

Ջերմաստիճանի բարձրացումը մեծ ռիսկեր է պարունակում անտառային հրդեհների առաջացման համար։ Հայաստանում նախորդ տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող տարածքներում գրանցվել է 8, իսկ այս տարի արդեն՝ 9 հրդեհ։ Ինչպե՞ս պետք է պայքարել հրդեհների դեմ։
Աշխարհի տարբեր կետերում այս պահին պայքարում են անտառային հրդեհների դեմ։ Մասնավորապես՝ Իսպանիայի և Պորտուգալիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք ընդգրկել են հազարավոր հեկտարներ։ Շոգ եղանակի նոր ալիք է եկել Պիրենեյան թերակղզի՝ նպաստելով հրդեհների տարածմանը։
Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային մարմնի տվյալներով՝ 1000 հրշեջ և 12 ինքնաթիռ ուղարկվել է երկրի կենտրոնական և հարավային հատվածներում հրդեհը մարելու համար:
Բարձր ջերմաստիճանն ու ուժեղ քամին դժվարացնում են հրդեհի դեմ պայքարը։ Շատ գիտնականներ անտառային հրդեհները կապում են կլիմայի փոփոխության հետ, որն ուժեղացել է մարդու գործունեության արդյունքում: Թեև այս ամառ Իսպանիայում և Պորտուգալիայում բռնկված հրդեհները հիմնականում ցածր են իրենց բազմամյա միջինից, համակարգչային մոդելները ցույց են տալիս, որ ջերմային ալիքների հաճախականությունը, հավանաբար, ապագայում կաճի: Ըստ այդմ, առանց պաշտպանական միջոցներ ձեռնարկելու, կմեծանա նաև անտառային հրդեհների վտանգը։
Գիտնականները հաշվարկել են, որ արդյունաբերական դարաշրջանի սկզբից ի վեր Երկրի միջին ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1.1 °C-ով և տեսանելի ապագայում կշարունակի աճել: Հրդեհների դեմ շարունակում են պայքարել Հավայան կղզիներում, Ռուսաստանում, Թուրքիայում և այլուր։
Անտառային հրդեհները գլոբալ խնդիր են ողջ աշխարհի համար և, անկախ ռեսուրսներից և հնարավորություններից, կրակի դեմ պայքարելը բավականին դժվար է։
Մեր երկիրը նույնպես անմասն չէ։ Հայաստանում նույնպես հրդեհները մեծ վնաս են հասցնում անտառներին։ Համաձայն վիճակագրական տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի անտառային հրդեհների դեպքերն ավելացել են։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն է մանրամասներ ներկայացնում։