ԿարևորՄիջազգային

Ռուս-ուկրաինական պատերազմը նոր փուլ է թևակոխո՞ւմ, թե՞ հոգնեցրել է հակամարտության կողմերին

Սաուդյան Արաբիայում աշխարհի շուրջ 40 երկրներ բանակցություններ են սկսել՝ նպատակ ունենալով համաձայնության հասնել ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ ավարտի հիմնական սկզբունքների շուրջ։ Փորձագետները նշում են, որ բոլորը հոգնել են այս պատերազմից, ինչը սակայն չի նշանակում, թե խաղաղությունը կկնքվի։ Որոշ վերլուծաբաններ խոսում են Զելենսկուն հեռացնելու անհրաժեշտության մասին, քանի որ նա պատերազմի խորհրդանիշ է դարձել, ոմանք էլ գտնում են, որ պատերազմը նոր փուլ է թևակոխում և ահագնանալու է։

Ռուս -ուկրաինական պատերազմը նոր փուլ է թևակոխում թե՞ հոգնեցրել է Արևմուտքին, Ռուսաստանին և Ուկրաինային․ այս հարցում փորձագիտական կարծիքները տարբերվում են, այնպես, ինչպես տարբերվում են մոտեցումները հարցին, թե իրականում Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների գրոհի փորձերը որ կողմից և ինչ նպատակով են իրականացվել։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը կարծում է, որ դեռ պետք է ապացուցվի, որ Ուկրաինան է փորձել ԱԹՍ-ներով գրոհել Մոսկվայի վրա․

«Ճշգրտելու կարիք կա, քանի որ, եթե աշխարհագրորեն տեղանքը ուսումնասիրում ես, տեսնում ես, որ չի կարող ՌԴ օդային տարածքը բաց լինել, որովհետև մինչև Մոսկվա քաղաքը բավականին երկար տարածություն է, և ՀՕՊ–ն այնքան վատ է աշխատել, որ Մոսկվայի գլխավերևում թռել է ԱԹՍ և քաղաքի կենտրոնում փորձել է իրականացնել նման ռազմական գործողություն։ Պետք է ճշտել, քանի որ սա կարող է Ռուսաստանի համար ալիբի ստեղծող քայլ լինել՝ պատերազմի շարունակման համար հիմքեր ստեղծելու նպատակով»։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ օգոստոսի 6-ի առավոտյան անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Ռուսաստանի մայրաքաղաքը, սակայն խոցվել է։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցնում է, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկել այն տարածքները, որոնց պատկանելությունն ամրագրված է Ռուսաստանի Սահմանադրությամբ, և ոչ ավելին։ Դեռ նախորդ տարվա վերջին Վլադիմիր Պուտինն օրենքներ էր ստորագրել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Պեսկովի այս հայտարարությունը նմանեցնում է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարություններին։ Միջազգայնագետը նշում է, որ Զելենսկին էլ մտադիր է վերադարձնել կորցրած տարածքները։ Ըստ այդմ՝ փորձագետը համոզված է, որ ռուս-ուկրաինական պատերազմը նոր փուլ է թևակոխում։

Առջևում ընտրություններ են սպասվում և՛ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ այդ հանքամանքներով պայմանավորված՝ նոր զարգացումներ կլինեն։ Բացի այդ, ըստ քաղաքագետի, պետք է հաշվի առնել, որ պատերազմը հոգնեցրել է բոլոր կողմերին․

«Զելենսկու քաղաքական ապագան այս պահին մշուշոտ է և մեծ մասամբ կախված է պատերազմից։ Արևմուտքում սկզբից շատ մեծ աջակցություն էր, իսկ հիմա արդեն փոխվում են տրամադրությունները, շատ էականորեն փոխվում են նաև տրամադրությունները Ուկրաինայում։ Արևմուտքի դեպքում դա պայմանավորված է տնտեսական վիճակով, իսկ Ուկրաինայի դեպքում՝ զոհերի թվով։ Այս պահին խաղաղության համար ավելի նպաստավոր պայմաններ կան, քան մի քանի ամիս առաջ, բայց դա չի նշանակում, թե խաղաղություն կկնքվի»։

Ի դեպ՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ֆիզիկապես հեռացնել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն և դրանում մեղադրել Ռուսաստանին ։ «Ուկրաինայի առաջնորդին երկար ժամանակ չի մնացել։ Նրա օրերը հաշված են»,- ասել է Ջոնսոնը։

Քաղաքագետ Հրանտ Միքայլելյանը, խոսելով նոր զարգացումների մասին, նախ շեշտում է, որ Ուկրաինայի նախագահը, ոչ իր կամքով, դարձել է պատերազմի գլխավոր կերպարը և չի կարող այժմ խաղաղություն կնքել։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն էլ նկատում է, որ Արևմուտքը սնվում է այս հակամարտությունից, սակայն ոչ մի դեպքում չի ուզում միջամտել, մասնակից դառնալ, անգամ չեն պատրաստվում Ուկրաինային ՆԱՏՕ ընդունել։ Արևմուտքը, ըստ նրա, խուսափում է Մոսկվայի հետ առճակատումից, սակայն ձգտում է թուլացնել Ռուսաստանը Ուկրաինայի միջոցով։

Միջազգայնագետը չի բացառում, որ Արևմուտքը նպատակ է հետապնդում հետագայում միասնական ուժերով հարվածել Ռուսաստանին, երբ այդ երկրի պաշտպանական համակարգը զգալի թուլացած լինի։  

«Բացառություններ լինում են, բայց մենք տեսել ենք, որ Ռուսաստանը կարողացավ գրավել ու մարսել Հարավային Օսեթիան, Աբխազիան։ Նրանք ֆիզիկական ներկայություն ապահովում են Արցախում, ու ես կարծում եմ, որ որքան էլ ասենք, որ նրանք վատթար վիճակում են, կկարողանան պահպանել, այն, ինչ կարողացել են ռազմական ճանապարհով ձեռք բերել»։

Ի դեպ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին մտահոգություն էր հայտնել միջուկային սպառնալիքի վերաբերյալ։ Նա շեշտել էր, որ միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։

Back to top button