

Կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի երկրորդ հանդիպումը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների հետ անցել է դռնփակ։ Նախօրեի նիստը բաց էր, նա հրապարակային էր պատասխանում պատգամավորների հարցերին։ Փակ հատվածում ներառվել են գաղտնիության բաղադիչ ունեցող հարցերը։
Խորհրդարանական ընդդիմությունն այսօր էլ չի մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքին, չնայած Տոնոյանը հատուկ ուղերձով դիմել էր հատկապես Հանրապետական և ՀԸԴ կուսակցությունների ներկայացուցիչներին։ Նրանց բացակայությունը պաշտպանության նախկին նախարարը «կորսված հնարավորություն» է անվանել։
ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին պաշտպանության նախկին նախարարի պատասխանները լսելուց հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում իր տպավորությունն այսպես է ամփոփում։
-Գիտակցում է, որ ինքը որպես «պարտության նախարար», «սիմվոլ» պետք է պատժվի։ Ես այդպես հասկացա, ընկալեցի, որ ինքը ոնց որ թե ուզում է բոլորի մեղքը վերցնի իր վրա։ Այդպես հայտարարեց։
—Այդ թվում Նիկոլ Փաշինյանի՞։
—Այդ թվում նաև ձեր։ Նիկոլ Փաշինյանը մեռավ ասելով, որ ես եմ մեղավոր։ Էլ ի՞նչ եք ուզում։ Այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի։ Գո՞հ եք։ Մի արեք այդպիսի բաներ։
Նախօրեին Տոնոյանը Աժ–ում հայտարարեց՝ իր ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ չկարողացավ կանգնեցնել պատերազմը ո՛չ ընթացքում, ո՛չ էլ մինչև ռազմական գործողությունների սկիբը։ Համարում է, որ բավարար չեղան իր ռազմադիվանագիտական հմտությունները, կապերը և գիտելիքները։
Թեև շուրջ 4 ժամ նա ուղիղ եթերում խոսեց պատերազմի տարբեր հանգամանքների մասին, բայց առանցքային հարցերի մեծամասնությունը համարեց գաղտնիք պարունակող և առաջարկեց տեղափոխել քննարկման դեռնփակ հատված։ Թե ինչ հարցեր էին տեղափոխվել քննիչ հանձնաժողովի փակ նիստ, Տոնոյանը նախանշել էր դեռ նախօրեին իր պատասխանների ընթացքում։
– «Այն, ինչ վերաբերում է ե՞րբ են և ո՞ւմ կողմից են տեղակայվել ՀՀ կամավորների ստորաբաժանումները Արցախում, ո՞վ է որոշումները կայացրել, ես կանդրադառնամ փակ նիստի ժամանակ։ Ինձ համար դրանք կարևոր հարցեր են։ Հասկանում եք՝ ինչի մասին եմ խոսում, սա վերաբերում է մեր զոհվածների հետ կապված խնդիրներին։
Աշխարհաքաղաքական կոնտեքստի հետ կապված երևի թե փակի ժամանակ է պետք ավելի շատ խոսել։
Շուշիի մարտական գործողությունների, նոյեմբերի 9–ի փաստաթղթի ստորագրման հանգամանքներին, կարծում եմ, պետք է անդրադառնալ փակի ժամանակ։
Արցախի բնակչության էվակուացման հարցի վերաբերյալ կարելի է խոսել փակի ժամանակ»։
Փակ նիստում քննարկման առարկա է եղել նաև սպառազինության մատակարարումների հարցը։ Այն առանցքայիններից մեկն է թերևս, քանի որ սպառազինության ձեռք բերման խոչընդոտների կամ սահմանափակումների առնչությամբ տարբեր հայտարարություններ են հնչել, բայց բաց նիստի ժամանակ Տոնոյանը հայտարարեց՝ ՀԱՊԿ անդամ լինելը չի խոչընդոտել այլ երկրներից սպառազինության ձեռք բերմանը։
Դավիթ Տոնոյան. «Մենք ՀԱՊԿ անդամ էինք, և ձեռք բերումներ էինք կատարում ՆԱՏՕ անդամ, ԵՄ անդամ երկրներում։ Սեպտեմբերի 26–ին ես գտնվել եմ ՆԱՏՕ անդամ ԵՄ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ, մինչ այդ մատակարարումներ են եղել այդ երկրներից։ Որևէ սահմանափակում գոյություն չունի, դա միֆ է։ Այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումները ես կանվանեի շահարկում։ Դուք պետք է ուղղակի ինձ հավատաք, դրանք փաստեր են։ Չկա այդպիսի բան»։
Անդրանիկ Քոչարյան․ «Բնականաբար, այստեղ մենք հավաքվել ենք, որ պետք է իրար հավատանք։ Բայց պետք է նաև փաստերը արձանագրվեն, որ այդ հնարավորությունները եղել են, և հնարավոր է եղել իրացնել։ Շատ լավ հասկանում ենք, թե ինչ բարդություններ կան նաև այսօր, նույն այդ ճամբարների դրսևորումներով»։
44–օրյա պատերազմից հետո առաջին հանրային ելույթի հնարավորությունը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի սպասելիքները չարդարացրեց։ Նա ակնկալում էր, որ իր ներկայությամբ նիստը կհետաքրքրի ինչպես խորհրդարանական ընդդիմությանը, այնպես էլ՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին հրավիրված զոհված զինծառայողների ծնողներին։ Վերջիններից հրավիրյալը, պարզվեց, ծառայության մեջ գտնվող ծնող էր, որը չի կարողացել մասնակցել։ Իսկ ընդդիմության կեցվածքը Տոնոյանը այդպես էլ չկարողացավ հասկանալ՝ երկու օր անընդմեջ նրանց դիմելուց հետո։
«Ես գտնում եմ, որ սրանք իրականում պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցեր են։ Կորսված պահ է ամեն դեպքում։ Սա իմ գնահատականն է, ինչպիսի շահարկումներ կշարունակվեն լինել ընդդիմադիրների կողմից»։
Խորհրդարանական ընդդիմությունը անհիմն է համարում պաշտպանության նախկին նախարարի՝ դեռ նախօրեին հնչեցրած պահանջը այլևս չանդրադառնալ իրեն առնչվող գործունեությանը։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը հակադարձում է՝ Դավիթ Տոնոյանը չէ, որ պետք է որոշի ընդդիմության գործելաոճը։ Ընդդիմադիր պատգամավորը հեռակա է հետևել Տոնոյանի ելույթին և համարում է, որ պաշտպանության նախկին նախարարը քննիչ հանձնաժողովում որևէ նորություն չասաց․
«Կես բառ ասում է՝ սա հրապարակային է, սա հրապարակային չէ։ Ամեն ինչ բերում է մի բանի՝ այս հանձնաժողովի բուն, իրական նպատակը ոչ թե բոլոր հանգամանքներն ուսումնասիրելն ու վեր հանելն է, այլ ուղղակի իշխանությանը արդարացնելը։ Հարցերն էլ էին այդ տրամաբանության մեջ։ Չի կարող այն իշխանությունը, որի օրոք տեղի է ունեցել այդ պատերազմը, տապալումը, կործանումը, պարտությունը, ինքը քննի իր գործողությունները և քննելուց հետո էլ տա օբյեկտիվ գնահատական»։
Հանձնաժողովի նախագահն իր հերթին պնդում է՝ բոլոր նախկին և ներկա պաշտոնյաներից լսածները կհամադրեն, կամփոփեն և կկազմեն եզրակացություն՝ դասեր քաղելու, խնդիրները հետագայում չկրկնելու և լուծումներ գտնելու համար։