ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանը նախատեսվածից ավելի բարձր կլինի․ մասնագետները նախազգուշացնում են

Մի քանի օրից Հայաստան կհասնի արաբական թերակղզուց եկող հզոր ջերմային ալիքը։ Սրա հետևանքով հանրապետության մի շարք շրջաններում ու հատկապես մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի։ Չնայած սա հայաստանյան օգոստոսի համար այնքան էլ աննորմալ ցուցանիշ չէ, այնուամենայնիվ, մասնագետները զգուշացնում են․ հատկապես ցերեկային ժամերին պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, շատ ջուր օգտագործել ու կրել արևապաշտպան ակնոց ու գլխարկ։ Այս օրերին հանրապետությունում մեծ է նաև հրդեհների առաջացման ու տարածման վտանգը։

Առաջիկա օրերին պետք է խուսափել օրվա ցերեկային ժամերին դրսում՝ հատկապես արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց։ Մասնագետները զգուշացնում են՝ օգոստոսի 10-14-ը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի։ Ժամը 12-18–ը առավել վտանգավոր կլինեն նաև ուլտրամանուշակագույն ճառագայթները, եթե նույնիսկ դրսում կլինեք աշխատեք ստվերում մնալ՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի հորդորն է։

«Այս եղանակին անհրաժեշտ է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, դրա համար անհրաժեշտ է կրել արևային ակնոցներ, լայնեզր գլխարկներ, ունենալ հովհանոցներ, կրել բաց գույնի բնական կտորներից ազատ հագուստ որպեսզի ապահովենք օդի շարժը և օրգանիզմը կարողանա հովանալ»,– ասում է Բակունցը։

Ամառն այս օրերին իր լիարժեք իրավունքների մեջ է․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ չնայած կանխատեսվում էր համեմատաբար զով օգոստոս, այնուամենայնիվ, արաբական թերակղզուց Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։ Այս օրերին արևի տակ ջերմաստիճանը կարող է հասնել 55-60 աստիճանի, սակայն սա արևի ճառագայթների ջերմաստիճանն է․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյան։

«Ցերեկը ժամը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, ստվերում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +40-42 աստիճանի»։

Օդի ջերմաստիճանի զգալի բարձրացումը ավելի նկատելի կլինի հատկապես մայրաքաղաքում և Արարատյան դաշտում։ Նունե Բակունցն ասում է՝ շոգից պաշտպանվելու համար այս օրերին պետք է առնվազն 2.5-3 լիտր ջուր խմել։

«Կոֆեին պարունակող խմիչքներն ու ըմպելիքները՝ թե տաք թե սառը առաջարկում ենք պակասեցնել, քանի որ չնայած դրանք կարճատև թարմացնող էֆֆեկտ ունեն, այնուամենայնիվ, իրենք հյուծում են օրգանիզմը, իսկ շաքար պարունակող ըմպելիքները ավելի ծանրացնում են ջրազրկումը»։

Ամռան շոգին մեծ է նաև սննդային թունավորումների ռիսկը․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը զգուշացնում է՝ հատկապես ամառային հանգիստը կազմակերպելիս պետք է զգոն լինել, արևի տակ չպահել հում մսամթերք, ձկնամթերք, քանի որ շոգ եղանակին մանրեներն ավելի արագ  են զարգանում և կարող են թունավորումների պատճառ դառնալ․

«Ընդհանրապես, խորհուրդ է տրվում այս սեզոնին ամենածանր սնունդը ընդունել օրվա զով ժամերին, իսկ օրվա շոգ ժամերին օրգանիզմը առավել չծանրաբեռնելու համար ավելի շատ ուտել թեթև բանջարեղենային դյուրամարս ուտելիք քիչ-քիչ չափաբաժիններով, որպեսզի առանց այն էլ ծանրաբեռնված օրգանիզի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի»,– մանրամասնում է մասնագետը։

Օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված օգոստոսի 10–ից հետո Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային հատվածում Սյունքիի և Տավուշի հովիտների անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծ է նաև հրդեհների բռնկման ու տարածման վտանգը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանն ասում է՝ այս օրերին փրկարար ծառայությունը ուժեղացված հսկողություն կիրականացնի, սակայն կարևոր է նաև քաղաքացիների զգոնությունը։

«Բուսածածկ ու անտառածածկ տարածքներում արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում, իսկ եթե այնուամենայնիվ պետք է վառեն, անեն դա բաց տարածքներում և իրենց հեռանալուց հետո համոզված լինեն, որ կրակը հանգել է ու այն հանգցնեն ջրով կամ հողով։ Արգելվում է նետել չմարված ծխախոտի մնացորդներ և կատարել չոր խոտի խոզանի այրում, ինչը վերջին շրջանում և, հիմնականում գյուղատնտեսական տարածքներում, գյուղացիների և շահագործողների կողմից իրականացվում է»,– ասում է Արսեն Մկրտչյանը։

Հրդեհներից խուսափելու համար չպետք է նաև բաց տարածություններում շշեր, ապակիների մնացորդներ թողնել, դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արսեն Մկրտչյանը մանրամասնում է՝ նախորդ տարի գրանցված հրդեհների շուրջ 38 տոկոսը հենց բուսածածկ ու խոտածածկ տարածքներում է եղել։

Back to top button