Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են իրենց գոյության վտանգի առջև՝ Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման պատճառո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով նիստում ասել ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։
«Արդեն յոթ ամիս շարունակ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լաչինի միջանցքը։ Սա միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է։ Շրջափակման արդյունքում առաջացել է լայնածավալ հումանիտար ճգնաժամ»,- ասել է փոխարտգործնախարարը։
Նա նշել է, որ կենսական սննդի և վիտամինի պակասի հետևանքով մոտ 2000 հղի կին, մոտ 30 հազար երեխա, 20 հազար տարեց և 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է գոյության համար՝ թերսնման, դեղորայքի պաշարների բացակայության պայմաններում։
«Հուլիսի 25-ին ԿԽՄԿ-ն մտահոգություն է հայտնել աճող հումանիտար կարիքների վերաբերյալ և շեշտել, որ ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով՝ միաժամանակ ընդգծելով, որ իր մարդասիրական փոխադրումները կենսական նշանակություն ունեն բնակչության համար։
Այս հաղորդագրությունից երեք օր հետո Ադրբեջանը ձերբակալեց 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով տեղափոխվում էր Հայաստան։ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի ձերբակալությունը, ում տեղափոխումը նախապես համաձայնեցված է եղել Ադրբեջանի հետ, սոսկ նենգ քայլ չէ, այլ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքի լավ հաշվարկված խոչընդոտում։
Առավել խոցելի խավերի կյանքը փրկելու, նրանց կարիքները հոգալու նպատակով Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղ շուրջ 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և բժշկական ապրանքներ մատակարարելու վերաբերյալ: Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին՝ կազմակերպելու մարդասիրական օգնության առաքումը կարիքավորներին, ինչը վերջին ամիսների ընթացքում ընդունված պրակտիկա է եղել։ Սակայն մինչ այժմ մարդասիրական բեռները Լաչինի միջանցքի մուտքի մոտ են, քանի որ ադրբեջանական կողմը չի թույլատրում դրա տեղափոխումը։
Տիկին նախագահող, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և սովի աճող ռիսկը պահանջում են միջազգային հանրության արդյունավետ և հստակ արձագանք՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների լիարժեք և անվերապահ կատարումը, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգանքը։ Հուսով ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունը, որտեղ նա խորը մտահոգություն էր հայտնում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծում էր Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը, կլինի առաջին քայլը՝ տեղում ՄԱԿ-ի լիարժեք ներգրավման ճանապարհին։
Այդ ներգրավվածությունն անհրաժեշտ է, ինչպես երբևէ: Անգործության հետևանքները չափազանց թանկ են։ Մարդկանց սովի մատնելու միջոցով իրականացվող այս զանգվածային վայրագությունը պետք է և կարելի է կանխել ու դադարեցնել: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ Ադրբեջանի իրավական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև նրա կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի անհապաղ վերականգնումը և Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի գործակալությունների և ԿԽՄԿ-ի անվտանգ և անարգել մուտքի թույլատրումը»,- ասել է նա։