

Արցախի 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների ջանքերով հնարավոր է եղել ապահովել միջազգային ազդեցիկ իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների և մի շարք հեղինակավոր փորձագետների հստակ, հասցեական գնահատականը խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Հստակ դիրքորոշումներ արտահայտած միջազգային կազմակերպություններից են Amnesty International, Human Rights Watch, Freedom House, Global Center for Responsibility to Protect կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողները, Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան և մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպություններ ու անհատներ։
«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները չպետք է մնան թղթի վրա։ Այս հասցեական հայտարարությունները պետք է դառնան Արցախի ժողովրդին սովամահությունից, էթնիկ զտումից, ցեղասպանությունից փրկելու տարբեր պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումների հիմքը»,-նշված է Արցախի օմբուդսմենի հայտարարության մեջ։
Իրավապաշտպանները իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը քաղաքական որոշումներ կայացնողներինն է՝ սա հայտարարելով Արցախի ՄԻՊ-ը խոսում է հարցը կոնկրետ հարթակ տեղափոխելու մասին։
Իսկ մինչ այդ, որոշ չափով ակտիվանում է Սփյուռքի աշխատանքը՝ Արցախի ճգնաժամի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ։
Հայաստանն ու Ադրբեջանը հեռախոսազանգ են ստացել Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը սկզբում զրուցել է Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Զրույցի առանցքում, բնականաբար, Լաչինի միջանցքի արգելափակումն ու Արցախի շրջափակումն են եղել, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը։
Բայրամովը ամերիկացի պաշտոնյային փորձել է համոզել, որ Արցախը շրջափակման մեջ չէ և Հայաստանին է մեղադրել իրավիճակը սրելու մեջ։ Մինչդեռ Միրզոյանը Քիմին զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամիս տևող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի:
Չնայած հեռախոսազրույցում ադրբեջանական կողմը մեղադրել է Հայաստանին «խաղաղության գործընթացը խոչընդոտելու մեջ», առանձին հաղորդագրությամբ էլ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում առաջընթացի մասին։ Հաղորդագրության տեքստում, սակայն, կա նաև վերջնագիր, որով Բաքուն հայկական կողմին, մեջբերում․ «ժամանակ է տալիս ճիշտ եզրակացություններ անելու»:
Հակառակ ադրբեջանական կողմի «լավատեսությանը», ամերիկացի պաշտոնյայի հետ հեռախոսազրույցում, Արարատ Միրզոյանը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական վատթարացումն ինքնին սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Նախարարն ընդգծել է առկա մեխանիզմները լավագույնս օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:
Այս ամենին զուգահեռ հետաքրքիր է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հերթական հայտարարությունը։ ԱՄՆ-ի անունից նա կոչ է արել Ադրբեջանին պաշտպանել իր քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ սեփական Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։ Սա ասելով Միլլերը անդրադարձել է Գուբադ Իբադօղլուին՝ Ադրբեջանի իշխանություններին քննադատող ադրբեջանցի գիտնականին, որը ձերբակալվել է մեկ ամիս առաջ։
Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը միջազգային հանրության և միջնորդների ուշադրությունը հրավիրում է Արցախի և Ադրբեջանի հենց այս տարբերության վրա․
«Այս իրավիճակում վատը նաև այն է, որ մի շարք ժողովրդավար երկրներից փորձում են մեզ՝ ժողովրդավարական Արցախը, կապ չունի, որ մենք չճանաչված ենք, խցկել տոտալիտար Ադրբեջանի կազմի մեջ։ Եթե աշխարհը անտարբեր եղավ, այդ վտանգները շատ շուտ, հատկապես գլոբալիզացման դարաշրջանում, ծեծելու է նաև ձեր դռները։ Դա լինելու է շատ շուտ և անակնկալ։ Ո՞վ էր պատկերացնում, թե ինչ կլինի, ասենք՝ Ուկրաինայում։ Բայց տեսնո՞ւմ եք, որ ստացվում է»։


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը թե՛ իր հարցազրույցում, թե՛ միջազգային հանրությանն ուղղված հրատապ կոչում կարևորել էր նաև հայկական Սփյուռքի ակտիցավումը։ Արդեն 4-րդ օրն է ամերիկահայերը կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպում՝ դեմոկրատ կոնգրեսականին կոչ անելով ավելին անել Լեռնային Ղարաբաղին աջակցելու հարցում։
Ցուցարարների և կոնգրեսականի ուղիղ հանդիպում դեռ չի կայացել, բայց նախնական պայմանավորվածություն արդեն կա։ Արցախում ուժգնացող ճգնաժամի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով հարյուրավոր ամերիկահայեր որոշ ժամանակով փակել են մայրուղիներից մեկը։
—Ես տեսա, ինչպես ճանապարհը փակվել էր հենց Գլենդեյլի սրտում և մտածում էի, գուցե, մարդիկ ինչ դժվարություններ են ունենալու հասնելու տուն կամ գործի, նույն ժամանակ մտածում էի՝ եթե այս արգելափակումը Գլեդեյլում մարդկանց համար դժվարություններ է ներկայացնում, պատկերացրեք մեր հայրենակիցները Արցախում ինչեր են անցել 200 օրից ավելի՝ սպասելով, որ երկրի ուժերը, որ միշտ խոստանում են կանգնել հայերի կողքին, իրենց խոսքին տեր կանգնեն։
—Սառույցը կոտրվեց, շատ տարբեր բաներ կա ասելու, բայց սա աշխատանքների և նպատակների սկիզբն է։
Գլենդեյլը Արցախի Մարտունու քույր–քաղաքն է համարվում, և այժմ նպատակ կա պաշտոնապես՝ այդ հիմնավորմամբ, մարդասիրական օգնություն ուղարկել Մարտունի։
Բացի Սփյուռքի ակտիվացումից Արցախում կարևորում են նաև հարցը կոնկրետ հարթակ տեղափոխելը։ Սա արդեն կարող է անել ՀՀ-ն։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ անգամ եթե հաջողվի կազմակերպել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, ակնհայտ է, որ կողմերի օրակարգերը տրամագծորեն տարբեր են։
«ՄԱԿ ԱԽ դիմելու հարցը հասունացել է։ ՄԱԿ-ի կանոնադրությունը սահմանում է, որ եթե միջազգային արդարադատության դատարանի որոշումը որևէ կողմը չի կատարում, ապա մյուս կողմը ունի այդ իրավունքը դիմելու ԱԽ և ստանալու այդ կառույցից դատարանի կայացրած որոշման կայացման գործողությունների պլանը։ Մեր գործիքակազմում այդ գործիքը պահելու, հետաձգելու իմաստը չեմ հասկանում։ Այնպես չէ, որ ՄԱԿ ԱԽ հարցը տեղափոխելով լուծումները միանգամից կգտնվեն, բայց համենայնդեպս, սա գործիք է, որը մինչև չես կիրառում, չես կարող հասկանալ, թե ինչ ինչպիսի իրական արդյունաքներ կարող ես ապահովել»։
Գեղամ Ստեփանյանը չի բացառում, որ ցանկացած պահի սովամահությունից դեպքեր կարող են արձանագրվել Արցախում։ Մարդու իրավունքների անկախ փորձագետները արդեն մտահոգություն են հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ: Այս մասին նշված է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։