ԿարևորՀասարակություն

«Որ զինանշանի հերոսը ապրի»․ խարիզմատիկ քարարծիվը՝ տարվա թռչուն, ճանաչենք և չվնասենք

Հայաստանի զինանշանի գլխավոր խորհրդանիշերից մեկը՝ արծիվը, Կարմիր գրքում է։ Խոցելի տեսակների թվում այն այս տարի ճանաչվել է «տարվա թռչուն»։ Վարկանիշի հեղինակը Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղն է, որը բնակրթական ծրագրերի միջոցով փորձում է ճանաչված ու պաշտպանված դարձնել թռչուններին։

«Խոսրովի արգելոցի» թանգարանի մուտքին արքայի խորաքանդակն է, ուսին՝ արծվի հենց այն տեսակը, որը պատկերված է ՀՀ զինանշանին։

«2023 թ.-ի տարվա թռչուն, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում» ։

Թանգարանի էքսկուրսավարի խոսքը քարարծվի մասին է։ Այն «տարվա թռչուն» է ճանաչվել ՆԱԲՈՒ Հայաստան կազմակերպության քվեարկության արդյունքում։

Զինանշանի «հերոսին» սկսում եմ փնտրել Խոսրովի պետական արգելոցում։ Թռչնադիտարկող խումբն առաջնորդում է բնապահպանական կառույցի ներկայացուցիչ Լևոն Հարությունյանը։

«Թվաքանակը, ըստ տարբեր գնահատականների, տատանվում է։ Կարմիր գրքում նշվում է 34-ից 36 բնադրող զույգի մասին, ավելի վաղ հետազոտությունները նշում էին՝ 20-ից 80։ Այս տարի Հայաստանի 7 մարզերում իրականացրել ենք հետազոտություններ, շատ ոգևորիչ տվյալներ չեն։ Ցանկանում ենք շարունակել նաև մյուս տարի, միգուցե պատկերը փոխվի»։

Կենցաղ, հասցեներ ինպե՞ս է ապրում «մեր քարարծիվը»

Հայաստանում բնակվող փետրավորի թևերի բացվածքը կարող է հասնել 2.5 մետրի։ Օտարերկրյա ազգակիցների նման նա էլ բարձրակարգ որսորդ է և իրեն անթերի է կառավարում օդում։ Լևոն Հարությանը թվարկում է՝ քարարծվի հանդիպել է Արարատի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի ժայռոտ տեղանքներում։

«Հայաստանում սնվում է միջին չափի թռչուններով՝ կաքավ կամ վայրի այլ տեսակներ, կարող է որսալ աղվես, նապաստակ կամ գետնասկյուռ։ Չնայած Հայաստանն ամբողջությամբ լեռնային տարածք է, բայց բնադրելու տեսանկյունից նախընտրում են էն տարածքները, որտեղ կան շատ բարձր ժայռեր, լեռներ, կամ գոնե գետերի կիրճեր»։

«Հայաստանցի» քարարծիվն «արտագաղթի սեզոն» չունի։ Նստակյաց լինելու շնորհիվ նրան կարելի է հանդիպել նաև ձմռանը։ Ցանկության դեպքում քարարծիվը կհասնի Իրան, անգամ Իրաք, բայց կվերադառնա։

Սննդի առատության առումով սիրված վայրերից է Խոսրովի պետական արգելոցը։ Խիստ զգայուն թռչնին տեղանքը հարմար է նաև մարդածին անհանգստացնող գործոնների բացակայությամբ։

-Բոլոր վայրի կենդանիներն են ազատություն սիրում, բայց, եթե մարդը սկսեց ինչ որ մի գործունեությամբ զբաղվել քարարծվի բնի մոտ, շատ հավանական է, որ էդ թռչունը նույնիսկ, եթե բնում արդեն ունեն ձագուկներ, թողնի ու հեռանա, և էդտեղ ունենանք չհաջողված բնադրում։ Ցավոք սրտի՝ նաև ապօրինի որսի զոհ են դառնում։

