Հաշմանդամություն ունեցողների իրավունքները պաշտպանված են օրենքով․ պարզաբանումներ «Ակվատեկի» աղմկահարույց դեպքի առթիվ


Երեկ «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում արգելել են հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը լողավազան։ Պատճառաբանել են, որ այն հարմարեցված չէ նրանց, բացի այդ, այդ երեխաները կխանգարեն մյուս այցելուներին։ Պատկան կառույցներն ուսումնասիրում են դեպքի հանգամանքները` մանրամասները պարզելու համար։ Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների խախտման դեպքում օրենքը դատական գործընթաց է նախատեսում։
Հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ակվատեկ» հնարավոր չէ, նրանք կխանգարեն մյուս այցելուների հանգիստը՝ սա սպորտային համալիրի պատասխանն է Վանաձորից Երևան եկած հաշմանդամություն ունեցող երեխաների խմբին։ Երեխաների առօրյան կազմակերպող կամավորը, մինչ Երևան հասնելը, նախապես զրուցել է «Ակվատեկի» աշխատակցի հետ ու ճշտել պայմանները։ Նրան ասել են, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը 1 անձի համար 2500 դրամ է։ Սակայն տեղ հասնելուն պես գումարը թանկացել, դարձել է 4000 դրամ։ «Ռադիոլուրի» զրուցակիցը դեպքին ներկա երեխաներից մեկի ծնողն է՝ Լիլիթ Մխիթարյանը․
«Կանչեցին տնօրենին։ Տնօրենն իջավ ու տղային ներս տարավ։ Տարավ լողավազանի մոտ ու ասաց, որ այստեղ ինչպես են պատկերացնում, այդ երեխաների լողալը։ Արմենը ցույց էր տվել ոչ խիտ հատված։ Տնօրենն ասել էր, որ հնարավոր չէ այդտեղ, ինչ որ պատճառաբանություններ էր բերել։ Հետո էլ ասել, որ այսօր ինչքան երեխա որ տեսնում եք, դրանից ավելի էլ ակնկալում են, որ կգան, քանի որ կիրակի է։ Իրենք այցելուներին կխանգարեն, նրանք էլ այս երեխաներին»։
Այնուհետև տնօրենը երեխաներին խորհուրդ է տվել իջնել «Ջրաշխարհի» բացօթյա լողավազան։ Այնտեղ երեխաների մուտքն անվճար է ու մեծ սիրով ընդունելու պատրաստակամություն են հայտնել։ Բայց որոշ երեխաների հակացուցված է եղել արևի ուղիղ ճառագայթների տակ լողալ։ Դրա համար հրաժարվել են բացօթյա լողավազանից։


«Ռադիոլուրը» փորձեց կապվել «Ակվատեկի» տնօրենի հետ։ Սակայն կազմակերպությունից մեզ հետ զանգելու խոստումը չկատարեցին։
Դեպքը մեծ արձագանք է գտել համացանցում։ Դրան անդրադարձել են պետական տարբեր կառույցներից։ Մարդու իրավունքների գրասենյակից «Ռադիոլուրին» ասացին, որ օմբուդսմենը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը: Այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար։ Մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը, նախարարությունը ևս մեկ անգամ նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է․
«Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար, մյուսների հետ հավասար հիմունքներով, հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը»։
ՀՀ–ում հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելվում է։ Սա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի պահանջն է։ Յուրաքանչյուր ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը խտրականության դրսևորում է, «Ռադիոլուրին» ասում նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը․
«Հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն դատական հայց ներկայացնել, եթե որևէ ձևով խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի իրավունքը։ Կարող են հանդես գալ դատարանում և պաշտպանել իրավունքը»։
Օրենքի պահանջներից է նաև բոլոր շենք–շինություններն ու հասարակական վայրերը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելը։ Եթե դրանք նոր են կառուցվում, ապա պետք է ամբողջովին հարմարեցված լինեն նրանց ազատ տեղաշարժին։ Արդեն շահագործված կառույցները պարտավոր են օժանդակ հարմարանքներով մատչելի պայմաններ ապահովել, բացատրում է պաշտոնյան․
«Այս նորմերի չկատարումն առաջացնում է վարչական իրավախախտումների մասին օրենքով տույժեր ու տուգանքներ։ Օրենքը նաև խելամիտ հարմարեցումների մասին է սահմանում դրույթներ։ Եթե ընդհանուր դիզայնով մատչելիություն ապահովել հնարավոր չէ, ապա կան բազմաթիվ այլընտրանքային լուծումներ, երբ ժամանակավոր միջոցների կիրառումը դարձնում է մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար»։
«Ակվատեկի» դեպքով ուսումնասիրությունների արդյունքում, եթե պարզվի, որ իսկապես խախտվել է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքը, ապա, ըստ օրենքի, նրանք իրենց իրավունքները կարող են պաշտպանել դատարանում։