Տառապանքը միասնության ոգի է արթնացրել․ արցախցիները խորացող ճգնաժամի ու գիտակցված բացթողումների մասին
Միջազգային կոչերն ու հայտարարությունները ոչինչ չեն փոխում շրջափակված Արցախի կյանքում, արցախցիները ապավինում են համայն հայության միասնականությանն ու, իրար աջակից լինելով, առաջ են ընթանում՝ հույսով ու հավատով։ Պաշարման պայմաններում բնակչության առաջնահերթ կենսական կարիքների լուծմանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացվում:
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադի և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը պարզաբանում է՝ խնդիրները բազմաթիվ են ու ստեղծված իրավիճակում չի կարելի ձեռքերը ծալած նստել:
Արդեն մեկնարկել է էլեկտրամոբիլով հղիների և հիվանդների՝ բուժհաստատություններ տեղափոխելու ծրագիրը: Ստեփանակերտից ու հարակից գյուղերից արդեն մոտ 200 հղիներ ու հիվանդներ են տեղափոխվել հիվանդանոցներ:
Սոցիալապես անապահով ընտանիքներին թիթեղյա վառարաններ են տրամադրվում դեռ ձմեռվանից, հաշվի առնելով, որ հոսանքազրկման ու գազի մատակարարումների դադարեցման պայմաններում դրանք առաջնային կարևորություն ունեն: Առաջիկա օրերին կյանքի կկոչվի սոցիալական ճաշարանի ծրագիրը, այն նախապատրաստական փուլում է:
Բենզինի ու դիզվառելիքի բացակայության պատճառով կտրվել է գյուղ- քաղաք, կապը և կենսական է դարձել ձիակառքերի միջոցով բեռնափոխադրումների իրականացումը: Այս ծրագիրը նույնպես կմեկնարկի առաջիկայում։
Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ խոսեց Արցախում տիրող վիճակի մասին․
«Ավելի շատ անորոշությունն է հուզում, երբ հստակ չէ, թե իրավիճակը որ ուղղությամբ կզարգանա, քան առկա նեղությունները, որ միասնաբար փորձում ենք ինչ-որ ձևով հաղթահարել։ Հետաքրքիր միասնություն է առաջացել ժողովրդի մեջ ՝ մեկը մյուսին օգնելու մշակույթը, որ քիչ թե շատ վերացել էր, սկսել է վերականգնվել։ Օրինակ՝ մարդիկ, եթե մեքենայով անցնում են, առանց իրար անգամ ճանաչելու ճանապարհին, երբ մարդ են տեսնում, առաջարկում են տանել, եթե մեքենայի մեջ ազատ տեղ է լինում։ Տառապանքները մարդկանց մեջ միասնության ոգի են արթնացրել»։
Արցախում բնակվող Սոֆի Բաբայանն ասում է, որ զարմանում է թե ինչպես են իր հայրենակիցները կարողանում գոյատևել սննդի պակասի, հիգենայի պարագաների բացակայության պայմաններում։ Ամենուր հերթեր են․․․
«Անգամ երիրտասարդներն են սթրեսից վատանում, ոմանց մոտ ճնշումն է բարձրանում, ոմանց մոտ ընկնում է ու չկան ցավազրկողներ, ճնշումը կարգավորող դեղեր, անգամ վալերիանա (կատվախոտ) չկա, վաղուց չկա։ Վստահ եմ, որ զրկանքներով ուժեղ սերունդ է մեծանում։ Եթե տեսնեիք՝ ոնց են փոքրիկները օգնում իրենց ծնողներին, հարևաններին, բարեկամներին, վերջապես կտրվել են հեռախոսներից, հերթեր են կանգնում։ Եվ թշնամին չգիտի, որ զրկանքներ պատճառելով մեզ պայմաններ է ստեղծում, որ ապագայում ունենանք հզոր, զորավոր սերունդ»։
Անելանելի վիճակ չկա, միշտ ելք լինում է համոզված է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։ Նա մատնացույց է անում սխալները, որոնք հասցրեցին այս բարդ, ծանր վիճակին, բայց նաև հորդորում է գիտակցել սխալները, հետ կանգնել ու այդպիսով վերականգնվել․
«Եթե այս ամենին նայում ենք հոգևոր աչքերով, տեսնում ենք, որ մի քանի տարվա քաղաքականության արդյունք չէր այս պարտությունը, կորուստներն ու հիմա էլ շրջափակումը, այլ տարիների ընթացքում մեր բացթողումների, մեղքերի հետևանք են և, եթե մեր աչքերի առջև ունենանք յոթ մահացու մեղքերը՝ հպարտությունից սկսած, ապա կտեսնենք, որ բոլոր այդ մեղքերը մեզանում այնքնան են արմատացել, որ վերջում բերել են հայրենիքի կորստի։ Մենք հաղթանակից հետո այնքան հպարտացանք, կարծելով, թե դա մեր քաջության արդյունքն է, և դա որոշ մարդկանց իրավունք տվեց երկիրը թալանելու, երկիրը համարելու իրենը և դրանով թուլացրեցինք մեր երկրի պաշտպանունակությունը»։
Այսօրվա ծանրագույն իրավիճակում գերխնդիրը համախմբումն է՝ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը խնդրում է քանդել անտարբերության մթնոլորտը, կանգնել միասնական աղոթքի։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը Աստվածամոր Վերափոխման տոնին, կամ ինչպես ընդունված է ասել՝ Խաղողօրհնեքին ընդառաջ շաբաթապահք է սկսել, որին միացել են Հայաստանից ու ողջ աշխարհից բազմաթիվ հայեր և իրենց սրտի խնդրանքը ուղղում են հանուն Արցախի փրկության։