«Մեզ՝ արարչագործության պսակներիս, այնքան մեծ լիազորություններ, հնարավորություններ են տրվել, որ մենք կարող ենք կործանարար դառնալ նույնիսկ ինքներս մեզ համար։
Ինքնավերացումը չարյաց փոքրագույնն է․ Հոմո Սափիենսը, իհարկե, կարող է իր նախորդների, ասենք՝ Նեանդերթալցիների ճակատագրին արժանանալ։ Բայց նա՝ իր ինտելեկտուալ մենաշնորհով, ավելի մեծ վնաս էլ կարող է հասցնել․
«Մարդը եկել է, որ կործանի այս մոլորակը»։
Այսօր պարզելու ենք՝ արդյո՞ք մարդն է արարչագործության պսակը։
***
Քրիստոնեությունն ասել է՝ մենք արարչագործության պսակն ենք։ Եվ մենք, շոյված այդ պատվից, անվերապահ հավատացել ենք դրան։ Էվոլյուցիոն տեսությունն ասել է՝ մարդու ուղեղն ամենաբարդն է, առեղծվածայինը, կատարյալը, խորը։ Եվ մենք՝ հպարտության ողջ չափաբաժնով համաձայնել ենք կրել լավագույնը լինելու ծանր պարտավորությունը։ Եվ տրամաբանված է մեր ինքնավստահությունն ու աշխարհին իշխելու հավակնությունը, քանզի 350 000 տարի առաջ 10-15 000 տարում վերացրել ենք ժամանակի ամենաուժեղին՝ նեանդերթալցուն՝ չունենալով ոչ ժանիք, ոչ պիրկ մկան, ոչ քարե բազուկ։ Հասկանալի է՝ արել ենք դա, քանզի լավագույնն ենք։
Բայց գուցե ամենաուժեղը դեռ ամենալավը չէ՞, բացառվա՞ծ է, որ մենք մոլորության մեջ ենք և իրականում ոչ թե մոլորակում տեր ենք, այլ` ավելորդ։ Ի՞նչ կլինի Երկրի հետ, եթե չլինի մարդը՝ գլխավորը, լավագույնը, ընտրյալը, արարչագորության պսակը։
«Պետք է հստակեցնենք՝ որն է այդ առանձնահատկությունը, բացի այն, որ ես այդ դասին եմ պատկանում ու, ըստ այդմ, արդեն այդ դասն առանձնահատուկ է, որովհետև ես՝ սիրելիս, արդեն պատվել եմ մարդ էակին, որովհետև ես մարդ եմ․․․ նման հարցերի մասին խոսելիս ես սկսում եմ նույն կետից․ մեր առանձնահատկությունն այն է, որ մենք կարող ենք ստեղծել մեր սեփական վարքաբանական ծրագրերը, մեզ շրջապատող բնության մեջ ուրիշ ոչ մի էակ այդպիսի ունակություն չունի, որ ինքը կարողանա ստեղծել սեփական գործողության ծրագրեր»։
Փիլիսոփա Արման Ղարագուլյանը հիշեցնում է՝ ամենազարգացած ուղեղն անգամ կարող է իրականությունն ընկալել իր հնարավորությունների սահմաններում։ Այն, որ այժմ Երկիր մոլորակում գոյություն ունեցող բոլոր կենդանիներից ամենաուժեղը մարդն է, չի հերքվում։ Սակայն չպետք է մոռանալ, որ մենք աշխարհին նայում ենք մեր պատկերացումների սահմաններում։ Վաղուց և հաճախ կասկածի տակ է դրվում նաև այն աշխարհը, որում մարդը հզորն է․
«Դեկարտը կասեր՝ հիմա ես ի՞նչ իմանամ, Կապուկչյան Արուսյակը գոյություն ու՞նի, թե՞ սատանան պատրանքներ, ցնորք է ուղարկում, ու ես հիմա իմ ցնորքի մեջ պառկած պատկերացնում եմ, որ իբր պարբերաբար գնում եմ Հանրային ռադիո ու պարբերաբար այնտեղ ինտերվյուներ եմ տալիս։ Այս թեմայով հարցադրումները ուժեղացան 2000-ի սկզբներին «Մատրիցա» ֆիլմի հետ կապված։ Այնտեղ Դեկարտի մոտ սատանան էր պատրանքներ ուղարկում, հետո ասացին՝ չէ, արհեստական տեխնոլոգիաներն են մեզ չիպերով կապվել, դրա հիման վրա փիլիսոփայական խնդիրներ սկսեցին ձևավորվել։ «Ուղեղը տակառի մեջ»-ը այդ խնդիրներից մեկն է։ Պատկերացրու՝ դու հիմա ոչ թե Կապուկչյան Արուսյակն ես, այլ տակառի մեջ կոնսերվացված ուղեղ, որին էլեկտրոդներով կպած են համապատասխան կետեր ու էլեկտրական ազդակներ են տալիս ու ուղեղի մոտ որոշակի պատրանք է ստացվում, որ ինքը այսպիսինն է, այնպիսինն է, անում է այսինչ գործերը, որ ինքը կարևոր է, արարչագործության պսակ է և այլն, մինչդեռ ինչ–որ մի փորձանոթում մի էքսպերիմենտի արդյունք է»,- ասում է Արման Ղարագուլյանը։
