Օրեր շարունակ Հայաստանում Սփյուռքի տարբեր դպրոցների ուսուցիչները վերապատրաստում էին անցնում։ Հայաստանում վերապատրաստման գործընթացը, ըստ նրանց, արդյունքներ ունենում է հետագա գործունեության համար։ Որո՞նք են սփյուռքի՝ մասնավորապես Դանիայում և Իսպանիայում հայերենի ուսուցման առանձնահատկությունները և որո՞նք են ընտրված մոտեցումները։
Դանիայում գործող Կոպենհագենի մայրենի լեզվի դպրոցի հայոց լեզվի և մշակույթի ուսուցչուհի Ռուզաննա Վարդանյանը, ներկայացնելով դպրոցը, նշում է, որ այն 50 տարբեր լեզուների է անդրադառնում, որոնցից մեկը հայերենն է։ Դպրոցում սովորում են 5-15 տարեկան երեխաներ, նրանք, որոնք ապրում են Կոպենհագենում։
«Մինչև 6-րդ դասարան ուսումն անվճար է, դրանից հետո՝ վճարովի։ Իսկ այլ քաղաքների երեխաների համար վճարն ավելի մեծ է։ Հայերենի ուսուցման մեջ մտնում է ամեն ինչ՝ կապված հայկական աշխարհի հետ։ Սկսում ենք ճանաչել մեր տառերը, ընթացքում նաև մեր մշակույթը և այլն»,- ասում է Ռուզաննա Վարդանյանը։
Դանիայում հայկական համայնքը շատ ակտիվ չէ, կարելի է ասել՝ չկա համայնք, չկան նաև հայկական դպրոցներ, նշում է զրուցակիցս։ Գործող հայկական եկեղեցին որոշ ժամանակ առաջ փորձել է հայ երեխաների համար հայերենի ուսուցման դասեր կազմակերպել, սակայն գործը գլուխ չի եկել, ավելացնում է։ Այս դպրոցը, որը տեխնիկապես հագեցած է, օրվա երկրորդ կեսից հետո տրամադրվում է տարբեր լեզուների դասավանդմանը։
«Ես ապրում եմ Դանիայում երեք տասնամյակ և ավելի, սակայն այս դպրոցում դասավանդում եմ տասը տարի։ Քանի որ հայ երեխաներից շատերը կա՛մ չեն խոսում հայերեն, կա՛մ խոսում են թերի, որովհետև ծնողները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, ապա ինձ համար լեզուն սովորեցնելն ավելի դժվար է դառնում։ Ես պետք է տիրապետեմ մի քանի լեզուների՝ հայոց լեզուն, հայկական մշակույթը, պատմությունը նրանց հասանելի դարձնելու համար»։
Եթե Դանիայի տարածքում հայկական դպրոցներ չեն եղել և այսօր էլ բացակայում են, ապա Իսպանիայում շատ կան հայկական թե՛ դպրոցներ, թե՛ դասաժամեր։
Բարսելոնայի հայ մշակութային միության «Հայ տուն» դպրոցը մեկօրյա է, հիմադրվել է 20 տարի առաջ։ Զինաիդա Գալստյանը 8 տարի առաջ է Հայաստանից տեղափոխվել Իսպանիա և արդեն 3 տարի դասավանդում է այս դպրոցում։ Տարրական դասարանի ուսուցչուհին նշում է, որ թեև Իսպանիայում հայկական դպրոցներ կան, իսկ հայ երեխաները, որոնք ծնունդով Իսպանիայից են ու տիրապետում են հայերենին, այնուամենայնիվ, կարիք ունեն լեզուն սովորելու նոր ու մատչելի միջոցների։
«Ունենք ինը դասարան՝ տարիքային տարբեր խմբերի համար։ Մենք մեր դասաժամերը փորձում ենք ավելի ինտերակտիվ անցկացնել՝ հասանելի դարձնելով օտար երկրում ապրող հայ երեխային»,- ասում է Զինաիդան։
Խոսելով հայերենի առանձնահատկությունների մասին, որը հատկապես սփյուռքի վերջին սերունդն է նկատում, ուսուցչուհին նշում է մեր որոշ տառերի արտաբերման դժվարությունները։ «Ծ»,«Ջ»,«Ղ»,«Ձ»․ հատկապես այս տառերը, նաև «Ը» տառի արտասանությունը գրեթե բոլորի համար բարդություն է։ Անգամ այս վերապատրաստման ընթացքում բարձրացրել են հարցը։ Հայ ծնողները, ասում է Կոպենհագենի դպրոցի ուսուցչուհին, գիտակցում են ձուլման վտանգը ։