Հայաստանում 2014-2025 թթ. ժամանակահատվածում կանխատեսվում է տնտեսական աճի միտում
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանում 2014-2025 թթ. ժամանակահատվածում կանխատեսվում է տնտեսական աճի միտում, որի տեմպերը կգերազանցեն 2010-2011 թվականի միջին աճի տեմպերը՝ լինելով 5.5–6.5 տոկոսի միջակայքում: Նման թիրախ է սահմանված Հայաստանի 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, նախատեսվում է, որ ՀՆԱ ճյուղային կառուցվածքում առաջնորդող դեր կունենա և տնտեսական աճի շարժիչ ուժը կլինի տնտեսության արտահանելի հատվածը, հիմնականում՝ արդյունաբերության շնորհիվ, ինչպես նաև ծառայությունների ոլորտը` հանդես գալով տնտեսական ակտիվությունը սպասարկող ճյուղի դերում: Ծրագրով` տնտեսության զարգացման խթաններն աստիճանաբար կտեղափոխվեն կապիտալ և գիտական ներուժի մեծացման հենքի վրա գործող ճյուղեր: Այլ խոսքով` աստիճանաբար առաջատար կդառնան բարձր արտադրողականություն ապահովող ոլորտները: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թվականի հունվար-դեկտեմբերին 3,5 տոկոսով գերազանցել է 2012-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում, բացի շինարարության եւ էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառներից: 2012թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ անցյալ տարվա ընթացքում ծառայությունների ծավալն աճել է 3,6 տոկոսով և կազմել 917 մլրդ 122,9 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 6,1 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 022 մլրդ 753,6 մլն դրամ:
Առեւտրի շրջանառությունն աճել է 1,2 տոկոսվ և կազմել 2 տրլն 331 մլրդ 138 մլն դրամ: Հայաստանի 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով` նախատեսվում է 2017 թ.-ին ներգնա զբոսաշրջիկների թիվը հասցնել 1.2, իսկ 2025 թ.՝ 2.3 միլիոնի: 2008 թ.-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմում էր 558 հազար: Կառավարության հաստատմանը ներկայացված ծրագրով` նախատեսվում է, որ ներգնա և արտագնա զբոսաշրջությունը կշարունակի աճել նույն տեմպերով, որով դրանք աճել էին 2008- 2012 թթ. ժամանակահատվածում, համապատասխանաբար՝ 8.2 և 9 տոկոս: Ծրագրով` ներգնա զբոսաշրջությունը կպահպանի իր դերը որպես երկրի արտահանման երկրորդ խոշորագույն ոլորտ և Հեռանկարային Զարգացման Ծրագրի գործողության ժամանակահատվածում կկազմի ընդհանուր արտահանման մոտ 20 տոկոսը: Գնահատվում է, որ բոսաշրջությամբ անմիջապես զբաղվող աշխատատեղերի քանակը 2011 թ. համեմատ կավելանա 9.4 հազարով և 2025 թ. կկազմի ոչ գյուղատնտեսական ոլորտի աշխատատեղերի 3.3 տոկոսը:
Կարևոր նշանակություն են ունենալու առանձին զբոսաշրջային կենտրոնների` Ջերմուկի, Ծաղկաձորի, Դիլիջանի և այլն, զարգացման արդեն իսկ ընդունված ռազմավարությունների հետևողական իրականացումը: Ըստ ծրագրի` զբոսաշրջության զարգացմանն էապես նպաստելու են նաև «բաց երկնքի» քաղաքականության իրականացումը՝ ցածր բյուջետային ավիափոխադրողների ներգրավմամբ, երկաթուղային ուղևորափոխադրումների շուկայի ապամենաշնորհումն ու մրցակցության ապահովումը, Երևանից դուրս զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծումն և արդիականացումը, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավման խրախուսումը: