Վճարեք ու պահանջեք․ բնակիչները դժգոհ են համատիրություններից, համատիրությունները՝ բնակիչներից


Երևանցիները դժգոհ են համատիրությունների աշխատանքից, համատիրությունները՝ բնակիչներից։ Բնակիչների մի մասը չգիտի, թե կոնկրետ ինչով են զբաղվում այս կառույցները, համայնքային նշանակության որ հարցերն են նրանց իրավասությունների ներքո, որոնք՝ ոչ։ Մյուս մասը դրանք «փող հավաքող կառույցներ» է որակում՝ նշելով, թե բնակիչների դռները թակում են այն ժամանակ , երբ գումար գանձելու խնդիր կա։ Համատիրություններն էլ իրենց դժգոհություններն ունեն․բնակիչները պարտադիր վարձավճարները պատշաճ չեն կատարում, իրենք էլ աշխատում են այնքան, ինչքան թույլ են տալիս հնարավորությունները։
Ինչի՞ համար վճարենք
Համատիրությունների աշխատանքից դժգոհ են թե՛ նորակառույցների, թե՛ բազմաբնակարան հին շենքերի բնակիչները։ Այդ դժգոհությունները «Ռադիոլուր»-ը լսել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, օրինակ, կարծիքները տարբեր էին։ Անդրանիկի 114 շենքի բնակիչները դժգոհ էին աղբահանությունից ու շքամուտքերի վիճակից։ Զրուցակիցս այս հասցեում բնակվում է 1984 թվականից է։ Համատիրության գումարը վերջին երկու տարիներին չի վճարել։
«Ինչի համար վճարեմ։ Բազմիցս ասել եմ, թող անեն աշխատանք, ես էլ վճարեմ։ Անգամ մենք ժամանակին լիազոր ունեինք և բոլոր բնակիչներով որոշել էինք համատիրությունից հրաժարվել։ Եկեք մեր համատեղ ուժերով մեր կարիքները հոգանք։ Մեր գումարը դնենք, եթե աշխատանք է պետք անենք։ Բայց այդպես էլ մնաց»։
Զրուցակցիս հետ բարձրանում ենք մուտքի հարկերով։ Շքամուտքն ու առաջին հարկը վերանորոգված են։ Մյուս հարկերը կարգի են բերել բնակիչները՝ ով ինչպես կարողացել է։


«Մուտքերը վերանորոգում էին, բայց կիսատ թողեցին։ Եկեք դրսից նայեք, քանի՞ միագույն պատերով մուտք եք տեսնում։ Միայն առաջին հարկն է համատիրությունը վերանորոգել»։
Այժմ այլ հասցեում ենք ու «բնակիչ-համատիրություն» բանավեճի հակառակ կողմում։ «Էջմիածին» համատիրության նախագահի հետ թերթում ենք համատիրության ֆեյսբուքյան էջը։ Նախագահ Ռազմիկ Ալեքսանյանը հատ առ հատ ցույց է տալիս այս տարի իր ենթակայության տակ գտնվող 42 շենքերում կատարված աշխատանքները։ Ասում է՝ շենքերի պահպանության համար ցանկացած աշխատանք կատարում են և՛ բնակչի պահանջով, և իրենց նախաձեռնությամբ։
«Վարձավճարները կատարելիս, երբ տվյալ շենքի բնակիչները նորմալ վճարում են, ցանկացած աշխատանք բնակչի պահանջով կատարվում է։ Ունենք շենքեր, որտեղ վարձավճարներից շատ են խուսափում, որի պատճառով չենք կարողանում աշխատանքներ իրականացնել։ Մանավանդ հիմա կա մի որոշում, որտեղ տվյալ շենքի վարձավճարները պետք է հավաքել առանձին։ Ամեն մի շենքի բյուջեն առանձին է։ Ամեն մեկինն իր վրա պետք ծախսվի»։
Բայց պետք է բնակիչներն էլ բարեխիղճ լինեն ու կանոնավոր վճարումներ անեն, որ աշխատանքները պատշաճ կատարվեն՝ ասում է Ռազմիկ Ալեքսանյանը։ Անպարտաճանաչ բնակիչներին իրենց պարտավորությունները կատարելու վերաբերյալ պարբերաբար ծանուցումներ ու հիշեցումներ են ստանում։ Լինում են այդ հիշեցումները հաշվի առնողներ, նաև՝ հիշեցման թերթիկները պատռողներ։


«Չեն գիտակցում էլի, որ բնակիչներն իրենք են համատիրության կազմում լինելն ընտրելը։ Հետևաբար, պետք է խղճով մոտենան ամեն ինչին»։
Չվճարեք, չենք աշխատի
Բնակֆոնդի պահպանության համար համատիրություններն անհրաժեշտություն են։ Տարեցտարի շենքերում խնդիրներն ավելանում են, իսկ դրանց կառավարումը դառնում էլ ավելի պարտադիր։ Սակայն հարցերի հարցն այն է, թե որքանով է համատիրությունն այսօր կատարում իր պարտականությունները՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աշոտ Միրզոյանը։ Կարծում է՝ համատիրություններն իրենք բնակիչներին պետք է բացատրեն իրենց կարևորությունը, հետո միայն դժգոհեն անվստահությունից։
«Մարդիկ չհասկացան համատիրության դերը մարդու կյանքում։ Մեծամասնությունը չի պատկերացնում, որ համատիրությունը «ԺԷԿ»-ը չի։ Համատիրությունը պետք է կատարի բնակիչների կամքը։ Համատիրության աշխատակիցները թերանում են իրենց աշխատանքում, որոնք չեն կարողանում իրենց օրենսդրությունը բացատրել»։
Անելիք, ըստ զրուցակցիս, ունեն նաև բնակիչները։ Պետք պահանջատեր լինեն, ոչ թե միայն բողոքեն։ Յուրաքանչյուրի իրավունքն է համատիրություններից պահանջել կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվությունը, ինչը չի արվում։
«Մեր համատիրության օրինակով եմ ասում։ Ես երբ խոսում եմ բնակիչների հետ, վերջիններս ասում են մենք միայն ինչ ասում են վճարում ենք, թե ինչ են անում, կամ ինչ պիտի անեն չգիտենք։Ես փորձում եմ բացատրել, որ այդ վճարումը մենք՝ բնակիչներս, ենք որոշում։ Ժողով պետք է հրավիրենք, մենք պետք է որոշենք կարևորը որն է։ Մարդիկ անգործունություն են ցուցաբերում»։
Ինչպե՞ս են ձևավորվում համատիրությունները, ի՞նչ սկզբունքով են սահմանվում սպասարկման գումարները։ Սրանք էլ նորակառույց շենքերի բնակիչներին հուզող հիմնական հարցերն են։ Այստեղ ամենահաճախը սպասարկման մեծ գումարներից են դժգոհում։ Բնակիչները չգիտեն, թե որոնք են այն պարտադիր ծառայությունները, որոնցից պետք է օգտվի յուրաքանչյուր բնակիչ վճարվող գումարի դիմաց։
Քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը բացատրում է՝ կառավարման մարմինները պետք է ձևավորվեն «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանվում է, որ համատիրությունները կառավարման մարմիններ են, որոնք պետք է ապահովեն շենքի ընդհանուր սեփականության պահպանումը։ Դրանք գանձված վճարների հաշվին պետք է ընդհանուր տարածքների մաքրում, վերանորոգում իրականացնեն, շենքի տեխնիկական վիճակի պարբերական ուսումնասիրություններ անեն։ Կառավարման բարձրագույն մարմինը սեփականատերերի ընդհանուր ժողովն է։ Նորակառույցների համատիրություններում, ի տարբերություն հին շենքերի, ներգրավված են կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, որոնք ավելի տեղեկացված ու իրազեկ են՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։


