Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմի ամենամեծ կորուստը իմ ջոկի Համլետի մահն էր․ Վոլոդյա Ավդալյան․ «Կյանքին ասել այո՛»

Վոլոդյա Ավդալյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 8-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։ Տեղի հիմնական դպրոցն ավարտելուց հետո 2018 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ 2019-ի հունվարին չորրորդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ։ Վեց ամիս ծառայել է Երևանի կապի բրիգադում, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի կենտրոնական պաշտպանական շրջանում։ Կապի ջոկի հրամանատար էր։ 44-օրյա պատերազմին հիմնականում Հադրութում էր, Ջրականում ու Կարմիր շուկայի հատվածում։

Թաղավարդ գյուղում դիպուկահարի արձակած կրակոցից վիրավորում է ստացել նոյեմբերի երկուսին։

«Պատերազմի ամենամեծ կորուստը իմ ջոկի Համլետի մահն էր, ամենուր միասին էինք, եղբորս նման սիրել եմ։ Երբ ոտքից վիրավորվեցի, մենակ էր մնացել։ Մի քանի օր հետո իմացա, որ զոհվել է»,-ասում է Վոլոդյան։ Այժմ ուսմանը զուգահեռ Վոլոդյան աշխատում է լոգիստիկայի ոլորտում։ Ակտիվորեն ընդգրկված է պատերազմի զոհերի ընտանիքների և հաշմանդամություն ստացած տղաների աջակցությանն ուղղված տարբեր ծրագրերում։

Մասնավորապես «Հայորդի» նախաձեռնության անդամ է։ Վերջինի կազմակերպած ամառային ճամբարի օրերին էլ Վոլոդյայի հետ զրուցեցինք Հանքավանի «Հայորդի» ճամբարում։

Back to top button