Հնարավո՞ր է արդյոք զարգացնել կրթությունն ու գիտությունը՝ առանց մարդկային ռեսուրսների ու համապատասխան սարքավորումների․ պատասխանը միանշանակ է՝ ոչ։
Պատահական չէ, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռազմավարաությունում նաև լաբորատոր բազայի ու մարդկային ռեսուրսների զարգացումն է առանձնացվել։ Եվ ահա Սմարթլաբի կամ խելացի լաբորատորիայի համար ձեռք կբերվեն քաղաքաշինական գործունեությանը վերաբերող խելացի լուծումներ առաջարկող սարքեր։
Հայաստանում դեռ շենք-շինությունների տեղեկատվական մոդելավորման կանոնակարգում չկա։ Բայց մասնավոր շինարարական ընկերությունները, որոնք աշխատում են արտերկրի հետ, տեխնոլոգիաներին ծանոթ են, կիրառում են, սակայն խնդրին պետք է պետական մոտեցում տրվի։
Ժամանակակից լուծումներով լաբորատորիաներ համալսարանն ունի։ Այստեղ արդեն հետազոտություններ են կատարում գիտնականները։ Նրանց առաջարկը բետոնի սեղման ամրության մոտ 25% աճ է ապահովում։ Առաջարկի հիմքում նանոտեխնոլոգիաներն են։ Հայաստանում շինարարության ոլորտում նանոտեխնոլոգիաներն առաջին անգամ են կիրառվում ու փորձարկվում։
Սկզբնական քայլերն արվեցին, երբ երիտասարդները մասնակցեցին Գիտության կոմիտեի հայտարարած առաջատար հետազոտողների աջակցության գիտական թեմաների մրցույթին ու ֆինանսավորում ստացան։ ․
«Համալսարանում աշխատում ենք բետոնի ֆիզիկամեխանիկական հատկությունների կառավարումն ածխածնային նանոկառուցվածքների միջոցով թեմայի վրա։ Բետոնի բաղադրակազմում ներառել ենք ածխածնային նանոկառուցվածքներ։ Երկրորդ փուլում նանոմասնիկները ցեմենտին ենք խառնում, հաջորդ փուլում նոր լցանյութերը՝ ավազը և խիճն ենք խառնում»,- ասում է համալսարանի շինարարական նյութերի ամբիոնի դասախոս Ավետիք Արզումանյանը։
Նոր ստեղծվող լաբորատորիայում փորձասարքերը գիտական ու կրթական հետազոտություններում կկիրառեն։
Արդյո՞ք հնարավոր կլինի բոլոր առաջարկները ներդնել տնտեսության մեջ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար, ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ Վարազդատ Հովհաննիսյանն ընդգծում է. «Ուզենք թե չուզենք պետք է պատրաստ լինենք։ Նախ ԵԱՏՄ կազմում ենք, այնտեղ էլ պահանջներ կան, որ 2025 թ․-ի նախագծումները իրականացվեն BIM տեխնոլոգիաներով»։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար, ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ Վարազդատ Հովհաննիսյանը կարծում է, որ հանրապետությունում գիտություն-տնտեսություն կապը կորել է: Սմարթ լաբորատորիա բացելու համար մոտավորապես 117 մլն դրամ կծախսեն։ Նորարարական մրցակացային հիմնադրամից 97 մլն դրամի ներդրում են ակնկալում, գումարի մնացած մասը կներդնի համալսարանը։ Երկու տարում Հայաստանում կաշխատեցնեն իրենց տեսակի մեջ եզակի սարք-սարքավորումներ։