Նորակառույցներում սպասարկման վճարները տարբեր են։ Օրինակ, մայրաքաղաքում՝ Փոքր կենտրոնում, կարող է սպասարկման գումարն իքս քառակուսի մետրի համար լինել 8000, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ նույն մակերեսի համար 14000 դրամ։ Տանյա Արզումանյանը պարզաբանում է՝ այդ գումարները հավաքվում են բազմաբնակարան շենքերի պահպանման և սպասարկման համար։ Այսպես ասենք, վարձավճարի սակագինը ոչ թե գոտիականությամբ է որոշվում, այլ՝ ծառայությունների ծավալով։
«Ըստ օրենքի՝ տարին 2 անգամ կառավարման մարմինը պետք է իրականացնի շենքի զննում, դրա արդյունքում պարզի այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել։ Դրանցից որոշի, առաջնահերթը ներառի հաջորդ տարվա բյուջեում, կազմի բյուջե, հաստատի։ Պայմանական իքս գումար եթե ձևավորվեց, դա էլ բաժանի տվյալ շենքի սեփականատերերի միջև։ Յուրաքանչուրն ինչքան պետք է վճարի։ Պայմանական եթե շենքից 1000քմ-ից իմ բաժինը 40 քմ-ն է, ես պետք է 40 բաժանած 1000-ի մասնաբաժնով վճարեմ։ Մյուսինը եթե հարյուր է, հարյուրով պետք է վճարեմ»։
Ըստ պաշտոնյայի՝ կառավարման մարմինների մեծ մասն առանց հաշվարկների է սահմանում գումարները՝ դրանք չկապակցելով անելիքի հետ։ Կա նվազագույն աշխատանքների սահմանված շրջանակ, որը պետք է ապահովվի շենքերի պահպանման համար։ Պարտադիր նորմերի մեջ են, օրինակ` կրծողների և միջատների դեմ պայքարը, սանիտարական, ծխատար ուղիների մաքրումն ու կարգավորումը, վերանորոգման աշխատանքների իրականացումը, վթարային բնույթի անսարքությունների վերացումը և այլն։ Սրանց կողքին կան նաև աշխատանքներ, որոնք արդիականացման խնդիրներ են լուծում։ Սրանց դեպքում բնակիչներն են որոշում, թե որ ծառայություններն են ցանկանում ունենալ իրենց կյանքն ավելի հեշտացնելու համար։ Ծառայությունների շրջանակով էլ սահմանվում են գումարները։


«Սրանց դիմաց լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն կառաջանա։ Սրանք աշխատանքներ են, որոնք նվազագույն պարտադիրը չեն, բայց սեփականատերերի ժողովը կորոշի։ Դա իրենք ազատ են ընտրել։ Սեփականատերերի 50+1 ձայների հարաբերակցությամբ պետք է որոշվի յուրաքանչյուր փոփոխություն շենքում»։
Կառավարիչների գործունեությունից դժգոհ քաղաքացիների համար օրենքը մի քանի հնարավոր ելք է նախատեսում։ Մեկը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով պատասխանատվության կանչելն է, որը, ըստ զրուցակցիս, չի իրացվում բավարար չափով։
«Բնակիչները պետք է բողոքեն, վարույթ հարուցվի համայնքի կողմից և վարչական մարմնի նկատմամբ պատասխանատվություն կիրառվի։ Երկրորդը՝ ուղղակի սեփականատերերը կարող են ժողով գումարել և հրաժարվել տվյալ կառավարման մարմնից»։


Համատիրությունների աշխատանքի նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է վարչական շրջանի ղեկավարը։ Պարտադիր նորմերի կատարման վերահսկողության իրավունք ունեն նաև քաղաքաշինական, սանիտարա-համաճարակային և հրդեհային անվտանգության տեսչությունները։
Տարեսկզբին արված օրենսդրական փոփոխություններից մեկով համատիրություններում նախատեսվում է ներառել վերապատրաստված կառավարիչներ։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2025-ի հուլիսի 1-ից։ Մեկ այլ օրենսդրական առաջարկով էլ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է տուգանել համատիրության կարգազանց ղեկավարներին։ Խոսքն այն համատիրությունների մասին է, որոնք օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չեն բացել։

