

ՄԱԿ–ի հատուկ զեկուցողներն իրենց զեկույցում Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Փորձագետները (ՄԱԿ–ի. խմբ.) կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին, 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրին համապատասխան, անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռնատարների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Նրանք նաև կոչ են արել տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահներին հրադադարի մասին համաձայնագրի պայմանների համաձայն պաշտպանել միջանցքը», – ասվում է Հատուկ զեկուցողների հայտարարության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Նրանք նշում են, որ վերջին յոթ ամիսներին ԼՂ–ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը հանգեցրել է նրան, որ բնակչությունը բախվել է հիմնական սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների խիստ պակասի, այն ազդել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքի վրա և վտանգի տակ դրել մարդկանց կյանքը։
«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել միջազգային պարտավորությունները` կապված մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու հետ, ներառյալ` սնվելու, առողջապահության, կրթության և կյանքի իրավունքը։ Մենք ընդգծում ենք նաև բոլոր ներգրավված կողմերի միջև համագործակցության և երկխոսության կարևորությունը` ԼՂ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման համար», – նշված է հայտարարության մեջ։
Փաստաթուղթը ստորագրել են նաև սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայքլ Ֆահրին և կրթության իրավունքի հարցերով զեկուցող Ֆարիդ Շահիդը։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվել է շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։