն ենք կանգնում, առավոտն ենք կանգնում։ Հետո գալիս ենք տուն, նախաճաշելու բան չկա։ Պետք է գնանք հերթ կագնենք, որ թթվասեր վերցնենք, չի ստացվում, քանի որ աշխատում ես։ Օրդ հերթերում ես անցկացնում»։

Վերջին օրերին հատկապես ավելացել են հերթերում սպասող արցախցիների ուշագնացության դեպքերը։ Նրանք հիմնականում թերսնված երեխաներն են ու առողջական խնդիրներ ունեցող տարեցները, քիչ չեն նաև հղիների ուշագնացության դեպքերը։ Արցախի նախագահը միջազգային լրատվամիջոցների միջոցով աշխարհին պատմեց Արցախում տիրող առողջապահական ճգնաժամի մասին․  

«Առողջապահական համակարգում տարբեր դեղատեսակներ սպառվել են, մնացած մասը՝ հասնում են ծայրահեղ սահմանաչափի՝ ռիսկի տակ դնելով մարդկանց կյանքն ու առողջությունը, կրկնապատկվել են չծնված ու նորածին երեխաների մահվան ու բարդություններով ծնվելու դեպքերը, հղիների շրջանում սակավարյունությունը հասել է 90%-ի»։

Հունվարի 20–ից Արցախում առաջին անհարժեշտության մի քանի ապրանք կտրոնով էր վաճառվում։ Այժմ կտրոնները կան, ապրանքը՝ ոչ․

«Ոչ մի կտրոն էլ չկա։ Կտրոնները, որ տվել են, ոչ մի բան չենք կարողացել առնել։Խանութում բան չկա, որ առնեմ։ Մեկը ես՝ ոչ շաքարավազ, ոչ ձեթ, ոչ մի բան չեմ առել։ Մեկ օրվա ընթացքում ապրանքը սպառվեց։ Կտրոնը օգնեց մենակ նրանով, որ կարողացանք ձու վերցնել։ Ուրիշ ոչ մի բան չենք կարողանում գնել։ Միսն էլ ահավոր թանկացրել են։ Ես աշխատում եմ, կարողանանում եմ թանկ գնով գնել, բա որ մարդիկ չեն աշխատում։ Ամեն օր հո չես կարող երեխաներին վարունգ, պոմիդորով խաբես»։

Արցախում տիրող հումանիտար աղետը փաստող լուսանկարների ու տեսագրությունների պակաս չկա։ Կանայք սնունդ են խնդրում երեխաների համար, երեխաներն էլ՝ կոնֆետ ու քաղցրավենիք են խնդրում ծնողներից․

«Մի կանֆետ էլ չկա ուտիմ, մի կանֆետ»։

220 օրից ավելի է, ինչ 120 հազար արցախցիներ զրկված են կենսական գործունեության համար անհրաժեշտ ամեն ինչից՝ առանց բացառությունների՝ չկա սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, դադարեցված են պլանային բոլոր վիրահատությունները, դեղատներում դեղորայք, մանկական սնունդ չկա, ենթակառուցվածքներ չեն աշխատում։ Ամռան շոգին հերթերում թերսնման պատճառով հաճախակիացել են ուշագնացության դեպքերը։ Արցախում արդեն հացն է վերջանում։ Մի քանի օր է՝ սոցալական ցանցերում տաբեր գրառումներ են՝ Արցախի Հանրապետությունում հաց չլինելու մասին։ 21–րդ դարում 2023 թվականի օգոսոստին արցախցիներին հորդորում են ըմբռնումով մոտենալ իրավիճակին և հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները։

Մոտ երկու շաբաթ է, որ Հայաստանից Արցախ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Արցախ հասցնելու համար։ Ադրբեջանը, սակայն, թույլ չի տալիս։ Շրջափակման պատճառով Արցախում դադարել է գործել ավելի քան 1450 տնտեսավարող սուբյեկտ: Նրանք կազմում են ընդհանուրի մոտ 34 %-ը։ ԱՀ ՊԵԿ–ի նախնական տվյալներով շրջափակման ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 16,4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր։ Դա նախատեսվածից քիչ է 10 մլրդ դրամով կամ 63 տոկոսով։

Back to top button