ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս կրճատել վարորդական վկայական ստանալու ժամանակն ու խնայել նյարդերը

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ փոխվել է վարորդական վկայական ստանալու կարգը։ Տեսական քննության հարցերը կրկնակի ավելացել են, իսկ գործնական քննությունն էլ անցկացվում է իրական երթևեկության պայմաններում։ Բայց վարորդ դառնալ ցանկացողների թիվը չի նվազում։ Դրա բացատրությունները տարբեր են՝ մեքենան փոխում է կյանքի որակը, ավելի անկախ է դարձնում, դե իսկ մեքենա ձեռք բերելն էլ ավելի մատչելի է դարձել։ Վարորդական վկայական ստանալու համար դիմում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Բայց վերջին շրջանում կանանց թիվն ավելացել է։ Նրանք որոշում են մեքենա վարել, երբ ֆինանսապես ավելի անկախ են դառնում։

Տեսական հարցերը կրկնակի ավելացել են, գործնական քննությունն էլ՝ իրական երթևեկության պայմաններում է ընդունվում։ Ընթացակարգը բարդացել է, բայց հետաքրքրությունը մեքենա վարել սովորելու նկատմամբ, չի նվազում։ Զրուցակիցս որոշել է՝ մեքենա վարելու է, մտածում է՝ ինչպես է հաղթահարելու անհրաժեշտ 1000-ից ավելի քննական թեստերը սովորելու բարդությունը․

«Մեքենա անպայման պետք է վարեմ, այժմ փորձում եմ հասկանալ, ինչպես եմ սովորելու 1100-ին մոտ տեսական հարցերը։ Սկզբի համար բարդ է, բայց կարծում եմ կկարողանամ հաղթահարել, որովհետև մեքենան ինձ համար անհրաժեշտություն է, իսկ առանց ճանապարհային երթեևկութան կանոններին հստակ տիրապետելու, չեմ կարող ռիսկի դիմել»։

ՆԳՆ Ոստիկանության ՃՈ ծառայության հաշվառման քննական ու տրանսպորտային միջոցների փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ որոշակի ձևաչափ փոխվել է թե տեսական, թե գործնական քննություններում, բայց դա  ինքնանպատակ չէ։ Եթե նախկինում տեսական քննության հարցաշարում ներառված էր 10 հարց՝ սխալվելու մեկ հնարավորությամբ, այժմ հարցերը 20-ն են՝ երկու սխալվելու հնարավորությամբ։ Ի վերջո՝ բոլոր փոփոխությունների հիմնական նպատակն, ըստ Արմեն Սարգսյանի, դեպի երթևեկություն պատշաճ գիտելիքներով վարորդների ուղեկցելն է․

«Տեսական քննությունը դրական հանձնում էին երեք-չորս րոպեում։ Տեսականորեն այդ բոլոր հարցերը երեք-չորս րոպեում կարդալ, տրամաբանել, վերլուծել հնարավոր չէ։ Ավելի երկար ժամանակ է պահանջում։ Ուստի անհրաժեշտություն առաջացավ։ Կոնկրետ տեսական հարցերի քանակն ավելացավ, տասից դարձավ 20, որը տրամաբանական է։ Վարորդների թեկնածուների մի մասը սկսեց ինքնուրույն պարապել, մյուս մասն էլ սկսեց դիմել մասնագիտական կազմակերպություններին»։

Հատկապես փոփոխությունների սկզբում ավելացել էր վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջին անգամ բացասական ստացողների թիվը։ Հենց այս տրամաբանությամբ էլ պայմանավորված՝ ոչ թե դիմողների թիվն էր ավելացել, այլ նրանք նույն թեկանծուներն էին, որոնք տեսական քննություն հանձնում էին երկրորդ, երրորդ, անգամ չորրորդ անգամ՝ ասում է ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը։ Տեսական քննության համար հերթագրվածները հիմնականում քննություն հանձնելու են հրավիրվում հաջորդ օրը։ Տեսական քննության թեստերի անբաժանելի մասը նաև հոգեբանական թեստերն են։ Դրանք հնարավորւթյուն են տալիս հայտնաբերելու  դալտոնիզմով տառապողներին, ինչպես նաև որոշ հոգեկան հիվանդություններ ունեցողներին։

Փոխվել է նաև գործնական քննության ընթացքը, տևողությունը, նաև՝ որոշ կատեգորիաների տրանսպորտային միջոցների համար՝ անցկացման վայրը։ Զրուցակիցս փոփոխություններին տեղյակ է, գիտի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պետք է գործնական քննություն հանձնի իրական երթեևկության պայմաններում․

«Իրական երթևեկության պայմաններում, իհարկե, ավելի ճիշտ է քննություն հանձնելը, ի վերջո՝ մեքենան փակ տարածքում չեմ վարելու, բայց նաև գիտակցում եմ, որ պատասխանատու ու դժվար է լինելու»։  

