ԿարևորՀասարակություն

Ճամբարներում դպրոցականների ամառային հանգիստի պատշաճ կազմակերպումը` ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում

Հանրապետության բոլոր մարզերից, հազարավոր դպրոցականներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում ամենատարբեր՝ ուսումնական, մարզական ու ժամանցային ճամբարներում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, նախքան ամառային ճամբարներում դպրոցականներին ընդունելը, ոլորտային մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացնում ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի և Ծաղկաձորի թվով 6 ճամբարներում։

Ճամբարներ կատարված այցերի արդյունքում, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ վերահսկողություն իրականացնելու նպատակով հարուցվել են վարչական վարույթներ․

  • ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 12-ի №236-Ն հրամանով հաստատված «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» №2-III-2.1. սանիտարական նորմերի և կանոնների,
  • ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի №876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» №2-ΙΙΙ-Ա 2-1 Սանիտարական նորմերի և կանոնների2 կետի № 1 հավելվածի և 3.3.2 կետի պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

2022 թվականին հարուցված վարչական վարույթների շրջանակում իրականացվել են զննումներ և խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտություն։

Արդյունքում՝ ճամբարներից մեկում հարուցված վարչական վարույթը կարճվել է՝ իրավիճակի փոփոխմամբ վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Ընդհանուր առմամբ արձանագրվել է՝

  • Ճամբարների խմելու ջրի որակը՝ ըստ փորձագիտական ընկերության տրամադրած եզրակացության, չի համապատասխանում սահմանված պահանջներին,
  • Ճամբարներում աշխատող անձնակազմը չի ենթարկվել առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության,

Որոշ ճամբարներում՝

  • օգտագործվող մաքրման պարագաները չեն պահվում ըստ իրենց նշանակության՝ առանձին տարածքներում,
  • բացակայում է մաքուր սպիտակեղենի պահման առանձին սենքը՝ դարակաշարերով,
  • ապահովված չեն մաքուր սպիտակեղենի անհրաժեշտ լրակազմով,
  • աղբի կուտակման համար նախատեսված կոնտեյներները չունեն կափարիչներ, մասնագիտացված կազմակերպության կողմից չի իրականացվում աղբի հեռացում առնվազն 3 օրը 1 անգամ,
  • ճամբարում սենքերը ապահովված չեն որակյալ մաքրման համար հարթ, ամբողջական մակերեսով պատերով, առաստաղով, հատակով և գույքով՝ ննջարաններում անբավարար են կողապահարանները, հագուստի և կոշիկի պահարանները։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով բոլոր 5 ճամբարներին տրվել են կարգադրագրեր։

2023 թվականի հունիս ամսին՝ նախքան ճամբարների գործունեության վերսկսումը, կարգադրագրով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզվելու նպատակով Տեսչական մարմնի նախաձեռնությամբ կրկին հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում իրականացվել է վերահսկողություն։

Արդյունքում՝ 4 ճամբարներում հարուցված վարչական վարույթները կարճվել են՝ կարգադրագրով տրված առաջադրանքները կատարված, խախտումները վերացված լինելու հիմքով:

Ծաղկաձոր համայնքում գործող ճամբարի տնօրենի նկատմամբ կիրառվել է տուգանք` 50․000 ՀՀ դրամի չափով՝ Կարգադրագրով տրված առաջադրանքները չկատարելու համար, իսկ Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելու նպատակով հարուցած վարչական վարույթն ընթացքի մեջ է։

Back to top button