Սայաթ-Նովա 28 հասցեում, «Արվեստի դեսպանատանը» գործում է Անահիտ Քեճեճյանի «Կարմիր ճոճանակ» քառաչափ լուսային ինստալյացիան։
«Ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, թե մենք ինչքան ենք հեռացել բնությունից, քանի որ մենք բնության մի մասն ենք։ Բնության ու ինքդ քո միջով անցնելով, ուզում եմ հասկանաս, որ տարբերություն չկա քո, սարդի, կայծակի կամ թիթեռի միջև, բնությունը բոլորիս հավասար է ստեղծել և հավասար սիրում է, ու բնության ցանկացած երևույթ մեր կողմից հավասար հոգատարության կարիք ունի։ Եթե ուղղակի պարզ սեր լինի, ու լինի համընդհանուր, առանց բողոքելու սեր, աշխարհին այլ աչքերով կնայենք ու աշխարհն էլ մեր աչքի առաջ կվերափոխվի»,- ինստալացիան այսպես է մեկնաբանում Անահիտ Քեճեճյանը։
Անահիտ Քեճեճյանը քանդակագործ է, այժմ ապրում և ստեղծագործում է Պրահայում։ Պատմում է, որ վերջին տարիների իր հետաքրքրության նյութը և իրեն մոտիվացնողը լուսային ինստալացիաներն են։ Ասում է, դրանք աշխարհում լայն տարածում ունեն, բայց Հայաստանում շատ քիչ են տարածված։ Ուզում է, որ Հայաստանում այն նույնպես ճանաչվի։
Պատմում է լուսային ինստալացիաների նպատակների, առհասարակ, եվրոպական հայտնի քաղաքների փառատոների մասին, ասում է, որ այն արվեստի ու տեխնիկայի համագործակցության արդյունք է և ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում, քանի որ ոչ միայն արվեստագետների, այլ ինժեներների ու ծրագրավորողների համատեղ աշխատանքի արդյունք է։
«Շատ տարբեր և նոր ուղղություններ կան, որոնց համատեղումը կարող է հետաքրքիր նոր գաղափարների ծառայել, մանավանդ որ Հայաստանում զարգացած են ինժեներությունն ու ծրագրավորումը։ Կարելի է համատեղել ռոբոտաշինությունը, արհեստական բանականությունն ու արվեստը»,- ասում է նա։
Անահիտը պատմում է, որ Երևանի Գեղարվեստի ակադեմիայում և Պետերբուրգում ուսանելու տարիներին իր վարպետները շատ էին խոսում լույսի ու ստվերի կարևորության մասին։ Սակայն լույսի ու ստվերի խաղը ոչ թե կերպարվեստում, այլ հենց ուղիղ իմաստով նրան սկսեց հետաքրքրել։ Հետո սկսեց աշխատել գունավոր ստվերների ստեղծման ուղղությամբ և իմերսիվ ցուցադրություններ ստեղծել՝ օգտագործելով ավանդական տեխնոլոգիաները։
Անահիտ Քեճեճյանն ասում է, որ 20-ից ավելի նախագծեր ունի, որոնք սպասում են հարմար պահի և ֆինանսավորման։ Երազում է Հայաստանում Լուսային ինստալացիաների փառատոն հիմնել, այդ ուղղությամբ արդեն քայլեր է անում։ «Կարմիր ճոճանակ» լուսային ինստալյացիան, Սայաթ Նովա 28 հասեում, կտևի մինչև օգոստոսի 7–ը։