«Ինձ մոտիվացնում են արցախցի աշակերտները»․ «Դասավանդի՛ր, Հայաստան»–ը պատրաստվում է ուսումնական նոր տարվան
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրն Արցախում կշարունակի աշխատել նաև շրջափակման պայմաններում։ Կրթական հիմնադրամում ստիպված են եղել աշխատանքը վերակազմակերպել և արցախյան գործունեության 6 տարների ընթացքում առաջին անգամ դասավանդողների թիմ հավաքել բացառապես Արցախից։ Չնայած բոլոր դժվարություններին՝ թիմի նոր անդամներն արդեն պատրաստ են, անցել են վերապատրաստումները ու սպասում են ուսումնական տարվա մեկնակին։ Մինչ այդ դասավանդողների նախորդ սերունդը, որ արդեն ավարտել է առաքելությունը, շրջափակման ու Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստան։
Շրջափակման, վառելիքի բացակայության պայմաններում մարտակերտցի Շահինեն մինչև սեպտեմբեր ստիպված կլինի Արցախի մի ծայրից մյուսը տեղափոխվել։ Հյուսիսից հարավ շուրջ 90 կմ կանցնի Մարտունու շրջանի Աշան գյուղում մաթեմատիկա դասավանդելու համար։
«Դե հարազատներս շատ էին ասում՝ ոնց ես գնալու, ինչ ես անելու, այս վիճակում ինչպես ես մենակ ապրելու․․․ Դա, իհարկե, մի քիչ կոտրում էր, բայց երբ գնացինք դասավանդման ու երեխաների աչքերի փայլը տեսա, իրենց մոտիվացիան ինձ էլ մոտիվացրեց, որ անպայման պետք է գնամ դասավանդեմ, որ երեխաները հասնեն իրենց նպատակներին»։
Շահինե Մարտիրոսյանը Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղից է։ Արցախում ստեղծված իրավիճակը ոչ միայն չի խանգարել առաջիկա 2 տարվա համար կարևոր որոշում կայացնել, այլև ստիպել է որոշման մեջ ավելի վճռական լինել։ Շահինեն «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի Արցախի թիմի նորեկներից է․ սեպտեմբերից կսկսի դասավանդել։
«Հիմա Արցախում շատ վատ վիճակ է։ Ես մտածում եմ, որ եթե մենք գնանք ինչ–որ գյուղ դասավանդելու, դա արդեն մեր բնակչության շրջանում նոր մոտիվացիա կստեղծի, կտեսնեն, որ մենք այս վիճակում եկել ու դասավանդում ենք, հետևաբար իրենք էլ կարող են մնալ ու իրենց կյանքում ինչ–որ բան փոխել»,– ասում է արցախցի երիտասարդ ուսուցչուհին։
Շահինեն գյուղի դպրոցում մաթեմատիկա կդասավանդի, ասում է՝ տրանսպորտի բացակայության պատճառով դեռ չի կարողացել ապագա աշխատավայր գնալ, ծանոթանալ գյուղի ու աշակերտների հետ, բայց մի բան հստակ է՝ դասավանդելուց բացի նաև համայնքային կյանքը պիտի փոխի։
«Ուզում եմ այնպես անել, որ գյուղը հայտնի դառնա, գյուղացիների առօրյան՝ ավելի հետաքրքիր, որ մարդիկ չուզենան գյուղից քաղաք գնալ ու մնան հենց իրենց գյուղում»։
Նույնիսկ շրջափակման, կյանքի ու մահվան պայքարի պայմաններում ամենակարևորը կրթությունն է՝ վստահ է արցախցի երիտասարդ ուսուցչուհին։ Ամեն ինչ անելու է, որ դպրոցականները ստացած մաթեմատիկական գիտելիքները նաև առօրյա դժվարությունները ու խնդիրները լուծելու մեջ օգտագործեն։