Սա դեռևս գիտական որևէ հիմք չունեցող երևակայություն է։ Նույն անհիմն, սակայն մեր էգոն առավելապես շոյող երևակայությամբ մենք կարծում ենք, թե աշխարհի կենտրոնն ենք, յուրաքանչյուրս առանձին արարչագործության պսակ, ավելին, քան մեր տեսակին պատկանող մյուս մարդը։ Բնականաբար, նաև ավելին, քան, ասենք, կենդանական աշխարհը։ Չժխտվող այս ձևակերպմանը Վերածննդի ժամանակներում հատուկ անդրադարձ է արվել․ մարդը, որի հանճարեղությունը որոշում կայացնելու ունակությունն է, կարող է արարչագործության պսակ լինելու իր հնարավորության հետ այս կամ այն կերպ վարվելու որոշում ընդունել․
«Հիմա վերածնունդ ենք գնում։ «Մարդկային արժանապատվության մասին» աշխատության մեջ ասվում էր՝ Աստված մարդու հետ է խոսում ու ասում՝ մա՛րդ, ես քեզ սարքել եմ ո՛չ աստվածային և ո՛չ էլ երկրային։ Դու լրիվ Աստված չես, ու լրիվ նյութական էլ չես ու քեզ տրված է որոշելու հնարավորություն։ Դու կարող ես բարձրանալ մինչև աստվածային ամենաբարձր մակարդակները, բայց դու ունես նաև հնարավորություն լինել ամենացածր կենսաբանական մակարդակում։ Հիմա երկրորդ հարց, Ղարագուլյան Արմանը, Կապուկչյան Արուսյակը և մնացած 8 միլիարդ մարդիկ ի՞նչ են անում այդ հնարավորության հետ, ինչքանո՞վ են իրենք ռեալիզացնում այն պոտենցիալը»,- միտքը շարունակում է փիլիսոփա զրուցակիցս։
***
— Մենք նպաստում ենք սեփական ոչնչացմա՞նը,- հարցնում եմ։
— Իհարկե, հարյուր տոկոս, ես վստահ եմ, որ դա այդպես է։ Առաջին հերթին մենք ոչնչացնում ենք այն շրջապատը, որտեղ ապրում ենք,- ասում է Լևոն Եպիսկոպոսյանը։
— Դա մեր բացառիկ ունակնությունների շնորհի՞վ է տեղի ունենում։
— Իհարկե, դա այն փոխհատուցումն է, որը մենք տալիս ենք բնությանը, առաջին հերթին մեզ։ Պատկերացրեք, եթե չծնվեր մարդ բանականը, կպահպանվեր այն բազմազանությունը, որը կար 350 000 տարի առաջ։
Լևոն Եպիսկոպոսյանը կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ։ Մարդուն ու իր գենը լավ ճանաչող կենսաբանն ասում է՝ չարիք ենք, և դժվար թե երկար դիմանանք․
«Եթե մեր նախորդ տեսակները գոյատևեցին 2 միլիոն տարի, մյուսը համարյա 1 միլիոն տարի, ես չեմ կարծում, որ մարդ բանականը, որը շատ-շատ-շատ ագրեսիվ է, կկարողանա գոյատևել գոնե դրա կեսը։ Չնայած 350 000 տարի է արդեն որպես առանձին տեսակ մենք ապրում ենք այս երկրագնդի վրա, բայց կարծում եմ, որ ապագան այնքան պայծառ չի»։
Բացառիկ ուղեղը, որը մարդուն աշխարհի տեր է դարձնում, նպաստելու է, որ աշխարհը գոյություն չունենա։ Սա Եպիսկոպոսյանի համոզմունքն է՝ որը հղվում է բոլոր այն կենդանիներին, որոնք մարդու թեթև ձեռքով` էլ գոյություն չունեն․
«Մեր նախնիները շատ խորը ժամանակներում հասկացան, որ իրենց ներուժը շատ ավելի բարձր է, քան՝ շրջակա միջավայրի բոլոր ներկայացուցիչների, դրանց թվում և փղերը, և մնացած բոլոր խորշոր գիշատիչները։ Մարդն իր ուղեղի շնորհիվ ի վիճակի էր պայքարել նրանց դեմ, գոյատևել՝ ձեռք չբերելով ոչ ժանիքներ, ոչ մկաններ, ոչ արագություն, ոչ մի բան։ Միայն ուղեղի շնորհիվ ինքը կարողացավ նրանց հնազանդեցնել և ոչնչացնել։ Մենք հիմա խոշոր կենդանիներ գրեթե չունենք, ամենախոշորը այսօր կամ կետն է, կամ փիղն է, դրանք էլ կամաց-կամաց մարում են»։
