ԿարևորՀասարակություն

Միջազգային հանրությունը չի կարող շարունակ հայացքը թեքել, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հրատապ օգնության կարիք ունի․ միջազգային մամուլի արձագանքը

Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է միջազգային իրավունքի ոլորտում առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի այն ձևակերպմանը, որ Ադրբեջանը Արցախում ցեղասպանություն է իրականացնում։ Հեղինակավոր «Forbes» պարբերականը, Associated Press-ը, CNN-ը գրում են Արցախում ութ ամիս շարունակվող շրջափակման մասին, շեշտում վերոնշյալ եզրակացությունը, որ կատարվողը ցեղասպանություն է ու պնդում, որ միջազգային հանրության անտարբերությունը պետք է կոտրվի։

Արցախի պաշարումը, բնակչությանը սովի մատնելը հանցագործություն է, ավելի հստակ ձևակերպումը տվեց միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, միջազգային իրավունքի ոլորտում առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օքամփոն։ Նա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն և հուշել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որ Ալիևը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության համար։ Միջազգային իրավունքի առաջատար փորձագետի այս բանաձևմանը և Արցախում ստեղծված իրավիճակին անդրադարձել են մի շարք միջազգային հեղինակավոր  պարբերականներ ու հայտնի դեմքեր։

Միջազգային իրավապաշտպան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» հեղինակ և համահիմնադիր Էվելինա Օչաբը «Forbes» պարբերականում հիշատակել է  ՄԱԿ-ի փորձագետների խմբի արձագանքը, ուր շեշտվում էր, որ Բաքվի կողմից Արցախի շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է «պարենամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակասի առաջ, զգալի վտանգի տակ է դրել հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղիների և հիվանդների կյանքը։ Հիվանդանոցների պաշարները սպառվում են, իսկ բժիշկները պայքարում են բուժօգնություն ապահովելու համար»։ ՄԱԿ փորձագետները կոչ էին արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել մարդկանց, մեքենաների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի։

Էվելինա Օչաբը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի անտարբերությունը Լեռնային Ղարաբաղի շրջափակման նկատմամբ, որի ժողովուրդը անհապաղ օգնություն է պահանջում․

 «Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրություններին վերջապես պետք է լուրջ վերաբերվել և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Քանի որ Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես դա արել է վերջին ութ ամսվա ընթացքում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հրատապ օգնություն է պահանջում»։

Հայաստանից Արցախ ուղարկված 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը դեռ կանգնած է Կոռնիձորում։

«Associated Press» գործակալությունը ևս մեջբերում է Լուիս Մորենո Օքամփոյի բանաձևումը առ այն, որ այն ինչ կատարվում է Արցախի դեմ, Բաքվի կողմից ցեղասպանություն է, որի համար Ալիևին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Associated Press»-ի հարցին ի պատասխան ասել է, որ Հայաստանի կառավարությունը մանրամասն տեղեկություն է տրամադրել Կոռնիձորում արդեն ավելի քան երկուս ու կես շաբաթ կանգնած բեռնատարների պարունակության մասին և թույլտվություն խնդրել դրանք Արցախ հասցնելու համար, սակայն առայժմ ադրբեջանական կողմից արձագանք չկա։ Վարդան Սարգսյանը հույս է հայտնել, որ հումանիտար նախաձեռնությունը, որպես հումանիտար կընկալվի ու հնարավոր կլինի բեռները հասցնել Արցախ։

Լուիս Մորենո Օքամփոյի եզրակացությանն անդրադարձել է նաև CNN-ի լրագրող, գրող, հաղորդավար, «State of the Union» հաղորդման հեղինակ Ջեյկոբ Պոլ Տապպերը։

 Աշխարհահռչակ ձեռներեց, գիտնական և բարերար Նուբար Աֆեյանը թվիթերում կիսվել է «Asssociated Press» գործակալության հոդվածով ու գրել՝

«Որպես մեկ դար առաջ  տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդ, ես Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային»։

Քիմ Քարդաշյանն էլ  Instagram-ում կիսվել է բժիշկ Էրիկ Իսրայելյանի գրառմամբ, որը, նույնպես հրապարակել է Օքամփոյի «Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ 2023 թ» զեկույցը, և հորդորել իր հետևորդներին տարածել այն։

«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի և գազի լծակները տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը մաքրելու համար»,- գրել է Էրիկ Իսրայելյանը։

Միջազգային մամուլի հրապարակումներին անդրադարձել ՀՀ արտգործնախարարությունը։ Գերատեսչության խոսնակ Անի Բադալյանը Twiter-ում գրում է՝ «Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ»:

Back to top button