ՃՈ ծառայության հաշվառման քննական ու տրանսպորտային միջոցների փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը բացատրում է՝ փոփոխությունները ինքնանպատակ չեն։ Ոչ միայն ՀՀ-ն իր՝ միջազգային պարտավորություններն է կատարում սրանով, այլև իրական երթևեկության պայմաններում քննություն հանձնողներն ավելի փորձառու են դառնում։ Սա էլ նախապատմություն ունի։ Ավտոհրապարկներում քննությանը նախապատրաստելիս հիմնականում ավտոդպրոցները սովորողներին որոշ վարժություններ սովորեցնում էին անգիր անել,

«Փոփոխությունը թույլ տվեց ոչ միայն ստուգել երթևեկության կանոնների իմացությունը, այլև հմտությունները․ վարորդի թեկնածուն ունի հիմտություն իրական երթևեկության պայմաններում տեղաշարժվելու, այլ տանսպորտային միջոցների դեպքում վերադասավորվելու, թե ոչ։ Վարժությունները գրեթե նույնն են, փոփոխվել է կոնկրետ տվյալ վարորդի հմտությունների պարզման ձևը»։

Գործնական քննության նախապատրաստվելիս վարորդի թեկնածուները հիմնականում դիմում են մասնագիտացված կազմակերպություններին։ Դրանցից մեկը տնօրենը՝ Արտաշես Ստեփանյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ վարորդական իրավունքի վկայական ստացողների քանակն ավելանում է, քանի որ մեքենա ձեռք բերելն է ավելի մատչելի դարձել։ Դիմում են և կանայք, և տղամարդիկ։ Բայց վերջին շրջանում աղջիկներն ավելացել են, ընդ որում՝ տարբեր տարիքային խմբերի։ Բայց, պարզվում է՝ ամենաբարձր տարիքային խմբի կանայք՝ 70-ին մոտ են․

«Ես 75-76 տարեկան ուսանողներ եմ ունեցել։ Իրականում հեշտ չեն սովորում նրանք։ Միգուցե երազանք են ունեցել մեքենա վարելու, կամ մենակությունից են որոշել սովորել։ Բայց, որպես կանոն, տղաները իրենց հայրերից են սովորում, իսկ աղջիկները որոշում են մեքենա գնել, երբ ֆինանսապես ավելի անկախ են դառնում»։

Կանայք ավելի հեշտ տեսական, տղաներն էլ ավելի վարժ գործնական քննությունն են հանձնում՝ ասում է Արտաշես Ստեփանյանը։

ՃՈ ծառայության հաշվառման քննական ու տրանսպորտային միջոցների փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը ընդգծում է՝ սպասարկող անձնակազմը վերապատրաստվել է, բայց և նշում է՝ բոլորովին էլ պարտադիր չէ, որ բոլորը մեքենա վարեն։ Բացատրում է՝ յուրաքանչյուր վարորդ պատասխանատու է ոչ միայն իր, այլև ուղևորների, հետիոտնների, մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար նույնպես․ Ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը նաև պարզաբանում է՝ առաջին անգամ քննությունը ձախողած թեկնածուն իրավունք ունի յոթ օր հետո նորից մասնակցելու քննությանը։ Արդեն երկրորդ և հաջորդ անգամ բացասական գնահատական ստացած անձը կարող է քննությանը մասնակցել միայն 30 օր հետո։ Քննությանը կարելի է մասնակցել անսահմափակ։ Իսկ տեսական քննությունից դրական ստացած անձը գործնական քննությանը կարող է մասնակցել մեկ տարվա ընթացքում։ Բոլոր տարածքային ստորաբաժանումներն ունեն «B» կարգի քննական ավտոմոբիլ, դրանք նորացվել են՝ ասում է ոստիկանության գնդապետը։ Բայց և նկատում է՝ երբեմն դրանք կարող են խափանվել։ Այդ դեպքում վարորդի թեկնածուն քննության կարող է ներկայանալ իր մեքենայով։  

«Ես նկատում եմ միտում, որ քննությունների գալիս են պատրաստված վարորդի թեկնածուներ։ Սա շատ գովելի է,  խորհուրդ կտամ, որ հույսները դնեն միայն իրենց ու իրենց գիտելիքի վրա։ Սա կկրճատի և վարոդական վկայական ստանալու ժամանակը, և մեր նյարդերը։ Իհարկե, լինում են նաև նյարդայնանալու առիթներ, բայց մեր պարտականությունների մեջ է մտնում նաև հնարավորինս բարեհամբույր լինելը»։

Տեսական քննական հարցաշարը հասանելի է հայերեն, պարսկերեն, արաբերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։

Back to top button