Բնության օրենքն է՝ թույլը պիտի հեռանա։ Նույն օրենքով դրան նպաստում է ուժեղը՝ սպանելով։ Եթե բնական է, որ կենդանին սպանում և ուտում է իրենից թույլին, ապա ինչու ենք վերապահումով նայում մարդու՝ իրենից թույլին ոչնչացնելուն։ Այս հարցը կարող է գոյություն ունենալ սոցիալական բոլոր գրված ու չգրված կանոնները անտեսելու դեպքում։ Բայց չէ՞ որ այդ կանոններն էլ է մարդը հորինել։ Եպիսկոպոսյանն ասում է՝ խնդիրը ծագում է այն կետում, երբ խոսում ենք մասշտաբների մասին․
«Տարբերությունը հետևյալն է․ երբ գիշատիչները ոչնչացնում են, ուտում են, սնվում են, բոլորը գտնվում են սննդի շղթայի մեջ, ու իրենց դերակատարումը շատ բնական է։ Նույն վագրը 10 ջեյրան չի սպանի, մեկով կբավարարվի, իսկ մենք պատերազմի ժամանակ ինչ–որ բան գրավելու համար կարող ենք ոչնչացնել։ Գիշատիչները հիմնականում ոչնչացնում են թույլին։ Մեզ մոտ հակառակն է, մենք ոչնչացնում ենք և թույլին, և նախանձից ելնելով նաև ուժեղին ենք ոչնչացնում։ Կենդանիների առաջնորդը երբեք չի լինի ամենաթույլը, ամենատկարը, նվազը։ Մարդու մոտ դա շատ հաճախ է պատահում»,- ասում է Լևոն Եպիսկոպոսյանը։
***
— Պարոն Եպիսկոպոսյան, վիրավորական չի՞ ընդունել, որ մենք մեր տանն ավելորդ ենք։
— Մենք ավելորդ ենք, իմ կարծիքն եմ ասում։ Մի քիչ, իհարկե, չափազանցնում եմ։ Շատ լավ կլինի, որ դաստիարակվենք, հասկանանք։ Գիտեք, այդպիսի կարծիք կա, որ երբ արհեստական բանականությունը սկսի իշխել մեր հասարակական կյանքում, այդ բանականությունը կկայացնի ավելի մարդասիրական որոշումներ, քան՝ մենք։
— Բայց նրան էլ է մարդը ստեղծել։
— Բայց խելոք մարդն է ստեղծել, որն իր ծրագրի մեջ չի տեղադրել այդ բացասական հատկանիշները։
— Ինչ-որ պահի արարչագործության պսակը կարող է արհեստական բանականությո՞ւնը դառնալ։
— Այդպիսի կարծիք կա, ու այսօր շատ գիտնականներ խոսում են այն մասին, որ գուցե դա միակ տարբերակն է, որ մենք փրկենք մեզ ու մոլորակը։
— Մեր զրույցը սկսեցինք՝ արդյո՞ք մարդն է արարչագործության պսակը հարցից ու նման բաներից, և հասանք այն կետին, որ մարդն ավելորդ է։
— Իմ կարծիքով, այո, մարդը ոչ թե ավելորդ է, այլ ապացուցեց, որ ավելորդ է։ Մարդը կարող է չլինել ավելորդ, բայց ամբողջ մեր գործունեությունը, վերաբերմունքը, ապրելակերպը ցույց տվեց, որ մարդն իրոք գիշատիչ է, ավերում է, քայքայում է ու ոչնչացնում է այս մոլորակը։
Մարդու վարքին, մտքին, հոգուն հարցեր տվող փիլիսոփան, մարդու օրգանիզմին, քայլերին, բնությանը հարցեր տվող կենսաբանը կարծում են՝ մարդն ուներ ամեն ինչ լավագույնը լինելու համար, բայց անում է ամեն ինչ, որ պարզապես չլինի։
Այս գիտափորձի արդյունքը մենք չենք տեսնի։ Հոմո Սափիենսը վտանգավոր խաղ է սկսել, որի մասին դեռ միայն կարող ենք հարցուփորձ անել։
Մեկ այլ հարցի հիմքերը պարզելու ակնկալիքով մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Դուք լսում էիք «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումը։ Այն ձեզ համար պատրաստեց Արուսյակ Կապուկչյանը։