-Այդ թվում նաև Հայաստանո՞ւմ։

-Հայաստանում ևս, այո, լինում են դեպքեր, որ ուղղակի գիտակցաբար և ոչ գիտակցաբար բներից մարդիկ վերցնում են ձվերը կամ ձագուկներին։ Չմոռանանք, որ քարարծիվը մեր գերբի վրա պատկերված թռչունն է ու ընդհանրապես, ազատության, հզորության խորհրդանիշը, ինչի՞ համար վնասենք էդ կենդանուն։

-Զույգերին չե՞ն փոխում, միշտ նույն ընտանիքն է՞։

Ասում են, որ իրենք զույգը կազմում են ամբողջ կյանքի համար։ Ամեն տարի ձվադրում են 1-2 ձու, բայց հնարավոր է անհաջող ինկուբացիա լինի, ճուտիկը դուրս չգա։ Օրինակ, էս տարի մեր գտած բներից մեկը ենթադրում ենք՝ ինչ-որ նման երևույթի է բախվել, որովհետև հասուն թռչունները բույն բավականին հաճախ գալիս-գնում էին և մինչև վերջերս էլ օգտագործում էին այն, բայց ճուտ չկար։

-Քանի՞ տարի են ապրում։

-Դժվար հարց է, թե քանի տարի են ապրում, որովհետև բնության մեջ բավական դժվար է հետևել 1 կոնկրետ առանձնյակի կամ առանձնյակների, որ հասկանալ՝ որքան։ Բայց, մոտավորապես 30 տարի հնարավոր է՝ ապրեն անազատ պայմաններում, բնության մեջ էլ 30 պլյուս տարի։

«Չ՛որդեգրենք» ԱՄՆ գերբի արծվին նրանցը ձկնակեր է, մերը՝ ցամաքային որսորդ

Հզորության և ազնվության խորհրդանիշ թռչնին մենք երբեմն շփոթում ենք օտար տեսակների հետ։ Կենսաբան և թռչնագետ Լևոն Հարությունյանն ասում է՝ համացանցում արծվի պատկեր որոնելիս ամենաշատ արդյունքը Հյուսիսային Ամերիկայում տարածված տեսակինն է, մեր «զինանշանի հերոսին» փնտրեք «քարարծիվ» անվանումով, որ ԱՄՆ գերբի արծիվը նրա փոխարեն չհայտնվի քանդակներում ու պատկերներում։

«Շատ աչքի ընկնող առանձնահատկությունը դա գլխի փետրավորման, գունավորման տարբերություն է։ Ամերիկյան արծվի մոտ ամբողջությամբ սպիտակ է գլուխը, իսկ մեր քարարծվի մոտ ավելի մուգ է՝ դարչնագույն, մեր քարարծվի դեպքում ծոծրակի մասում կա շիկակարմիր փետրավորում։ Եվ իրենք տարբերվում են նաև իրենց էկոլոգիական առանձնահատկություններով՝ ամերիկյան արծիվը ձկնակեր արծիվ է, բայց մեր արծիվները ցամաքային տեսակների վրա են նախընտրում որս կատարել։ Կտուցի գունավորմամբ կարող են տարբերվել։ Սպիտակագլուխ արծվի մոտ կտուցը դեղին գունավորում ունի, քարարծվի մոտ գունավորումը ավելի մուգ է»։

Թռչնադիտարկման ընթացքում Խոսրովի արգելոցի հատուկ բնակչին այդպես էլ չտեսանք։ Ազատ թռիչքում երևացին մեծ ճուռակը, սև անգղը, փոքր թռչուններ, սակայն քարարծվի սլացքը չերևաց։ Արգելոցի Խոսրով տեղամասի պետ Նորիկ Մխիթարյանը դա բացատրում է շոգ եղանակով․

«Եղանակից է, շատ շոգ է, հիմա ինքը հով տեղերում է, դրա համար չեք տեսել»։

Նշմարվեց ժայռոտ տեղանքում չոր ճյուղերից պատրաստված բույնը։ Այն հաջողվեց տեսնել հեռադիտակով՝ ավելի քան 500 մետր հեռավորությունից։

Back to top button