«Կրթված սերունդը կարող է ամեն ինչ ավելի ճիշտ կառավարել, օրինակ՝ հերթերը, վառելիքի բաշխումը, ճիշտ օգտագործումը։ Ես համոզված եմ, որ կարող են առօրյա խնդիրներն էլ կրթության միջոցով լուծել»։
Շահինեն «Դասավանդի՛ր, Հայաստանի» արցախյան թիմի 5 նորեկներից մեկն է։ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ ավելի քան 7 ամիս շարունակվող շրջափակումը նաև իրենց աշխատանքում է փոփոխություններ մտցրել․ 6 տարվա մեջ առաջին անգամ ստիպված են դասավանդողների թիմը միայն արցախցիներով լրացնել, Հայաստանից մասնագետներ բերել չեն կարող։
«Ստիպված մենք մեր ջանքերը կենտրոնացրինք Արցախից մասնակիցների հավաքագրման վրա։ Ճիշտ է, մի փոքր դժվարությամբ, բայց այս պահին մենք ունենք 5 մասնակից, ևս 5-ը մեզ կմիանան նախորդ տարվա մասնակիցներից, և սեպտեմբերից 10 դասավանդողների կգործուղենք տարբեր դպրոցներ»,– ասում է Արմեն Հովհաննիսյանը։
2017թ․-ից ի վեր «Դասավանդի՛ր, Հայաստան»–ի շրջանակում Արցախի համայնքներում դասավանդել են ավելի քան 7 տասնյակ ուսուցիչներ։ Ամենամեծ թիմն ունեցել են հենց հետպատերազմյան տարիներին՝ 2021-2023 թթ․–ին։ Արմեն Հովհաննիսյանը շեշտում է՝ Արցախում դասավանդելը հենց ուսուցիչ–առաջնորդների ընտրությունն է եղել։ Շրջափակման պայմաններում էլ շուրջ 3 տասնյակ գործուղված ուսուցիչ է աշխատել արցախյան 26 դպրոցներում։
«Ունենք նաև այնպիսի ուսուցիչներ, որ ասում են՝ անկախ ամեն ինչից, անկախ նրանից՝ ճանապարհը բաց կլինի, թե ոչ, մենք մնալու ենք այստեղ ու դասավանդելու ենք։ Ունենք Կապանից մի աղջիկ, որ նույնիսկ առանց «Դասավանդի՛ր»-ի հետ պայմանագրի մնալու է ու աշխատի գյուղի այդ դպրոցում»։
Շրջափակման առաջին ամիսներին ուսուցիչներից շատերը հնարավորություն ունեին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան վերադառնալու, սակայն նախընտրեցին մինչև ուսումնական տարվա ու առաքելության ավարտը մնալ իրենց աշակերտների կողքին՝ ասում է Արցախի թիմի տնօրենը։ Հիմա արդեն վերադարձի բոլոր ճանապարհները փակ են․ «Դասավանդի՛ր, Հայաստան»–ն էլ փնտրում է մեխանիզմներ Արցախում մնացած առաջնորդ–ուսուցիչների զբաաղվածությունն ապահովելու համար։
«Կլինի դա դասավանդում, թե գրասենյակային աշխատանքներում աջակցություն․ ամեն դեպքում մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել, որ այդ մարդկանց հանրօգուտ զբաղվածությունը ապահովենք, որ իրենք կարողանան նաև եկամուտ ստանալ»,– ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։
Ցանկացած երեխա՝ անկախ իր սոցիալ–տնտեսական վիճակից, բնակության վայրից ու ծննդավայրից ունի լավագույն կրթություն ստանալու իրավունք․ «Դասավանդի՛ր, Հայաստանը» այս տեսլականով շարունակելու է աշխատանքը նաև շրջափակված Արցախում․ ադիմինիստրատիվ թիմի անդամներն անկեղծանում են՝ իհարկե դժվարությունները շատ են, անորոշությունը՝ մեծ, բայց քանի դեռ Արցախում աշակերտները իրենց ուսուցչին են սպասում, տեղում լինելու է նաև «Դասավանդի՛ր»-ը։